Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿՏԵՂԱԿԱՅՎԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՐԹԻՌՆԵՐ

Ռումինիայի կառավարությունը համաձայնել է երկրում տեղակայել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի մաս կազմող և 500 կիլոմետր օպերատիվ հեռահարություն ունեցող «SM-3s» հրթիռներ: Սպասվում է, որ երկրի ազգային խորհրդարանում այս օրինագիծը կքվեարկվի մինչ ընթացիկ տարվա ավարտը:

ԹՈՒՐՔ-ՔՐԴԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆ ԱՎԵԼԻ ԱՐՅՈՒՆԱԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ

Քրդական բանվորական կուսակցության գրոհայինների դեմ զինվորական ավիացիայի աջակցությամբ իրականացվող ցամաքային գործողության շրջագիծն արդեն ընդգրկում է Հյուսիսային Իրաքի հինգ շրջաններ:
Քուրդ գրոհայինները հոկտեմբերի լույս 19-ի գիշերը սահմանամերձ Խաքյարի գավառում իրականացրած հարձակման ընթացքում ոչնչացրել էին 24 և վիրավորել 18 թուրք զինծառայողների: Եվրամիության կողմից ահաբեկչական համարվող այս կազմակերպության նպատակն է Թուրքիայի հարավ արևելքում ստեղծել քրդական ինքնավարություն:

ԶՈՀՎԵԼ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ

Պետական սահմանի պահպանության ժամանակ վայր ընկած ու լրիվ այրված ուղղաթիռում զոհվել են անձնակազմի 2 անդամները և «Սոյուզ» հեռուստառադիոընկերության 3 լրագրողներ, ովքեր պատրաստում էին սահմանապահների ծառայությունը լուսաբանող հատուկ թողարկում: Վթարի պատճառները դեռևս անհայտ են:

2012թ. ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԿԱԶՄԻ 50.000 ՌԴ ՌՈՒԲԼԻ

Ընթացիկ տարվա համեմատ այն կաճի 2.5-3 անգամ, երբ ՌԴ Պետական դուման հաստատի զինծառայողների դրամական բավարարման ավելացման վերաբերյալ ՌԴ Նախագահի կողմից ներկայացված օրինագծերի փաթեթը: Իսկ զինծառայողների թոշակները կավելանան 1,6 անգամ:

ՌԴ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԿԱՐԵԼԻ Է 4 ԺԱՄ ՔՆԵԼ –40C ՍԱՌՆԱՄԱՆԻՔԻՆ

Այն այդքան, ավելի ճիշտ` 996 ռուսական ռուբլի է գնահատել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Իսկ ձմեռային հանդերձանքն արժե 2.443 ռուբլի: ՌԴ զինված ուժերն այսօր ունեն հանդերձանքի մատակարարման չորս աղբուր: Նրանց ընտրությունը կատարվում է աճուրդային կարգով:
Ռուսական զինվորական համազգեստների մշակմանը մասնակցել են նորաձևության հայտնի վարպետներ Վալենտին Յուդաշկինն ու Իգոր Չապուրինը, որոնց աշխատանքները, սակայն, հետագայում հարկ է եղել լրամշակելու:

ՄԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ ԼՐՏԵՍԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՕԳՏԻՆ

Դոնի Ռոստովի դատարանը ՌԴ զինված ուժերի նախկին զինծառայող Դավիթ Ալիևին և նրա մորը մեղավոր ճանաչելով լրտեսության ու պետական դավաճանության մեջ, դատապարտել է համապատասխանաբար 10 և 8 տարվա ազատազրկման:
Դատարանն ապացուցված է համարել այն, որ ծառայելով Հարավային զինվորական օկրուգում, Ալիևը տեղեկություններ է հավաքել ռուսական բանակում տիրող իրավիճակի մասին, որոնք նրա մայրը հանձնել է Վրաստանի հատուկ ծառայություններին, ինչի դիմաց ընտանիքը ստացել է 5000 ԱՄՆ դոլար: Նախկին սպան պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում:

ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼԸ 10 ՏԱՐՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է 10 ԱՆԳԱՄ

Աշխարհում ռուսական արտադրության հատուկ նշանակության սպառազինության վաճառքի ծավալները 2001 թվականից ի վեր ավելացել են 10, իսկ ընդհանուր սպառազինության վաճառքի ծավալները՝ 3 անգամ: «Ռօսօբորոնէքսպորտն» այսօր ունի զենքի վաճառքի վերաբերյալ 35-37 միլիարդ ԱՄՆ դոլարի պատվերներ աշխարհի շուրջ վեց տասնյակ պետություններից: Ռուսական զենքի խոշորագույն գնորդներն են Հնդկաստանը, Ալժիրը, Վիետնամը, Վենեսուելան ու Չինաստանը: