Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԲԵՆ ԼԱԴԵՆԻՆ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԻՆ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՈԼՖ ԷՐ ԽԱՂՈՒՄ

Հրապարակման հեղինակն ամերիկյան հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանման նախկին հրամանատար է, ում պնդմամբ հատուկ ջոկատայիններին խիստ զայրացրել է կառավարության` իրենց որպես սառնասիրտ մարդասպաններ ներկայացնելը:
Զինվորականների պնդմամբ, աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը սպանվել է ոչ թե տևական մարտից հետո, ինչպես ներկայացվում է, այլ դեսանտային գործողության սկսման առաջին իսկ րոպեներին, իսկ գործողության ճշգրիտ իրականացման արդյունքում արձակվել է ընդամենը 12 գնդակ: Բացի այդ, հակառակ հետագայում շրջանառության մեջ դրված պաշտոնական վարկածի, Բեն Լադենի վրա կրակած ոչ մի մարտիկ չի արտասանել «Հանուն Աստծո և երկրի» բառերը:

ՎՐԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԶՈՀՎԱԾ ՕԴԱՉՈՒԻ ԱՃՅՈՒՆԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ

Ենթադրվում է, որ ռուսական կողմի հետևողական պահանջներից հետո փորձաքննության հանձնված աճյունի մնացորդները պատկանում են 2008 թվականի օգոստոսի 8-ին` ռուս-վրացական պատերազմի օրերին Հարավային Օսիայի երկնքում խփված ռուսական Ту-22 ինքնաթիռի օդաչու, փոխգնդապետ Ալեքսանդր Կովենցովին: Ըստ ոչ պաշտոնական լուրերի, ինքնաթիռի անկումից անմիջապես հետո անձնակազմին գտել էր վրացական բանակի որոնող խումբը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ Է ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Այս նպատակով մշակված դաշնային հատուկ ծրագրի իրականացման համար առաջիկա հինգ տարիներին կհատկացվի երկուսուկես միլիարդ ՌԴ ռուբլի: Այդ մասին Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նա հիշեցրել է, որ այդ աշխատանքները սկսվել էին Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակներում և Ռուսաստանի գործնականում բոլոր տարածաշրջաններում արդեն իսկ վերանորոգվել են մեծ թվով հուշարձաններ:

ԼԱՎՐՈՎՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐԱՆԻ ԽՆԴՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ

«Առաջին անգամ չէ, որ Իսրայելի իշխանությունները խոսում են Իրանի միջուկային օբյեկտներին հրթիռային հարված հասցնելու մասին, սակայն աններելի այդ սխալը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այս խնդրի ռազմական լուծում գոյություն չունի»,-հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Նշելով, որ այլ պետության գործերին զինված միջամտությունը միայն ավելացնում է զոհերի թիվն ու մարդկային տառապանքները, ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ ՄԱԿ կանոնադրության համաձայն, ուժի կիրառումը թույլատրվում է միայն զինված հարձակման և ՄԱԿ անվտանգության խորհրդի որոշման դեպքում:

ԼԻԲԻԱՅՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ԻՆՏԵՐՆԵՏ-ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

«ALGERIA ISP» ինֆորմացիոն պորտալը հայտարարել է, թե Լիբիայի ազգային անցումային խորհուրդը «Facebook» սոցիալական ցանցում շրջափակել է Քադաֆիի մասին դրական արտահայտվող բոլոր կայքերն ու էջերը: Պորտալի պնդմամբ, իրենց հայտնի են գրաքննության իրականացման համակարգչային ապահովման ծրագրերը, որոնք կարող են պատրաստված լինել բացառապես Արևմուտքում:

ԻՍԼԱՄԱԲԱԴԸ ԺԽՏՈՒՄ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԸ ՎԱՏ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՈՒՐԵՐԸ

Խոսքը վերաբերում է ԱՄՆ լրատվամիջոցների այն պնդումներին, թե Պակիստանն իր միջուկային զինանոցը, որը տարբեր հաշվումներով բաղկացած է 90-110 միջուկային մարտագլխիկից, պահպանում ու տեղափոխում է քաղաքացիական նշանակության և վատ պահպանվող սովորական բեռնատարներում:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԲԱՆԱԿՈՒՄ ՀՈԳԵՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպումից հետո այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և հայտնել, որ համապատասխան հանձնարարական է տվել երկրի պաշտպանության նախարարին:
Ներկայումս ռուսական բանակում հոգևոր ծառայություն է իրականացնում 19 հոգևորական: Նախատեսվում է նրանց թիվը հասցնել 240-ի: