Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

Ավստրալիայում ավարտվել են «MRH-90 Multi Role Helicopter » ուղղաթիռի ամբողջական փորձարկումները, որոնք Ավստրալիայի պաշտպանության նախարար Սթիվեն Սմիթի հրամանով սկսվել էին այս տարվա փետրվարին: Փորձարկումների գլխավոր նպատակն էր ուղղաթիռի մի շարք ինժեներական և տեխնիկական թերությունները վերացնելը: Այս տարի կիրականցվեն լրացուցիչ փորձարկումներ` ստւգելու կատարված փոփոխությունների արդյունավետությունը:

Դանիայի պաշտպանության ձեռքբերումների ու թիկունքային ապահովման կազմակերպությունը «IVER HUITFELDT» դասին պատկանող երեք նոր ֆրեգատների համար «SCANTER 6000» ռադարային համակարգերի գնման պայմանագիր է կնքել «Terma» ընկերության հետ: Ակնկալվում է, որ 2013 թ-ին նոր ֆրեգատները օպերատիվ ծառայության կանցնեն Դանիայի նավատորմում: Ռադարները նախատեսված են պարեկային և փրկարարական խնդիրների լուծման համար: «SCANTER 6000»-ը արդյունավետ է, հատկապես, փոքր օբյեկտների հայտնաբերման ժամանակ, ինչպիսիք են ուղղաթիռները:

«ՄԱՅՐ ԳՈՐԾԱՐՔ»

Հնդկաստանի պաշտպանության նախարարության հայտարարած 126 կործանիչների մատակարարման մրցույթի եզրափակիչ փուլ են դուրս եկել եվրոպական Typhoon-ը և ֆրանսիական Rafale-ը: Eurofighter և Dassault ընկերություններից բացի, մրցույթին մասնակցում էին նաև Boeing, Lockheed Martin, Saab և ՄԻԳ ընկերությունները: Ռուսական կողմը պաշտոնապես հաստատել է, որ իրենց ներկայացրած ՄԻԳ-35 կործանիչը դուրս է մնացել մրցույթից: «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տարածած մամլո հաղորդագրության մեջ ասված է` «ավիացիոն տեխնիկայի մատակարարի ընտրությունը հնդկական կողմի բացառիկ իրավունքն է»:

ԵՐԿՐՈՐԴ ՍՈՒԶԱՆԱՎ ՊԱՏՎԻՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Վերջին քսան տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ ռազմածովային ուժերը կարող են մեկից ավել սուզանավ պատվիրել մեկ տարում` օգտագործելով նոր հաստատված 2011թ. պաշտպանական բյուջեի հատկացրած միջոցները: Երկու սուզանավի կառուցումը կարժենա շուրջ 2,6 միլիարդ դոլար: General Dynamics Electric Boat նավաշինական ընկերությանն արդեն փոխանցվել է 1,2 միլիարդ դոլար՝ «Վիրջինիա» դասի ատոմային սուզանավ կառուցելու համար:

Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի հետ սահմանամերձ երկու կղզիների տարածքում մարտական հրաձգությամբ հրետանային զորավարժություն է անցկացնելու: Ծովային հետևակայինները կրակելու են թնդանոթներից, հաուբիցներից, ականանետներից: Զորավարժության ընթացքին խորհրդականների կարգավիճակով հետևելու են ամերիկյան տասը զինվորականներ:

Պակիստանի Աբբոտաբադ քաղաքում ոչնչացվել է Ալ-Քաիդայի ղեկավար Ուսամա բեն Լադենը: Նա սպանվել է ամերիկյան զինվորականների հատուկ գործողության ժամանակ: Սպանվել են նաև Բեն Լադենի որդիներից մեկը և ուղեկցող անձինք: Ամերիկացիներից ոչ մեկը չի տուժել: Ահաբեկիչը թաքնվել է եռահարկ շինության ներսում`շրջապատված չորսմետրանոց ցանկապատով: Շենք մուտք գործող զինվորներին օդային օժանդակություն է ցույց տրվել, օդում էլ մշտապես երկու անօդաչու թռչող ապարատներ են գտնվել , որոնք Բեն Լադենի փախուստի դեպքում կոչնչացնեին նրան:

ԹԱՐՄԱՑՎԵԼՈՒ Է ԱՎՏՈՊԱՐԿԸ

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունը կարող է հին բեռնատարները փոխարինել նորերով: Փոխարինումը կատարվելու է քաղաքացիական ավտոմեքենաների մասով գործող սխեմայի համաձայն` պաշտպանական գերատեսչությունը հին բեռնատարները կուղարկի գործարաններ և լրավճարից հետո կստանա նորերը: Այդպես զինվորականները կարող են ստանալ շուրջ 6 հազար նոր բեռնատար: Ներկայումս ՌԴ զինված ուժերի ավտոտեխնիկայի շուրջ կեսը շահագործվում է 12-20 տարի: Կան նաև ավելի հին մեքենաներ: