Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՐԱՆԻՆ Է ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ Ս-300-ՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑԱԾ ԿԱՆԽԱՎՃԱՐԸ

С-300 -ների 5 դիվիզիոնների մատակարարման` 800 միլիոն ԱՄՆ դոլար կազմող գործարքի համար որպես կանխավճար ստացված 167 միլիոն դոլարը «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը վերդարձրել է Թեհրանին` վերստին պնդելով, որ ՄԱԿ անվտանգության խորհրդի հայտնի բանաձևի ընդունումով ի հայտ են եկել անհաղթահարելի արգելքներ, և որ Իրանին զենքի մատակարարման արգելքների վերացումից հետո Մոսկվան պատրաստ է իսկույն վերսկսել С-300 համակարգերի վաճառքի վերաբերյալ բանակցություները:

ԲԱՔՈՒՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ «ԳԱԶՊՐՈՄԻՆ»

Ակնկալվում է, որ հոկտեմբերին Իլհամ Ալիևի` Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում Բաքուն և Անկարան կստորագրեն 2017 թվականից տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ Թուրքիայի տարածքով Եվրոպա արտահանելու մասին համաձայնագիրը: Անդրկասպյան գազամուղից ու «Nabucco»-ից հետո սա երրորդ լուրջ մարտահրավերն է «Գազպրոմին»:
Բաքուն հայտարարել է, որ մանրամասն քննարկում է Եվրոպա սեփական գազի արտահանման բոլոր տարբերակները, իսկ Թուրքիայի հետ տարանցման խնդիրների համաձայնեցումից անմիջապես հետո կարող է տարեկան 2 միլիարդ խմ գազ մատակարարել Եվրոպային:

Կամչատկայի Ավաչինյան ծովախորշում հարբած նավաստիներով ձկնորսական նավը հարվածել է ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Սուրբ Գեորգի Հաղթական» ատոմային սուզանավին: Սուզանավը գտնվել է վերջրյա վիճակում, կողմնորոշման (նավիգացիոն) լույսերը միացրած:
Միջադեպի հետևանքով սուզանավը աննշան վնասվել է, տուժածներ չկան: Ռադիացիոն միջավայրը նորմայի սահմաններում է:

ՆՈՐՎԵԳԻԱՆ ԱՄՆ-ԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ F-35-Ի ԳՆՈՒՄՆԵՐԻՑ

Նորվեգիան ԱՄՆ-ից հստակ երաշխիքներ է պահանջել, որ իր արտադրության JSM բազմակի նշանակության թևավոր հրթիռները կներառվեն F-35 Lightning II հեռանկարային կործանիչի սպառազինությունում:
Առաջիկա վեց ամիսների ընթքացքում Նորվեգիան կսպասի որոշման հաստատմանը, հակառակ դեպքում երկրի խորհրդարանը զինված ուժերին կարգելի F-35 կործանիչներ գնել:
Նորվեգիան F-35 նախագծի միջազգային գործընկերներից մեկն է:

ԻՍՐԱՅԵԼԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ

Իսրայելի բանակը ուժեղացրել է ռազմական ներկայությունը պաղեստինյան տարածքների սահմաններին, 5 գումարտակ մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերվել: Եւս 13 գումարտակ գտնվում է ռեզերվում:
Իսրայելի բանակը նախապատրաստվում է Պաղեստինի ինքնավարության հետ հնարավոր հակամարտության, քանի որ այսօր ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ պահանջելու է ճանաչել Պաղեստին պետության անկախությունը:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԱՆՑՈՒՄ ԿԿԱՏԱՐԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ

Մոտ ապագայում Ռուսաստանի զինված ուժերը անցում կկատարեն ռադիոկապի վեցերորդ սերնդի համակարգերին: Այդ մասին հայտնել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը:
Նա նաև հայտնել է, որ զորքերում տակտիկական, օպերատիվ և օպերատիվ-ռազմավարական օղակներում ավտոմատ կառավարման համակարգերի արդիականացման աշխատանքներ են տարվում:
Գեներալը նշել է, որ երկրի ռազմական արդյունաբերությունը ռադիոկապի սկզբունքորեն նոր համակարգեր է ստեղծում, և թվային տեխնոլոգիաները արդեն ներդրվում են բանակում: Դրանք առաջին անգամ կկիրառվեն «Կենտրոն-2011» զորավարժության ժամանակ:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԴՈՒԺԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ ՊԵՏՔ Է ԿՐՃԱՏՎԻ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիան կրճատում է կուրսանտների ընդունելությունը: Նոր ընդունվողների թվի կրճատումը ակադեմիայի ղեկավարությունը կատարում է բյուջետային սահմանափակումների շրջանակներում:
Ակադեմիայի պետ, բրիգադի գեներալ Մայքլ Գուլդը հայտարարել է, որ արդեն 2012թ. ռազմական կրթօջախ կընդունվի 4000 կուրսանտ ամեն տարվա 4200-ի փոխարեն: Կրճատումը շարունակական կլինի` նպատակ ունենալով ռազմաօդային ուժերի անձնակազմի թվակազմը նվազեցնել 5000 մարդով: