Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

«ԲՈՒԼԱՎԱՅԻ» ԵՐՐՈՐԴ ՀԱՋՈՂ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ ՎԵՐՋԻՆ ԿԵՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

«Յուրի Դոլգորուկի» ատոմային սուզանավից իրականացվել է «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող արձակում: Հրթիռն արձակվել է ջրի տակ եղած սուզանավից, Սպիտակ ծովի տարածքում, և ուղղվել է դեպի Կամչատկայի Կուրա հրաձգարան:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում նշել են, որ սա վերջին կես տարվա ընթացքում «Բուլավայի» երրորդ հաջող փորձարկումն է: Մինչև տարեվերջ նախատեսվում է անցկացնել ևս մի քանիսը: Մինչ այժմ կատարվել է «Բուլավայի» 17 փորձարկում, որոնցից 7-ը անհաջող է եղել:

ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԸ ԱԿԱՆԱՊԱՏՎՈՒՄ Է

Սիրիական զորքերն սկսել են ականային արգելափակոցներ տեղադրել Լիբանանի հետ սահմանին: Նախկինում երկրի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ապստամբները արտասահմանից, մասնավորապես Լիբանանից, ստանում են հրազեն, որը հետագայում օգտագործում են կառավարական ուժերի դեմ մարտերում:
Ականները առավելապես տեղադրվում են լիբանանա-սիրիական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, Հոմս քաղաքին ամենամոտ տեղանքում:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ 7 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՏԿԱՑՆԻ ԼԻԲԻԱՅԻՆ

ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Ռուսաստանը 7 միլիոն դոլար կհատկացնի Լիբիայում հումանիտար բնույթի միջոցառումներ իրականացնելու համար:
Օգնությունը կտրամադրվի ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով: 2 միլիոնը կուղղվի գյուղատնտեսական ոլորտին, նույնքան էլ առողջապահությանը և բեռների տեղափոխմանը: 1 միլիոն էլ կհատկացվի որպես միանվագ նպատակային մուծում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖԻ հաշվին:

ՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԻՐԱՆԻ ԴԵՄ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Իրանի հետ հարաբերություններին նվիրված լսումներ են ընթացել, որոնց ժամանակ առավելապես արծարծվել է Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի` իրանցիների կողմից սպանության նախապատրաստման թեման:
Մասնակիցները քննադատել են Բարաք Օբամային այս հարցում ոչ կոշտ դիրքորոշման համար, նաև առաջարկել են համարժեք պատասխան տալ Թեհրանի գործողություններին:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄՆ-Ը ԿԱՎԵԼԱՑՆԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀՆԴԿԱՍՏԱՆ

Սպառազինության միջազգային առևտրի վերլուծության կենտրոնի տվյալներով 2003-2010թթ. Հնդկաստանը ներկրել է 18,864 միլիարդ դոլարի ռազմական արտադրանք: Նույն շրջանում հետագա տարիների համար ձևավորված պատվերների քանակը ավելի քան կրկնակի գերազանցել է փաստացի գնումների ծավալը` կազմելով 38,579 միլիարդ դոլար:
Հնդկաստան սպառազինության խոշորագույն արտահանողն է հանդիսացել Ռուսաստանը: 11,154 միլիարդ դոլարի մատակարարումներով գրավելով շուկայի 59 տոկոսը: Ռուսաստանի համար ձևավորված պատվերների ծավալն էլ կազմել է 19,937 միլիարդ դոլար:

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆ. ԻՐԱՆՑԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՆԵՆ ԼԻԲԻԱՑԻՆԵՐԻՑ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը BBC News և «Ամերիկայի ձայն» լրատվական գործակալությունների պարսկական ծառայություններին տված հարցազրույցի ժամանակ Իրանի ընդդիմությանը կոչ է արել ավելի ակտիվ ձգտել միջազգային լայն աջակցության: Նրա խոսքով, իրանցիները պետք է օրինակ վերցնեն լիբիացի ապստամբներից:
Քլինթոնը նշել է, որ 2009թ. Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակիցները սխալ են վարվել` հրաժարվելով աջակցություն փնտրել երկրից դուրս:

ԴԱՇԻՆՔԸ ԼԻԲԻԱՅՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հակառակ Լիբիայի ազգային անցումային խորհրդի խնդրանքին, ՄԱԿ անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները միաձայն կողմ են քվեարկել Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի առաջարկին: Հոկտեմբերի 31-ին` տեղական ժամանակով 23.59-ին Լիբիայում դադարեցնել մարտական գործողությունները:
Միաժամանակ վերացվել է նաև Լիբիայի երկնքում թռիչքների իրականացման արգելքը, որը ՄԱԿ անվտանգության խորհուրդը սահմանել էր դեռ մարտի 17-ին` ընդիմությանը Քադաֆիի զորքերի օդային հարվածներից պաշտպանելու համար: