Ազգային բանակ
Զինված ուժերում անցկացվել է զինծառայողների ատեստավորման գործընթացի հերթական փուլը: Տարբեր զորատեսակներ ներկայացնող անձնակազմները քննություններ են հանձնել կրակային, ֆիզիկական, շարային պատրաստություն առարկաներից, ինչպես նաև թեստերի միջոցով ստուգվել է նրանց մասնագիտական գիտելիքների ու գործառութային պարտականությունների իմացության մակարդակը:
Զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկում «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն ընտրած ժամկետայինները պատրաստվում են ատեստավորման քննություններին։ Ընթանում է զինծառայողների ամենօրյա պատրաստությունը, փորձի փոխանակումն ու հմտությունների կատարելագործումը:
Գնդապետ Արթուր Մկրտչյանը արդեն 28 տարի ծառայում է ՀՀ զինված ուժերում։ Ավարտել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան (այն ժամանակ՝ ինստիտուտ), գերազանցությամբ սովորել է նաև ՌԴ ռազմահրետանային ակադեմիայում: Ծառայողական տարիների մեծ մասն անցկացրել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում: Մարտական գործողությունների մասնակից է, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր։ Ներկայումս գնդապետը Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սպաների որակավորման կենտրոնի պետն է, զորքերում ձեռք բերած իր հարուստ փորձը ներդնում է ռազմական կրթության ոլորտում։ Իր օրինակով է ցույց տալիս, թե որքան կարևոր է ինքնակատարելագործման ձգտումը։ Վերջերս գնդապետ Մկրտչյանը մասնակցել է ատեստավորման քննություններին, բոլոր առարկաներից ստացել է «գերազանց» գնահատական։
Զինված ուժերում բարեփոխումները շարունակվում են տարբեր ուղղություններով: Նպատակը մեկն է՝ հարմարավետ պայմաններ և նոր հնարավորություններ ստեղծելով ավելի գրավիչ դարձնել ծառայության հեռանկարը ռազմական ոլորտում: Բարեփոխումների շարքում պակաս կարևոր չէ նաև ճաշարանային պայմանների արդիականացումը՝ թարմացված ճաշացանկով: Օրեր առաջ զորամասերից մեկում շահագործման հանձնվեց նոր ճաշարան:
Հայկական բանակի զինվոր Սողոմոն Շաբոյանը 5 եղբայր և 8 քույր ունի: Ավագ եղբայրները կատարել են զինվորական պարտքը, կրտսերները սպասում են իրենց հերթին: Շաբոյանների ընտանիքում բոլորը գիտեն, որ տղամարդու կյանքի ուղին պիտի անցնի բանակով:
-Տղան իր ամբողջ կյանքում մի քանի պարտականություն ունի, որոնք պարտադիր պիտի կատարի,- ասում է Սողոմոնը,- պիտի դպրոց գնա, ծառայի բանակում, մասնագիտություն սովորի, աշխատի, բարեկեցություն ապահովի ծնողների, կնոջ ու երեխաների համար:
Զինվորական համազգեստով է, քիչ առաջ է հայրենիքը անձնվիրաբար պաշտպանելու, Հայրենիքի համար կյանքը չխնայելու հանդիսավոր երդում տվել: Դեմքը ժպտուն է, աչքերը պայծառ են:
Կանանց ներգրավվածությունը զինված ուժերում շարունակում է ընդլայնվել: Նրանք իրենց ամենօրյա ծառայությամբ նպաստում են բանակի մարտունակության ամրապնդմանը, տղաներին հավասար կատարում են ցանկացած խնդիր թե՛ զորամասում, թե՛ մարտական դիրքերում: