Ռազմական
Չինական China North Industries Corporation (NORINCO) ընկերությունը վերջին տարիներին ակտիվորեն սկսել է 122 մմ տրամագծով հրթիռների արտադրությունը: Ընկերությունը ներկայումս զբաղվում է խոշոր տրամագծով մարտագլխիկներով հեռահար հրթիռների արտադրությամբ: Հրթիռները նախատեսված են ինչպես Չինաստանի բանակի, այնպես էլ արտասամանյան գնորդների համար:
«Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում` Հովտաշատ գյուղի շրջանում, կարելի է տեսնել աներեւակայելի չափսերի տարօրինակ սարքավորում, որը նման է անսովոր սպիտակ սնկի:
Այդ «սունկը»` «Скала-МПР» ռադիոտեղորոշիչ կայանն է, որն ապահովում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի օդանավերի անվտանգությունը: Եթե ավիացիայում ընդունված է օդանավի սիրտը համարել շարժիչը, ապա, սովորաբար, ռադիոտեղորոշման համակարգի աչքեր են անվանում ալեհավաքը, ինչի շնորհիվ անցյալ դարի 80-ական թվականներին հայ գիտնականների ստեղծած «Скала-МП» ռադիոտեղորոշիչ համակարգը մինչ օրս էլ համապատասխանում է գերժամանակակից պահանջներին:
Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը սպառազինության են վերցրել «Դ» դասի երրորդ ականակիր նավը` «Դայմոնդը»` կառուցված Type 45 նախագծով: Այս դասի առաջին` «Դերինգ», և երկրորդ` «Դոնթլես» նավերը պատրաստ են եղել 2009 և 2010թթ.: Ընդհանուր առմամբ բրիտանական նավատորմը պետք է ստանա Type 45 նախագծի 6 ականակիր նավ մինչև 2013թ. ավարտը: Առաջին երեքին կմիանան «Դրեգոն»-ը, «Դեֆենդեր»-ը և «Դանկան»-ը: Անվանումների սկզբնատառից էլ ծագել է տվյալ դասի անվանումը: Այս նախագծի նավերի արագությունը մինչև 30 հանգույց է, նավարկության հեռավորությունը` 7000 մղոն:
Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը ԱՄՆ ռազմաօդային ուժերին է փոխանցել սերիական արտադրության F-35 Lightning ΙΙ առաջին կործանիչը: AF-7 համարով ինքնաթիռը կցվել է Կալիֆոռնիայի Էդվարդս ռազմաբազային: Առաջին ինքնաթիռը մատակարարվել է պայմանագիրը կնքելուց 10 տարի անց: Ուշագրավն այն է, որ դեռևս պատրաստման փուլում գտնվող կործանիչը զորքեր մատակարարվում է պաշտոնապես սպառազինության վերցնելուց առաջ: F-35-երի առաջին էսկադրիլիան նախատեսվում է սպառազինության վերցնել 2017-2018թթ., իսկ Էդվարդս ավիաբազայում զինված ուժերի գործող օդաչուները կործանիչի ամփոփիչ փորձարկումներ կիրականացնեն:
Թուրքական Aselsan ընկերությունը մշակել է գերմանական Leopard 2A4 մարտական հիմնական տանկի արդիականացման սեփական տարբերակը: Leopard 2NG անվանումը ստացած արդիականացված տանկի վրա կներդրվեն և կուսումնասիրվեն տեխնոլոգիաներ, որոնք հետագայում կկիրառվեն թուրքական Altay նոր տանկի վրա: Ավելի վաղ Aselsan-ը արդիականացրել է ցամաքային զորքերի 171 միավոր Leopard 1 տանկ, ինչն արժեցել է 160 միլիոն դոլար:
ԱՄՆ ռազմաօդային ուժերը ռադիոէլեկտրոնային ճնշման սարքավորումներով հագեցած խցիկի մրցույթ են հայտարարել, որը հնարավոր կլինի տեղադրել անօդաչու սարքի ու մի քանի տեսակի ինքնաթիռների վրա: Զինվորականների պահանջների համաձայն` համակարգը պետք է խափանի հակառակորդի ռադիոկապը, բջջային, ինչպես նաև ինքնաշեն պայթուցիկ սարքերի կապը: Սկզբում այդ խցիկները կտեղադրվեն MQ-9 Reaper Block 5 անօդաչուների, իսկ հետագայում նաև A-10 Thunderbolt ΙΙ գրոհիչների և C-130 Hercules տրանսպորտային ինքնաթիռների վրա: Խցիկի սերիական արտադրությունը պետք է սկսվի 2013թ.:
Չինաստանը ուղղաթիռաձև անօդաչու թռչող ապարատի փորձարկումներ է անցկացրել: 10 րոպե տևողությամբ առաջին թռիչքը համարվել է լիովին հաջողված: Փորձարկման նպատակը V750 ապարատի կառավարելիության ստուգումն էր: Ապարատը կարող է օգտագործվել հետախուզման, դիտարկման, որոնողա-փրկարարական նպատակներով: V750-ը կարող է թռչել մինչև 161 կմ/ժ արագությամբ և մնալ երկնքում չորս ժամ, թռիչքի հեռավորությունը 500 կմ է, առավելագույն բարձրությունը` 3000 մետր: Օգտակար բեռնվածությունը 80 կգ է: Օպերատորը V750-ը կարող է կառավարել մինչև 150 կմ հեռավորությունից, բայց ապարատը կարող է ավելի հեռու թռչել նախապես տրված ծրագրով: