Ազգային բանակ
Զորամասերից մեկում հրամանատարական կազմին խնդրում եմ ներկայացնել լավագույն սպաներից մեկին. նրա մասին հոդված պիտի գրեմ: Բոլորն առաջինը նշում են մայոր Հրաչ Պապյանի անունը ու հակիրճ նկարագրում նրան. «Բանիմաց, կարգապահ ու բարեխիղճ զինվորական է: Բոլոր հրամաններն անխտիր կատարում է ճշգրտորեն ու ժամանակին: Ծառայողական պարտականություններն իրականացնում է ամենայն պատասխանատվությամբ: Վայելում է հրամանատարության և զինակից ընկերների վստահությունն ու հարգանքը»:
Փոխգնդապետ Հրայր Չոբանյանի հրամանատարությամբ գործող պայմանագրային գումարտակը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող լավագույն գումարտակ։ Որպես գերազանց ծառայության գնահատանք, տվյալ ոլորտում լավագույն ստորաբաժանմանը տրվող փոխանցիկ պատվադրոշն արդեն մշտական կմնա այս զորամասում։
Այս օրերին ԶՈՒ ուսումնական կենտրոններից մեկում ակտիվ վարժանքներ է իրականացնում հետախուզական ջոկերի ապագա հրամանատարների հերթական հոսքը։ Ամենօրյա հագեցած վարժանքների ընթացքում հնարավորություն է ընձեռվում նկատել սեփական բացթողումները, անդուլ ու քրտնաջան պարապմունքներով շտկել դրանք, հասնել կատարելության։
Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների հետ պարբերաբար անցկացվում են գործնական վարժանքներ, որոնց նպատակը անձնակազմի գիտելիքները զարգացնելն է, գործողություններն ավելի ներդաշնակ դարձնելը: Բանակի մարտունակության ամրապնդմանն ուղղված միջոցառումները զինվորին դարձնում են ավելի պատրաստված, կոփված, փորձառու և ունակ՝ հմտորեն կատարելու հրամանատարության առաջադրած խնդիրները:
Դիրքապահ Հարություն Բաբայանը «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուներից է: Նա պարտադիր զինվորական ծառայության վեց ամիսը լրանալուց հետո ընտրել է ծրագիրը և արդեն ինն ամիս ծառայում է առաջնագծում: Հարությունը ծնունդով Բերդից է: Իրենից մեծ երկու եղբայր ու քույր ունի: