Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԼԱՏՎԻԱՅՈՒՄ ԶՈՐԱԽԱՂԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ՈՒԹ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

Դա տեղի է ունեցել արկի չպլանավորված պայթյունի հետևանքով: Այդ պահին զորախաղին մասնակցում էին 18 զինծառայող և 80 աշխարհազորային: Վիրավորների մի մասի վիճակը ծանր է:
Իսկ հոկտեմբերի 18-ին, Սերբիայի Յագոդինա քաղաքում հակաահաբեկչական զորավարժությունները դիտելու ժամանակ տուժել էին 28 դպրոցական և երկու ուսուցիչ, երբ ուղաղաթիռի վայրէջքի ժամանակ պտուտակներից առաջացած քամին պոկել ու նրանց վրա էր շպրտել գովազդային վահանակները:

ՌԴ ՕԴԱԴԵՍԱՆՏԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿՐՃԱՏՈՒՄԸ ԿԱԶԴԻ՟ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Զորատեսակի շտաբում կրճատվել են երեք` հրթիռահրետանային սպառազինության, ավտոմոբիլային ու զրահատանկային ծառայությունները, ինչպես նաև զորատեսակի հրամանատարի` սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման գծով օգնականի հաստիքները: Իսկ անցած տարի կրճատվել էր զորատեսակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալի հաստիքը:

ԵՄԵՆՈՒՄ ԶԻՆՎԱԾ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ

Կառավարամետ և ընդիմության կողմն անցած զորքերի հերթական բախման հետեւանքով զոհվել է 20 մարդ: Քաղաքական դիմակայությունից փոթորկվող այս պետությունում իրավիճակն առավել սրվեց ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումից հետո, որով նախագահ Սալեխից պահանջվում էր իսկույն սկսել իշխանությունը հանձնելու գործընթացը:

ԱՍՏՐԱԽԱՆՈՒՄ ՀԻՆ ԱՐԿԵՐՆ ՈՒ ԲԵԿՈՐՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ

Աստրախանի արվարձաններից մեկում գտնվող մետաղի ջարդոնի ընդունման կետում հայտնաբերված 30-ից 50 տոննա «բեռով» այժմ մանրակրկիտ զբաղվում է սակրավորների ու պայթեցնողների բրիգադը: «Մետաղի ջարդոնը» թեև անմիջականորեն պայթյունավտանգ չէ, սակայն այնտեղ կան արտաքուստ անվնաս մեծաքանակ հրետանային արկեր, իսկ բազմաթիվ բեկորների վրա` պայթուցիկ նյութ:

ՔԱԴԱՖԻՆ ԿՏԱԿԵԼ Է ՊԱՅՔԱՐԵԼ ԱԳՐԵՍՈՐՆԵՐԻ ԴԵՄ

Ալժիրի ԶԼՄ-ների պնդմամբ, գնդապետը հոկտեմբերի 17-ին այն հանձնել է իր երեք կողմնակիցներին, որոնցից միայն մեկն է փրկվել շրջապատման օղակից:
Կտակի համաձայն` լիբիական հեղափոխության առաջնորդը ցանկացել է հուղարկավորվել իսլամական օրենքներին համապատասխան և այն հագուստով, որով հրաժեշտ է տվել կյանքին: Նա ցանկացել է թաղվել Սիրտի քաղաքային գերեզմանատանը, իր ժողովրդի ու հարազատների կողքին, և որ իր ընտանիքի անդամներին, հատկապես կանանց ու երեխաներին հարգանքով վերաբերվեն, իսկ Լիբիայի ժողովուրդը պահպանի իր յուրահատկությունները, նվաճումները, պատմությունն ու նախնիների և հերոսների կերպարները և շարունակի պայքարել ցանկացած օտարերկրյա ագրեսիայի դեմ:

ՔԱԴԱՖԻԻ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՍՆԵԼ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ

Ռուսական հետախուզական ծառայությունների պնդմամբ, գնդապետի սպանվելուց հետո վարձկանները կարող են հայտնվել Հյուսիսային Կովկասում, «ուր տեղի գրոհայիններն անհամբերությամբ սպասում են նրանց»:
Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը մտավախություն ունի, որ Լիբիայում կենտրոնացած իսլամիստ արմատական գրոհայիններից շուրջ երեք հազարը Դաղստանում, Չեչնիայում և այլուր կդառնան «անտառային եղբայրներ»:

ԱՄԵՐԻԿԱՅԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՖՂԱՆՍՏԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՊԱԿԻՍՏԱՆԻՆ

Թեև վերջին շրջանում տեղի ունեցած մի քանի սահմանային միջադեպերի ու երկրի նախկին նախագահ Ռաբանիի սպանության գործում, Պակիստանի հատուկ ծառայությունների հասցեին մեղսակցության մեղադրանքներ են հնչում, այդուհանդերձ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է` «Մենք օգնության կհասնենք պակիստանյան եղբայրներին»:
Նա ասել է, որ աֆղան ժողովուրդը երբեք չի մոռանա իրեն Պակիստանի ցուցաբերած և այժմ նույնպես ցուցաբերվող եղբայրական օգնությունը: