Ազգային բանակ
Ենթասպա Գայանե Գրիգորյանը ծնունդով Ապարանից է՝ օժտված ապարանցիներին բնորոշ հատկանիշներով ու բնավորության գծերով՝ թասիբով, հայրենասեր, ինչ-որ տեղ տղամարդուն վայել հաստատակամությամբ, համարձակ եւ, իհարկե, հումորի զգացումով։ Նա 1991թ. ավարտել է Երևանի ֆիզմաթ թեքումով միջնակարգ դպրոցը և ընդունվել ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետ։ Ավարտելուց հետո աշխատել է պետստանդարտում, իսկ վերջին հինգ տարիներին ազգային բանակում է։ Ծառայությունն սկսել է առաջնագծի պահպանություն իրականացնող զորամիավորման շտաբում, իսկ 2010-ին տեղափոխվել է ինժեներասակրավորային զորամասի շտաբի շարային մաս։
Գնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասի շարահրապարակում նախաճաշից հետո սկսված պարապմունքը շարունակվում էր։ Առաջին իսկ հայացքից հասկացանք, որ զինվորները նորակոչիկներ են. եթե առանձին ստորաբաժանումներում արդեն բավական վարժ էին ստացվում քայլքը, շարժումներն ու շրջադարձերը, ապա որոշներում դեռևս ճիշտ չէին պահում ոտքը, շփոթվում էին, գցում շարքի ռիթմը։ Պարապմունքի ընթացքին հետևում էր ուսումնական գումարտակի հրամանատար փոխգնդապետ Կարեն Անդրեասյանը։
Մայոր Հակոբ Գևորգյանը գնդապետ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասի դիվիզիոններից մեկի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն է։ Նա ծնվել է Կոտայքի մարզի Մրգաշատ գյուղում։ Ավարտել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը և ընդունվել Ռուսաստանի Դաշնության հրետանային համալսարաններից մեկը։ Երկրորդ կուրսից դիմել է համալսարանի ղեկավարությանը՝ զինվորական կրթությանը զուգահեռ նույն քաղաքի մեկ այլ բուհում սովորելու խնդրանքով։ Հաշվի առնելով կուրսանտի գերազանց առաջադիմությունը՝ համալսարանի ղեկավարությունն ընդառաջել է նրան, և Հակոբն ընդունվել է նույն քաղաքի պետական տեխնոլոգիական համալսարանի հոգեբանության ֆակուլտետ։
Ուսումնական տարվա վերջն ինչպես մարտական զորամասերի ու զորատեսակների, այնպես էլ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության համար յուրօրինակ հաշվետվության ժամանակաշրջան է։ Բոլորովին վերջերս հրթիռահրետանային զորամասերից մեկի 33 զինծառայողների հանձնվեցին նորակառույց ծառայողական բնակարաններ, իսկ դեկտեմբերի 5-ին շահագործման հանձնվեցին գնդապետ Բ. Մաթևոսյանի հրամանատարությամբ գործող զորամասի համար կառուցված նոր ճաշարանը (ինչը շատ կարևոր էր մինչ այդ զինավանի միակ ճաշարանի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար), ինչպես նաև՝ գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող ՀՕՊ զորամասի մարտական դիվիզիոններից մեկի շտաբը, զորանոցը, ճաշարանը, կաթսայատունը, շարահրապարակը, մարզավանը։ Եթե այս ամենին էլ ավելացնենք նորակառույց անցագրային կետն ու ցանկապատը, նորոգված կրակային դիրքերը, հրամանատարական կետը և դիվիզիոն տանող ճանապարհի գրունտապատումը, ապա կարելի է ասել՝ դիվիզիոնն ամբողջովին թարմացվել-նորացվել է։
Դեկտեմբերի հինգին գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող ՀՕՊ զորամասի դիվիզիոններից մեկի նորակառույց շինությունների շահագործման արարողության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՕՊ զորքերն ազգային բանակի օրինակելի ստորաբաժանումներն են։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի վեցին, ներկա գտնվելով նույն զորամասի լավագույն, փոխգնդապետ Վ. Հակոբյանի հրամանատարությամբ գործող դիվիզիոնի ամփոփիչ քննություններին, մեկ անգամ ևս համոզվեցինք, որ զորատեսակին նախարարի տված գնահատականը լիովին հիմնավորված է։
Երբ զորամասերից մեկում ցանկություն հայտնեցինք զրուցելու դասակի երիտասարդ հրամանատարներից մեկի հետ, զորամասի հրամանատարի տեղակալը, սպաներից շատերը միաբերան նշեցին կապիտան Մինասյանի անունը: Մինչև կապիտանի հետ հանդիպելը նրա մասին որոշակի պատկերացում արդեն կազմել էինք ծառայակիցների պատմածից` հաղթանդամ, կիրթ, գրագետ, հայ սպային վայել վարքականոններին հետևելու շնորհիվ ընկերների հարգանքը վայելող զինվորական: