Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԻՏԱԼԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ Է ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իտալական IVECO ընկերությունից կգնի 1,5-1,7 հազար LMV M65 Lynx զրահամեքենա: Յուրաքանչյուր զրահամեքենայի գինը կկազմի 300-500 հազար դոլար` կախված մոդիֆիկացիայի առանձնահատկություններից: Ռուսական կողմը կստանա նաև շարժիչների և մի քանի բաղադրամասերի արտադրության տեխնոլոգիաները:

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՌՈՒՍԱԿԱՆ «ՍՄԵՐՉ» ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻՑ

Defense News գործակալությունը հայտնել է, որ Հնդկաստանը բողոք է ներկայացրել Ռուսաստանին նախկինում մատակարարված «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքների որակի, մասնավորապես կրակի կառավարման համակարգերում առկա անսարքությունների վերաբերյալ: Բացի այդ, հնդկական կողմը դժվարություններ է ունեցել ռուսական արտադրության սպառազինության համար պահեստամասեր ձեռք բերելու հարցում:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱՆԱՎԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԲԻՈՎԱՌԵԼԻՔԻ

ԱՄՆ ռազմածովային ուժերը «Փոլ Ֆոսթեր» ականակիր նավը նախապատրաստում են դիզելային և բիովառելիքի խառնուրդով նավարկելուն: Ռազմանավը իր մշտական տեղակայման վայրից պետք է փորձնական նավարկություն կատարի Կալիֆոռնիայում գտնվող ռազմական բազաներից մեկը` անցնելով շուրջ 343 կմ: Նավարկելիս ջրիմուռների մշակումից ստացված բիովառելիք կօգտագործվի նավի գազատուրբինային 4 շարժիչներից միայն մեկում:

ՆԱՏՕ-Ի ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ ԲԱԼԹԻԿ ԾՈՎԻ ՎՐԱ ՕԴԱՅԻՆ ՄԱՐՏ ԿՆՄԱՆԱԿԵՆ

Նոյեմբերի վերջին Բալթյան պետություններում կանցկացվեն Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմաօդային ուժերի թվով տասներորդ վարժանքները, որոնց կմասնակցեն Դանիայի, Լիտվայի, ԱՄՆ-ի ու Լեհաստանի ռազմաօդային ուժերի ինը կործանիչ, մեկական գրոհային ու լիցքավորող ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ:
Լիտվայի ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ վարժանքները հերթական անգամ կցուցադրեն Բալթյան պետությունների ու Դաշինքի իրենց գործընկերների միասնականությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կողմից հավաքական անվտանգության ապահովման ասպարեզում ստանձնած պարտականությունների կատարումը։

ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԶԻՆԱՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ

Շաբաթ օրը մի քանի պայթյուն է որոտացել Բուլղարիայի Սեվլիեվո քաղաքի մերձակայքում գտնվող նախկին բանակային զինապահեստներում, որոնք այժմ մի մասնավոր ընկերության սեփականությունն են: Զինապահեստներում, որտեղ պայթյունները չեն դադարում, պահվում է շուրջ 3.000 միավոր ժամկետանց զինմթերք: Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնի է միայն, որ աղետի շրջանում իրականացվում է բնակչության տարհանում:

ԱՐՅՈՒՆԱԼԻ ՆՈՐ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ

Յոթ մարդ, որոնց թվում հինգ ոստիկան է զոհվել երկրի հարավում գտնվող Տարազ քաղաքում զենքի խանութի վրա իսլամ ահաբեկչի իրականացրած հարձակման և դրան հետևած փոխհրաձգության հետեւանքով, որից հետո ոստիկաններից հետապնդվող վիրավոր ահաբեկիչը պայեցրել է ինքն իրեն` հետապնդման ընթացքում հասցնելով ՌՊԳ-26 հակատանկային նռնականետից ու ավտոմատ զենքից մի քանի կրակոց արձակել պետանվտանգության կոմիտեի մարզային բաժանմունքի ուղղությամբ:

ՊԵՆՏԱԳՈՆԸ ՄՇԱԿԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻՆ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Համաձայն ամերիկյան մամուլի հաղորդած տեղեկությունների, «սառը պատերազմ» հիշեցնող այս ծրագրի հիմնական դերակատարներն են ԱՄՆ ռազմաօդային ու ռազմածովային ուժերը, ծովային հետևակը, հակաարբանյակային ու կիբեռնետիկ պայքարի միջոցները, սուզանավերը, անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև ավիակիրներին հարվածելու համար նախատեսված հեռահար հրթիռները, որոնց միջոցով պետք է զսպվեն Չինաստանի զինված ուժերի շարունակական հզորացմամբ ու արդիականացմամբ պայմանավորված վտանգները: