Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՍԻՐԻԱՅԻՆ

ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ, համաձայն նախապես կնված պայմանագրերի, շարունակում է սպառազինության վաճառքը Սիրիային, քանի որ չկա Դամասկոսի դեմ պատժամիջոցների սահմանման որևէ որոշում:
Սիրիան աշխարհում ռուսական արտադրության սպառազինության խոշորագույն գնորդներից է, և միայն 2012 թվականին Մոսկվան ու Դամասկոսը կնքել են զենքի մատակարարման շուրջ 3.5 միլիոն ՄԱՆ դոլար արժողության պայմանագրեր:

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻՆ

Սիրիան, որ 22 պետություններ միավորող համաարաբական այս կազմակերպության հիմնադիր անդմաներից է, չի կարող մասնակցել վերջինիս նիստերին, քանի դեռ վարչակարգը չի դադարեցրել արյունահեղությունը, որի հետեւանքով, ըստ ՄԱԿ-ի տվյալների (իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպությունների պնդմամբ` էապես նվազեցված), արդեն իսկ զոհվել է 3.500 մարդ: Լիգայի այս քայլը պայմանավորված էր Ասադի վարչակարգի կողմից մշակված ծրագիր-ժամանակացույցի շարունակական խախտումներով: Չի բացառվում, որ լիգայի անդամ պետությունները լրացուցիչ պատժամիջոցներ կիրառեն Սիրիայի դեմ, որի առաջին դրսևորումը կլինի դեսպանների ետկանչը: Եմենի ու Լիբանանի ներկայացուցիչները դեմ են քվերակել լիգային Սիրիայի անդամակցության դադարեցմանը:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՆՈՐ «ԹՌՉՈՂ ՀԵՏԱԽՈՒՅԶ»

Ռուսական բանակի սպառազինություն է ընդունվել իր հնարավորություններով ապշեցնող ռադիոլոկացիոն հայտնաբերման А-50У բազմաֆունկցիոնալ համալիրը, որը համարվում է А-50 ինքնաթիռի լրիվ արդիականացված տարբերակը: Այն համալրվել է արբանյակային կապի ու հաշվողական տեխնիկայի ամենաարդիական միջոցներով և նախատեսված է թևավոր հրթիռների, գերձայնային ինքնաթիռների ու անգամ ուղղաթիռների հայտնաբերման համար: «Թռչող ռադարի» տեխնիկամարտավարական բնութագրերը, բնականաբար, չեն հրապարակվում:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՊԱՅԹԵՑՎԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԸ ՍՆՈՂ ԳԱԶԱՄՈՒՂԸ

Երեկ վաղ առավոտյան Սինայի թերակղզու հյուսիսում պայթեցվել է Իսրայելին ու Հորդանանին գազ մատակարարող խողովակաշարը: Պայթյունից հետո սկսվել է մեծ հրդեհ, և հրշեջներն այժմ պայքարում են բաց կրակի դեմ: Սա թերակղզու հյուսիսում ընթացիկ տարում հարևան պետություններին գազ մատակարարող մայրուղիների պայթեցման յոթերորդ դեպքն է: Պայթեցված խողովակաշարով Իսրայելը ստանում էր իրեն անհրաժեշտ «երկնագույն վառելիքի» 40 տոկոսը:

Ե՞ՐԲ ԿՍԿՍՎԻ ԻՐԱՆԱ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Բրիտանական հատուկ ծառայությունները պնդում են, որ Իսրայելը խնդրի լուծման ուժային ճանապարհին կդիմի արդեն դեկտեմբերին` հավանաբար Ծննդյան տոների նախօրեին և կամ գուցե 2012 թվականի առաջին օրերին: Նրան ամենայն հավանականությամբ կաջակցի Միացյալ Նահանգները, քանի որ նախագահ Օբաման չի ուզում կորցնել հրեական ընտրազանգվածի ձայները, իսկ Լոնդոնը դեռևս ժխտում է գործողությանն իր մասնակցության հնարավորությունը` պնդելով, որ սեփական միջուկային ռումբի ստեղծման դեպքում Թեհրանը երբեք չի կիրառի այն:

ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԾՐԱԳՐԱՀԵՆՆԵՐԻ ԹԻՐԱԽ

Պենտագոնը լրջորեն մտահոգված է իր սպառազինության կարևորագույն զինատեսակներից մեկի` հարվածային անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ) սպառնացող այս փաստով: Ծրագրահենները, որ սովորաբար ձգտում են ներթափանցել փակ ցանցեր և սեփականել գաղտնի տեղեկատվություն, կարող են կիբեռնետիկ հարձակումներ կատարել նաև «խելացի» ռազմական տեխնիկայի վրա, որն անկանխատեսելի հետևանքներ կունենա ինչպես ամերիկյան ստորաբաժանումերի, այնպես էլ խաղաղ բնակչության ու շրջակա միջավայրի համար: Ի վերջո, օրինակ ամերիկյան «Reaper» ԱԹՍ-ի կրակային հզորությունը բավական է ավերելու մի ամբողջ ատոմակայան:

ԻՐԱՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԱՃՅՈՒՆՆԵՐՆ… ԱՂԲԱՆՈՑՈՒՄ

ԱՄՆ-ում մեծ աղմուկ է բարձրացրել այն բացահայտումը, համաձայն որի Իրաքում ու Աֆղանստանում մարտական առաջադրանքներ կատարելիս զոհված ամերիկացի զինվորների մարմինները հինգ տարի շարունակ այրվել են Դելավար նահանգում գտնվող ռազմաօդային ուժերի ռազմակայանում, իսկ պաշտոնական հուղարկավորությունից հետո մնացած աճյունների մնացորդները նետվել են մոտակա աղբանոց: