Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ՄՈՍԿՎԱՆ ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴՈՒՄ ՀՐԹԻՌՆԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՎ ԳՈՒՄԱ՟Ր Է ՎԱՏՆՈՒՄ

Նման պնդմամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա հայտարարել է, որ Մոսկվայի կողմից հակահրթիռային պաշտպանության միջոցները խոցելու ունակ հրթիռային համալիրների բացազատման վերաբերյալ հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջացրել դաշնակիցների շրջանում, և որ այն մեծ գումարների անիմաստ վատնում է, քանի որ ուղղված է իրականում գոյություն չունեցող և մտացածին թշնամու դեմ:

ԱՄՆ-ՈՒՄ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՀԵՍՏԸ

Այն գտնվում էր Յուտա նահանգում: Զինապահեստի հրամանատար Մարկ Պոմրոյան խոստովանել է, որ այնտեղ պահվող զինամթերքի ոչնչացումից հետո աշխարհն ավելի անվտանգ է դարձել: Այս զինապահեստում էր պահվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր ԱՄՆ կուտակած քիմիական զենքի մոտ 44 տոկոսը:

ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է «ՆԱՎ-ՈՒՐՎԱԿԱՆ»

Ամերիկյան «Juliet Marine Systems» նավաշինական ընկերությունը ցուցադրել է «Ուրվական» չարագուշակ անվանումը կրող ռազմանավի մշակումը, որի նմանակը չկա ամբողջ աշխարհում:
Արտաքուստ այն հիշեցնում է ականջները կախ շնիկի, մարտական ուղղաթիռի ու արագընթաց նավակի խառնուրդ, իսկ «ականջների» ծայրերին ամրացված են նավի շարժիչները: Մի շարք նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ «Ուրվականը» կարող է դառնալ ամենաարագընթաց լողացող ջրային միջոցը աշխարհում:

ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԻՆՔՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԶԴԸ

Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումները, օգտագործելով ռադիոհաղորդումների որոշակի հաճախականություններ, ինչպես նաև ինտերնետ համացանցը, ձեռնարկում են քարոզչական և հոգեբանական ակտիվ գործողություններ` հիմնված զանգվածների գիտակցության նպատակային կառավարման և նպատակաուղղված ապատեղեկատվության միջոցով այդ գիտակցության մեջ սխալ պատկերացումների ձևավորման եղանակների կիրառման վրա: Հաղորդումներում իրականությունն այնպես է աղավաղվում, որ ունկնդիրն այդ տեղեկույթն ընկալի որպես ինքնին հասկանալի ու ճշմարտացի և գործի ըստ դրա:

ՏԱՆԿ-ՔԱՄԵԼԵՈՆ

Շվեդ մասնագետները ստեղծել են նոր պաշտպանիչ տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս հրասայլին (տանկ) ուղղակիորեն խաբել հակառակորդին և կատարել մարտական առաջադրանքը: Շվեդ մասնագետների խոսքով, այս տեխնոլոգիան հրասայլը վերածում է քամելեոնի, որը կարողանում է ընդունել շրջակա միջավայրի գույնը: Ենթադրվում է, որ ռազմական մեքենան, գտնվելով շարժման մեջ, լիովին անտեսանելի է ինֆրակարմիր տիրույթում, այդպիսով եւ` անհասանելի հակառակորդի հակատանկային միջոցների համար, որոնք ունեն ջերմային ինքնուղղորդող համակարգ: Մասնագետներն այս տեխնոլոգիան անվանել են «Անտեսանելի ծածկոց»:

2012-ԻՆ ԿՓՈՐՁԱՐԿՎԻ 70 ՆՈՐ ԶԻՆԱՏԵՍԱԿ

Փորձարկումները, որոնք երկուսուկես անգամ ավելի են, քան 2011 թվականինը, տեղի կունենան «Կապուստին Յար» զորավարժարանում: Այդ մասին հայտնել է ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի ներկայացուցիչը:
2011 թվականին այստեղ փորձարկվել էր շուրջ 500 հրթիռ, թիրախների, արկերի ու հրթիռային արկերի արձակումների ընթացքում փորձարկվել էր նոր սպառազինության 30 տեսակ:

ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

ՌԴ Հարավային զինվորական օկրուգը առաջինն է, որի կազմում ստեղծվում են հատուկ նշանակության նման ստորաբաժանումներ, որոնցում կծառայի 1.300 դիպուկահար, իսկ այժմ նրանք օկրուգի զորավարժարաններում ու ուսումնավարժական կենտրոններում փորձառու հրահանգիչների ղեկավարությամբ սովորում են գրագետ սարքավորել կրակադիրքերը, լեռնաաշխարհագրական տարբեր տեղանքներում ու մարտական տարբեր իրավիճակներում տեղադրել և կամ հայտնաբերել դարաններ: