Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԼԻԲԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԻԳԵՐԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՔԱԴԱՖԻԻ ՈՐԴԻՆԵՐԻՆ

Լիբիայի ազգային անցումային խորհուրդը Նիգերիայի իշխանություններից պահանջել է վերանայել թշնամական որոշումը և Լիբիային հանձնել Քադաֆիի որդուն` Սաադիին, ում Նիգերիայի իշխանությունները քաղաքական ապաստան են տրամադրել: Խորհրդի ղեկավարի տեղակալ Աբդելհաֆիզ Խոջան հայտարարել է, որ Նիգերիան չպետք է ապաստան դառնա հանցագործների համար:

ԹՈՒՐՔԻԱՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՍԻՐԻԱ

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը հայտարարել է, որ Սիրիայում արյունահեղությունը չդադարեցնելու դեպքում Անկարան ստիպված կլինի դիմել այդ քայլին, իսկ մինչ այդ սառեցնում է Սիրիայում նավթահանքերի յուրացման խոշոր ծրագիրը:
Փորձագետների պնդմամբ, Անկարայի նման որոշումը իրագործվելու դեպքում լուրջ ազդեցություն չի ունենա Սիրիայի էներգաապահովման վրա, քանի որ բացի սեփական էլեկտրակայանների արտադրանքից, Սիրիան էլեկտրաէներգիա է ստանում նաև Հորդանանից ու Լիբանանից:

ՕԲԱՄԱՆ ԱԿԱՄԱ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ

ԱՄՆ-ում զենքի ազատ վաճառքի սահմանափակման վերաբերյալ երկրի նախագահի մտադրությունների հրապարակումից հետո հրազենի վաճառքի ծավալները տարեսկզբից ավելացել են 39, իսկ զենք գնելու իրավունք ստանալու դիմումների թիվը` 42 տոկոսով:
Անգամ տատանվողները փորձում են օր առաջ զենք գնել` զգուշանալով հնարավոր սահմանափակումներից: Զինավաճառները կատակում են, թե ԱՄՆ նախագահն իր նախաձեռնությամբ ակամա ապահովեց զենքի արդյունաբերության գովազդային լավագույն արշավը:

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՓՈՐՁԱՐԿԵԼ Է ՆՈՐ ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌ

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գործողության 3.000 կմ շառավիղ ունեցող միջին հեռահարության «Ագնի-4» հրթիռը շարժական կայանքից արձակվելուց հետո 20 րոպե գտնվել է թռիչքի ռեժիմում, ապա մեծ ճշգրտությամբ խոցել է Բենգալյան ծովի կղզիներից մեկում գտնվող նշանակետը:
Նոր հրթիռը միջանկյալ տեղ է գրավում «Ագնի-2» և «Ագնի-3» հրթիռների միջև, որոնք նախատեսված են համապատասխանաբար 2 և 3,5 հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող նշանակետերի ոչնչացման համար:

ԳԱԶԱՅՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Իսրայելի օդուժի կողմից Գազայի հատվածին հասցված հրթիռային հարվածի արդյունքում տուժել են Ֆրանսիայի հյուպատոսը, նրա կինը և 13-ամյա դուստրը: Պայթյունը տեղի է ունեցել նրանց բնակության վայրից 200 մետր հեռավորության վրա, բոլորն էլ վիրավորվել են հրթիռի բեկորներից:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի քարտուղարը: Նա նաև հայտնել է, որ միջադեպի առնչությամբ Փարիզը կապ է պահպանում Իսրայելի իշխանությունների հետ, սակայն չի հստակեցրել, թե Թել Ավիվն արդյո՞ք ներողություն կխնդրի կատարվածի համար:

ԲԱՔՎՈՒՄ ՑՐԵԼ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԸ

Բաքվի ոստիկանության` քաղաքացիական հագուստով աշխատակիցները ցրել են ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական թևերի մոտ երեսուն ներկայացուցիչների` քաղաքապետարանի առջև նախատեսված բողոքի ելույթը` նրանց չթույլատրելով անգամ մոտենալ քաղաքապետարանի շենքին:
Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել տարեսկզբից մինչ օրս ձերբակալված իրենց երկու տասնյակ համախոհներին և թույլատրել բողոքի ակցիաների անցկացումը: Ցույցը, ավելի ճիշտ, ցույցի փորձը համընկավ ԵՄ արտաքին քաղաքականության գծով գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի` Ադրբեջան կատարած այցի հետ:

ԿԱՄՔ, ՈՒԺ, ԱՐԻՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 5-ին` Հետախույզի օրը, զորատեսակի մասնագիտական տոնի կապակցությամբ պաշտպանության նախարարությունում անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որին մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներ, բազմաթիվ հյուրեր: Սկզբում հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները նախարարին և բոլոր հյուրերին ներկայացրին հետախույզների զինանոցում առկա զենքերը` միջին և մեծ հեռահարության դիպուկահար հրացաններ, տարատեսակ սառը զենք և այլն, ապա նաև` օգտագործվող հանդերձանքը, կապի և դիտարկման մասնագիտական միջոցները, հետախուզական և հատուկ նշանակության խմբերի արագ տեղաշարժման համար նախատեսված բարձր անցանելիության տրանսպորտային միջոցները: