Նորություններ
2012թ. զորատեսակում սպառազինության կընդունվեն առաջին «Небо-М» ռադիոտեղորոշման շարժական նոր կայանքները: Արդեն հաջողությամբ են ավարտվել աշխարհում նմանը չունեցող և միջին ու մեծ բարձրություններում բազմատեսակ կիրառման համար նախատեսված այս եզակի կայանքների պետական փորձարկումները:
Նոր կայանքը նախատեսված է եթերային բարդ խաթարումների պայմաններում քիչ տեսանելի աերոդինամիկական կամ հիպերձայնային նշանակետերի հայտնաբերման, ինչպես նաև խոցման միջին ու մեծ հեռահարություն ունեցող զենիթային հրթիռային համալիրներին տեղեկատվության տրամադրման համար:
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հակաբունկերային նոր ռումբ են սպառազինության վերցրել` 13,6 տոննա ընդհանուր քաշով: Ռումբը պարունակում է շուրջ 2,5 տոննա պայթուցիկ նյութեր և առաջին հերթին նախատեսված է մասսայական ոչնչացման զենքի ստորգետնյա ամրացված պահեստները ոչնչացնելու համար:
Նոր ռումբի երկարությունը 6 մետր է, երկաթբետոնե շերտի մեջ ներթափանցման խորությունը 60.9 մետր է, ինչը 10 անգամ գերազանցում է այսօր նույն նպատակներով կիրառվող GBU-28 ռումբերի ցուցանիշները:
Արաբական պետությունների լիգան երեք օր ժամանակ է տվել Սիրիայի ղեկավարությանը բնակչության դեմ բռնությունները դադարեցնելու համար, հակառակ դեպքում պետության դեմ կկիրառվեն տնտեսական պատժամիջոցներ:
Կազմակերպության` Մարոկկոյում անցկացված նիստից հետո այդ մասին հայտարարել է Քաթարի վարչապետ շեյխ Համադ բին Ջասեմ ալ Թանին: Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները նա որակել է արյունալի բռնաճնշումներ` ընդգծելով, որ երկրի զեկավարությունը չափն անցել է:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան նամակ է ուղարկել հանրապետական երկու սենատորների` Ջոն Մաքքեյնին և Լինդսի Գրեմին, որով խնդրել է օգտագործել հնարավոր բոլոր միջոցները` Պենտագոնի բյուջեի ոչ պլանային կրճատումներ թույլ չտալու համար:
Պանետտան նշել է, որ Կոնգրեսի հատուկ հանձնաժողովը մշակում է դաշնային բյուջեն առաջիկա տասը տարիներին 1,2 տրիլիոն դոլարով կրճատելու ծրագիր, և եթե մինչև նոյեմբերի 23-ը այդ հանձնաժողովը որոշում չընդունի, կրճատումների մի մասը ինքնաբերաբար բաժին կհասնի պաշտպանության նախարարությանը:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել է, որ Թեհրանի մերձակայքում գտնվող ռազմաբազայում պայթյունը տեղի է ունեցել նոր զինատեսակի փորձարկումների ժամանակ: Այդ զենքով Իրանը պատրաստվում է անհրաժեշտության դեպքում հարվածներ հասցնել Իսրայելին:
Ֆիրուզաբադին նոր զենքի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել, միայն նշել է, որ փորձարկումների արդյունքները Իսրայելի համար շատ տխուր հետևանքների կարող են հանգեցնել: Միևնույն ժամանակ նա կրկին բացառել է ԱՄՆ կամ Իսրայելի դիվերսիոն ուժերի կողմից պայթյունն իրականացնելու վարկածը:
Բազմաթիվ փորձագետներ միանգամայն իրական են համարում լիբիական հեղափոխությունն Ալժիր արտահանելու վերաբերյալ սպառնալիքները, որ հնչեցնում են Լիբիայում փաստացի տեր ու տնօրինություն անող իսլամական զինված խմբավորումները: Վերջիններս պնդում են, որ Ալժիրի զինված ուժերի հրամանատարությունը կամովին չի հանձնի իշխանությունը, իսկ երկրի նախագահ Բուտեֆլիկան լոկ խաղալիք է նրանց ձեռքում: Լիբիական որոշ զինված կազմավորումների ղեկավարներ համոզված են, որ հարևան երկրում ընթանում են հեղափոխական խմորումներ, և դրանց աջակցելու նպատակով հրապարակայնորեն անգամ խոսում են արդեն նոյեմբերին հարձակում սկսելու մասին:
Արձակուրդում գտնվող բոլոր մարտիկները վերադառնում են, իսկ կազմակերպությունը հայտարարել է հազարավոր աշխարհազորայինների իր շարքերն ընդունելու մասին: Բոլորի համար հայտարարվել է պատրաստականության երկրորդ աստիճան, որի դեպքում բոլոր գրոհայինները հրամանը ստանալուց 12 ժամ անց կարող են սկսել մարտական գործողություններ: