Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՄՆ-Ը ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է ԻՐԱՆԻՆ ՀԱՍՑՎԵԼԻՔ ՀԱՐՎԱԾԻ ԱՆԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Վաշինգտոնում հրավիրված մամուլի ասուլիսում ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պաննետան հայտարարել է, որ հասցվելիք որևէ հարված ի զորու չէ Թեհրանին ստիպել հրաժարվել իր միջուկային ծրագրից, փոխարենը, սակայն, տարածաշրջանի համար կունենա անչափ լուրջ հետևանքներ:
Պաննետայի այս խոստովանությանը նախորդել էին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խոմեյնիի և երկրի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության հայտարարությունները, թե Իրանին հարվածելու յուրաքանչյուր փորձին ծանր հակահարված կհետևի:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԶԵՆՔՈՎ ԿՊԱՇՏՊԱՆԻ ԻՐ ՇԱՀԵՐՆ ԱՐԿՏԻԿԱՅՈՒՄ

Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը` հավելելով, որ հակառակ դեպքում այնտեղ տեր ու տնօրինություն կանեն այլ պետություններ: Թեև Արկտիկան անմիջականորեն հարում է Ռուսաստանին, իսկ Հյուսիսային Սառուցյալ օվիանոսը միջազգային-իրավական տեսանկյունից իրենց ափերը ողողող ծով է, աշխարհագրական տեսանկյունից էլ` Ռուսաստանի ծովային տարածքը, Մոսկվան զարմացած է, որ արտատարածաշրջանային և, ընդհանրապես, աշխարհի մյուս ծայրում գտնվող պետությունները պատրաստվում են խոշոր ներդրումներ կատարել Արկտիկայի բնական ռեսուրսների հետազոտման գործում:

ԹԵԼ ԱՎԻՎՆ ԱՄՆ-Ի ՀԵՏ ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԻ ԻՐԱՆԻՆ ՀԱՍՑՎԵԼԻՔ ՀԱՐՎԱԾԸ

Հենվելով դիվանագիտական տեղյակ աղբյուրներից ստացած տեղեկությունների վրա` այդ մասին հայտնում է բրիտանական մամուլը և հավելում, որ իսրայելական կողմի վճռական մերժումից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է Թել Ավիվի ձեռնարկելիք քայլերին ժամանակին տեղեկանալու նպատակով ուժեղացնել իրականացվող հետախուզական բոլոր աշխատանքները։

ԻՐԱՆԸ ՎՆԱՍԱԶԵՐԾԵԼ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

Թեհրանը հայտարարել է, որ չեզոքացվել ու վնասազերծվել է երկրի «ժողովրդական տնտեսության օբյեկտների» համակարգչային բազա առավել քան վտանգավոր «տրոյանական ծրագրի» թափանցումը, որը լրջագույն վնասներ կհասցներ նաև Իրանի միջուկային օբյեկտների աշխատանքին:
Դեռևս այս տարվա հունիսին Իրանի բանակի հրամանատարությունը հայտարարել էր զինված ուժերի կազմում կիբեռնետիկ հարձակումների դեմ պայքարի հատուկ վարչություն ստեղծելու մտադրության մասին:

ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԶԵՏԵՂՎԵԼ Է … ԱՄՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԸ

ԱՄՆ ռազմական ու քաղաքացիական նշանակության միջուկային օբյեկտների ինտերակտիվ քարտեզը կազմել են Պենտագոնն ու միջուկային բնակագավառին առնչվող գերատեսչությունները: Կարմիր դրոշակներով նշված են համապատասխանաբար միջուկային զենք կրող ռմբակոծիչների ու սուզանավերի ռազմական բազաները և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակման վայրերը, կապույտով՝ միջուկային լաբորատորիաներն ու նախկին և գործող փորձադաշտերը, իսկ կանաչ դրոշակներով՝ ատոմային էլեկտրակայանները:

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԻ ԵՆ ԵԼԵԼ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ

Նրանք բողոքում են կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում իրենց դրամական բավարարման էական կրճատումների դեմ: Ցուցարարները հակակառավարական կոչեր չեն վանկարկել, քան որ դա արգելված է երկրի զինված ուժերի մասին օրենքով:
Բողոքի ակցիան լուրջ անհանգստություն է առաջացրել հասարակության շրջանում: Մամուլը սկսել է զուգահեռներ անցկացնել 1974 թվականի իրադարձությունների հետ, երբ սպայակազմի իրականացրած ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանությունից հեռացվեց Անտոնիո Սալազարի բռնապետական վարչակարգը:

ԱՐՅՈՒՆԱԼԻ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐ ՏՐԻՊՈԼԻՈՒՄ

Արդեն հինգերորդ օրն է, ինչ Լիբիայի մայրաքաղաքի արվարձաններում չեն դադարում Ազգային համաձայնության խորհրդի զինված խմբավորումների միջև ծայր առած արյունալի ընդհարումները, որոնք ամենախոշորն են Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո:
Միաժամանակ, երկրի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հաջողվել է ճնշել նույնպիսի զինված անկարգություններն Էզ-Զավիում ու Վարշեֆանում: