Ազգային բանակ
Մեր երկու որդիները՝ Սարգիս և Սերոբ Մխիթարյանները, վերջերս են զորացրվել: Ծառայել են Աշոտ Մկրտչյանի հրամանատարությամբ գործող դիվիզիոնի մարտկոցներում: Եվ չնայած արդեն տանն են, բայց մտքերով դեռ զորամասում են, սիրով խոսում են հրամանատարի մասին, որի քրտնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծվել է զինվորական մի այնպիսի կուռ անձնակազմ, որտեղ ծառայելը պատիվ է և հպարտություն: Մեր տղաները պատմում են, որ հրամանատարը զինվորի հոգսով, նրա կյանքով ու հաջողություններով ապրող, անմիջական, անկեղծ և մեծ սրտի տեր մարդ է, որ վայելում է զինծառայողների հարգանքն ու վստահությունը:
Հուլիսի 12-ին Վայոց ձորի մարզկենտրոնում հանդիսավորությամբ նշվեց 4-րդ բանակային զորամիավորման կազմավորման 17-րդ տարեդարձը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ- գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ` մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ, թեմի հոգևոր առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր, բանակային զորամիավորումների ու զորամասերի հրամանատարներ, երկրապահներ, ազատամարտիկներ, պատերազմի և աշխատանքի վետերաններ, դպրոցականներ, հյուրեր հանրապետության տարբեր շրջաններից ու մայրաքաղաքից, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մեծ թվով վայոցձորցիներ:
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված ուշագրավ միջոցառումների շարքում հասարակագիտական առարկաների և լեզուների ամբիոնում բացվեց հայոց լեզվի մասնագիտական լսարանը: Ինստիտուտում գործող անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, պարսկերեն, հունարեն, ֆրանսերեն լեզուների լսարաններից այն առանձնանում է իր ինքնատիպությամբ, ուրույն ձևավորմամբ ու ասելիքով:
Զորքերի հետ աշխատելու ավելի քան քսան տարիների ընթացքում բազմաթիվ հետաքրքիր զինվորների եմ հանդիպել, որոնց մեջ քիչ չեն եղել իրենց ուրույն մտածողությամբ, բազմակողմանի գիտելիքներով ու ստեղծագործ աշխատանքով աչքի ընկած տղաները: Այօր էլ զորամասերում կարելի է հանդիպել զարգացած, կազմակերպական տաղանդով օժտված շատ զինվորների, որոնք համարձակորեն մտնում են ծառայության ծանրության տակ և առաջ են տանում ռազմական ուսումնական գործընթացի, մարտական ու հոգեբանական պատրաստականության բեռը՝ վերադասին հավաստելով, որ իրենք, լինելով փոքր ստորաբաժանումների հրամանատարներ, ի վիճակի են ինքնուրույն լուծել մարտական ամենաբարդ խնդիրները:
Զորամասում եմ: Սպասում եմ: Զինվորները տարբեր հարցերով մոտենում են երիտասարդ սպային, ու նա յուրաքանչյուրին բացատրելուց, հանձնարարություն տալուց անընդհատ «Ցավդ տանեմ» է ասում: Եվ այնքան անմիջական, ու այնքան բնական է հնչում նրա այդ արտահայտությունը… Պարզվում է` գումարտակի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, մայոր Նազարեթ Հովհաննիսյանն է: Երեսունն անց սպան ինձ զարմացրեց զինվորների հետ իր անկեղծ, մտերմիկ, ընկերական ու ջերմ շփումով: Սպաներից մեկն ինձ ասաց. «Նազարեթը բոլորին վերաբերվում է հարազատի պես: Զինվորի ծննդյան օրը շնորհավորելիս շարքի առաջ ճակատը կհամբուրի, տուն ուղարկելիս կհուզվի»: Եվ ես հասկացա, որ «ճիշտ հետքի» վրա եմ, այսինքն` գտել եմ հենց այն սպային, որի մասին գրելու համար էլ եկել-հասել էի գնդապետ Արտակ Տոնոյանի հրամանատարությամբ գործող զորամաս: Սպան դեռ շարունակում էր ընկերոջը գովել. «Նա իր գործի մեջ սիրտ ու հոգի է դնում, ամեն զինվորի հետ տխրում և ուրախանում է. ի՞նչ կարող ես անել, այդպիսին է նրա մարդկային էությունը…»:
Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերում ու մարտական հենակետերում:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է հենակետերում դիրքապահների ծառայության պայմաններին, հետևել է զորամասերում ընթացող կապիտալ շինարարական աշխատանքներին: Սեյրան Օհանյանը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, խրախուսել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած և կարգապահ զինծառայողներին: Զորամասերի հրամանատարական կազմին տրվել են համապատասխան ցուցումներ, հանձնարարվել է սեղմ ժամանակահատվածում շտկել արձանագրված բացթողումները:
Զինվո՛ր, եղիր միշտ տոկուն, ջանասեր ու համառ ուսումնական շրջանի դժվարությունները հաղթահարելու գործում։ Հիշի՛ր, որ միայն քրտնաջան պարապմունքներով է հնարավոր ապահովել հաջողությունը թե՛ թիկունքում, թե՛ մարտի դաշտում։ Թող քո ռազմական հմտությունները լավագույնս դրսևորվեն խաղաղ պայմաններում՝ զորավարժարաններում, որպեսզի, հարկ եղածին պես, հաղթանակով հատուցվի մարտի դաշտում։