Նորություններ
ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ զեկույցը անվանվել է նախկինում հայտնի փաստերի վերաշարադրանք, որը կանխամտորեն է քաղաքականացված է. «Քանի որ համոզիչ ապացույցներ չկան, հեղինակները շրջանառության մեջ են դրել ենթադրություններ ու կասկածներ և իրանական միջուկային ծրագրում ռազմական բաղկացուցիչի առկայությունն ապացուցելու համար դիմել են տեղեկատվական ձեռնածությունների: Իսկ նման մոտեցումը դժվար է հիմնավոր ու անկանխակալ համարել»,-ասվում է հայտարարությունում:
Վլադիմիր Պուտինը ատոմային սուզանավաշինության համաշխարհային կենտրոնի համարում ունեցող Սեվերոդվինսկ է ժամանել ոչ միայն հինգ նման սուզանավի կառուցման պայմանագրերի ստորագրման արարողությանը ներկա լինելու, այլև անձամբ ստուգելու իր զինանոցում նորագույն հրթիռային «Բուլավա» համակարգեր ունեցող և դեռևս փորձարկումների փուլում գտնվող «Ալեքսանդր Նևսկի» ատոմային սուզանավը: Այն կարող է 90 օր շարունակ լողալ 400 մետր խորությունում և զարգացնել մինչև 29 ծովային հանգույց արագություն:
Դեղին ծովի հատակում, չինական Լյույշուն նավահանգստի՝ հայտնի Պորտ-Արտուրի շրջակայքում հայտնաբերվել է խորտակված «Պետրոպավլովսկ» զրահանավը: 1-ին Խաղաղօվկիանոսյան նավատորմի դրոշակակիր «Պետրոպավլովսկը», բախվելով ստորջրյա ականին խորտակվել էր 1904 թվականի ապրիլի 13-ին: Ռուս-ճապոնական պատերազմի ընթացքի վրա իր դրոշմը թողած ծովային այս աղետից զոհվել էին Ռուսական կայսրության ռազմածովային նավատորմի 620 նավաստի ու 29 սպա:
Թռիչքի ժամանակ խափանվել է ինքնաթիռի շարժիչներից մեկը, որից հետո օդաչուները դիմել են վթարային վայրէջքի, սակայն գետնից 50-60 մետր բարձրության վրա ուժեղ քամին «OV10 bronco» գրոհային ինքնաթիռը հեռացրել է թռիչքուղուց: Երկու օդաչուներն էլ հրաշքով փրկվել են, իսկ ինքնաթիռը, բախվելով գետնին, պայթել է:
Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի հրամանատարությունը կարգադրել է, մինչև աղետի պատճառները հետաքննող հանձնաժողովի եզրակացության հրապարակումը, դադարեցնել այդ մակնիշի բոլոր ինքնաթիռների թռիչքները:
Ղազախստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Ատիրաու քաղաքի վարչական թաղամասում մարզի վարչակազմի շենքի մոտ և ապա բնակելի շենքի մուտքում մահապարտ ահաբեկչի հոկտեմբերի 31-ին իրականացրած երկու պայթյուններն էլ կազմակերպել է «Խալիֆաթի զինվորներ» իսլամական ահաբեկչական խմբավորումը, որն իր անդամներին հրահանգել է ահաբեկչական գործողություններ սկսել Ղազախստանի ողջ տարածքում:
Նոյեմբերի 9-ին ԵՊՀ «Երիտասարդ Համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը երթ էր կազմակերպել դեպի «Եռաբլուր» պանթեոն: «Բանակը մենք ենք» խորագրով երիտասարդական երթի նպատակն է աջակցել աշնանային զորակոչի կազմակերպմանը և երիտասարդության շրջանում բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին:
Երթի մասնակից համալսարանականները հարգանքի տուրք մատուցեցին «Եռաբլուրում» հանգչող հերոսների հիշատակին, ծաղիկներ դրեցին Անդրանիկ Օզանյանի և սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:
Իրանի ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում Իսրայելին կհարվածեն ոչ միայն իրենք, այլև անմիջականորեն սահմանակից Լիբանանում, Սիրիայում ու Գազայի հատվածում գտնվող «Հըզբոլլահ» խմբավորման գրոհայինները, և Իսրայելը կոչնչանա ցասման հրից:
Այսպիսով, Թեհրանն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելի հետ պատերազմի դեպքում անվերապահորեն կունենա նաև իր կողմից ֆինանսավորվող բոլոր զինված կազմակերպությունների աջակցությունը: