Ազգային բանակ
ՀՀ զինված ուժերի ռազմական հետախուզությունը 30 տարեկան է: Ամենամարտունակն ու կազմակերպվածը համարվող, զինված ուժերի կազմում առանձնահատուկ դերակատարում ունեցող հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները պատրաստվում, մասնագիտորեն կատարելագործվում են ամեն օր՝ գիշեր ու ցերեկ:
Շարահրապարակում «Պատիվ ունեմ» ծրագրով բանակը համալրող տղաներն են։ Նրանց առջև հպարտ ծնողներն են ու հարազատները։ Երկուսուկես տարի քաղաքացիական բուհերում ուսմանը զուգահեռ նրանք կոփվել, յուրացրել են ռազմական գործը։
Զորամասի վարժադաշտում մարտական հրաձգության նախապատրաստական փուլն է։ Հրետանու կրակի ղեկավարման սարքերով հաշվարկ կատարող մասնագետները ճշգրտում են կոորդինատները, որոշում նշանակետերը և տվյալները փոխանցում մարտական հաշվարկներին։
Օրերս ուսումնական զորամասերից մեկում ներկա էինք կարգացուցակով նախատեսված հերթական դասաժամին: Կուրսանտները սովորում էին զենքով վարժաձևերը ճիշտ և հստակ կատարելու կարգը, քայլերի հաջորդականությունը։ Առայժմ շարքային, իսկ մի քանի ամսից որպես սերժանտներ նրանք զորքերում ստանձնելու են կրտսեր հրամանատարի պարտականությունները:
Հրետանային մարտկոցի անձնակազմը դաշտային պայմաններում անցկացնում է գործնական պարապմունքներ, կատարելագործում ուսումնական փուլի ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները, հղկվում են Դ-20 հրետանային միջոցի կառավարման, թիրախի նշանառման, անվտանգ ու ճշգրիտ կրակ վարելու մասնագիտական հմտությունները։
ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին: Հավաքներին ներգրավվել են պահեստազորայիններ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:
44-օրյա պատերազմի թոհուբոհի միջով անցած Արսեն Զաքարյանը ուսանում է ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի երկրորդ կուրսում, կապավոր է:
-Մանկուց երազում էի զինվորական դառնալ, հորեղբայրս ու եղբայրս էլ զինվորականներ են, ինձ գրավում էր համազգեստը, ուսադիրների աստղերի փայլը… Տարիներ հետո միայն հասկացա, որ այդ փայլփլուն ուսադիրների հետևում որքան տքնանք կա, նվիրում, բազում դժվարություններ, պատասխանատվություն ու… ցավագին կորուստներ: