Ազգային բանակ
2013թ. ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության մարզական միջոցառումների պլանի համաձայն՝ հունվարի 23-ին ֆիզիկական պատրաստության պետերի մասնակցությամբ կանցկացվի կենտրոնական մարզական խորհրդի նիստ, որի ժամանակ կամփոփվեն 2012թ. ընթացքում կատարված աշխատանքները, և կտրվեն կազմակերպական ցուցումներ 2013թ. նախատեսվող միջոցառումների վերաբերյալ:
Հունվարի 25-ին ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունում տեղի կունենա հունվար ամսվա ընթացքում վարչությունում կատարված աշխատանքների ամփոփում և փետրվար ամսվա ընթացքում պլանավորված միջոցառումների հստակեցում ու նոր խնդիրների առաջադրում:
2013թ. հունվար ամսվա ընթացքում ԶՈՒ մարտական պատրաստության վարչության ենթակա զորամասերում կանցկացվեն մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ, որոնց ընթացքում մեկ անգամ ևս կամրապնդվի զորամասերի անձնակազմերի ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը զորամասը մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի բերման ժամանակ:
Զինված ուժերում հազվադեպ է լինում, երբ զորատեսակի մեջ որևէ զորամաս չորս անգամ ճանաչվի լավագույնը։ Ուսումնական զորամասերի շարքում այս էլ չորրորդ տարին նման բարձր պատվի է արժանանում գնդապետ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասը՝ ընդմիշտ տիրանալով փոխանցիկ պատվո դրոշին։ Հարկ է նշել՝ ինչ գնդապետ Ա. Հարությունյանն ստանձնեց զորամասի հրամանատարությունը, զորամասը կտրուկ բռնեց վերելքի ուղին։ Առհասարակ, երբ առաջին անգամ են ճանաչվում լավագույնը, գրանցված արդյունքը, սովորաբար, վերագրվում է նոր նշանակված հրամանատարի մեկնարկային եռանդին՝ ամեն գնով բանակի ղեկավարության վստահությունը արդարացնելու ցանկությանը։ Իսկ ահա տվյալ զորամասի ձեռքբերումներն ամենևին էլ չի կարելի պատահականություն համարել, քանզի չորս անգամ անընդմեջ լավագույնը ճանաչվելը փաստում է, որ զինվորական այս մեծ ընտանիքում և՛ հրամանատարն է իր տեղում, և՛ տեղակալները, և՛ բոլոր մեծ ու փոքր ստորաբաժանումների հրամանատարները։
Ժողովուրդն ասում է՝ մարդուն լավ ճանաչելու համար հետը մի փութ աղ պետք է ուտես։ Իհարկե, անմտություն կլիներ ժողովրդական այս իմաստնությունը, որ դարերի խորքից է գալիս, վիճարկել։ Բայց և պատահում է, որ ծանոթության առաջին իսկ վայրկյանները, առաջին իսկ շփումները, խոսքերը թույլ են տալիս եթե ոչ խորապես ճանաչելու, ապա գոնե իմանալու, թե ում հետ գործ ունես…
Հայկական բանակի 20-րդ տարեդարձին նվիրված շքերթի շատ մանրամասներ թերևս արդեն մոռացվել են, բայց դեռ երկար կհիշվի պատվո պահակախմբի տղաների մարտական զենքով ներկայացրած զինվորական այն գեղեցիկ ներկայացում-ցուցադրությունը, որը աշխարհում հայտնի է «Դեֆիլե» անվամբ։ Մեզ անծանոթ այս եզրը հայերեն թարգմանվում է շարանցում, որը թերևս լիարժեքորեն չի արտահայտում զինվորական փոքրիկ «ներկայացման» ողջ դիտարժանությունը, որն իր կատարման բարդությամբ ու գեղեցկությամբ, փայլուն ռիթմով հիացմունքի ու ցնծության բազում խոսքեր պոկեց մարդկանց սրտից ու հոգուց։ Եվ չես կարողանում հավատալ, որ մարտական զենքով ճարպիկ հնարքներ կատարողներն ընդամենը ժամկետային զինվորներ են։
Ամանորն ու Սուրբ Ծննդյան տոնը հավուր պատշաճի նշվեցին նաև գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման բոլոր ստորաբաժանումներում: Զորամիավորման ենթակա զորամասերում, գումարտակներում և դիվիզիոններում Ամանորի գիշերը տիրում էր տոնական տրամադրություն. հանգստի սենյակներում վառվում էին լույսերով ողողված, զարդարուն տոնածառերը, գեղեցիկ սփռոցների վրա տոնական սեղաններ էին բացվել, հրաշալի կազմակերպված ամանորյա զվարթ միջոցառումների շարքը հաջորդում էր մեկը մյուսին, ուրախացնում զինծառայողներին, նրանց սրտերը լցնում օջախի ջերմությամբ, քաղցրությամբ ու սիրով: Ամանորի հուզիչ ակորդները հասել էին մինչև սահմաններ: