Նորություններ
ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է վերականգնել աշխարհում ամենահզոր 1144 դասի «Օրլան» ատոմային հածանավերը` դրանք վերածելով ունիվերսալ հրթիռակիր ռազմանավերի: Դրանք ունակ կլինեն ցանկացած խնդիր կատարել ծովում` ոչնչացնել ավիակիրներ, պաշտպանվել օդային հարվածներից, խոցել նաև ցամաքային թիրախներ:
Այս դասի երեք հածանավեր` «Ծովակալ Նախիմով», «Ծովակալ Լազարև» և «Կիրով», 20 տարի առաջ պահեստավորվել են նավակայաններում, և միայն «Պետրոս Մեծ» ռազմանավն է շարունակել նավարկությունը:
ԱՄՆ ռազմաօդային ուժերը առաջին անգամ փորձարկումներ են անցկացրել B-1B Lancer հեռահար ռմբակոծիչի` ծովային նշանակետերին հարվածներ հասցնելու կարողությունը ստուգելու համար:
Փորձարկումների ժամանակ Lancer-ը JDAM տեսակի տասը միավոր զինամթերք է օգտագործել` 225 կգ-անոց GBU-54 երկու ռումբ լազերային նշանառությամբ, 225 կգ-անոց ուղղորդվող GBU-38 վեց ռումբ, GBU-31 900 կգ-անոց ազատ անկման երկու ռումբ: Հարվածները հասցվել են մանևրելու բարձր ունակություններով վերջրյա նշանակետերին:
Փորձարկումների հիմնական նպատակն էր ինքնաթիռի նոր ծրագրային ապահովման աշխատանքը ստուգելը, ծովի վրա B-1B ռմբակոծիչի կիրառման տակտիկա և մեթոդներ մշակելը:
ԱՄՆ ռազմածովային ուժերը անսպասելի խնդրի առջև են կանգնել. F-18 տախտակամածային կործանիչների կոնստրուկցիաների մաշվածությունը նախատեսվածից ավելի արագ է ընթանում:
Արագացված մաշվածության պատճառն այն է, որ ինքնաթիռները սպառազինության վերցնելիս դրանց ներուժը հաշվարկվել է խաղաղ պայմաններում շահագործմանը համապատասխան: Սակայն վերջին երկու տասնամյակում ԱՄՆ-ը ակտիվ մարտական գործողություններ է վարել` կրճատելով ինքնաթիռների շահագործման ժամկետը:
Օրինակ` մոտ 10 տարի առաջ շարք մտած F-18E կործանիչի հաշվարկային ներուժը 6000 ժամ է, սակայն այժմ այն նվազեցվել է մինչև 3000 ժամ. այդքան է ինքնաթիռի թևերի կոնստրուկցիաների ծառայության ժամկետը:
ԱՄՆ-ը և Պակիստանը պայմանավորվել են վերջինիս տարածքում ամերիկյան զորքերի զգալի կրճատման մասին: Պակիստանում կմնան 100-150 զինծառայողներ, ընդ որում տեղի զինվորականներին ուսուցանող ամերիկացի 140 հրահանգիչներից կմնան միայն մի քանիսը:
Տվյալ համաձայնագիրը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների որոշակի լավացման մասին, քանի որ դեռ մի քանի ամիս առաջ Պակիստանի իշխանությունները պահանջում էին ամբողջովին դուրս բերել ամերիկյան զորքերը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կմիանա Սիրիայի նկատմամբ արևմտյան պետությունների ընդունած պատժամիջոցներին:
Նրա խոսքերով Թուրքիան հարկադրված է այդ քայլին դիմել, քանի որ կորցրել է վստահությունը սիրիական իշխանությունների հանդեպ:
Էրդողանը և Օբաման պայմանավորվել են ուժեղացնել ճնշումը պաշտոնական Դամասկի վրա, ինչպես նաև ուսումնասիրել լրացուցիչ պատժամիջոցների և այլ «միջոցների» ընդունման հնարավորությունը:
The Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ-ը ստեղծում է անօդաչու թռչող ապարատների գաղտնի բազաներ, որոնցից հարվածներ կհասցվեն Սոմալիում և Եմենում գտնվող Ալ Քաիդայի զինյալներին:
Բազաները կտեղակայվեն Արաբական թերակղզում և Եթովպիայում: Բացի այդ, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում կօգտագործվեն Ջիբուտիում և Սեյշելյան կղզիներում տեղակայված անօդաչու ապարատները:
Նախկինում հայտարարվում էր, որ Սեյշելյան կղզիների` Hellfire հրթիռներով սպառազինվելու հնարավորություն ունեցող անօդաչուները կիրառվում են ծովահեններին հետևելու համար:
Թեև Լիբիայի ազգային անցումային կառավարության և աշխարհի բազմաթիվ հետախուզական ծառայություններ ջանադրաբար որոնում են Մ.Քադաֆիին, նրա գտնվելու գեթ մոտավոր վայրը շարունակում է անհայտ մնալ:
Ըստ որոշ լրատվամիջոցների` գնդապետին դա հաջողվում է ժողովրդի շրջանում «ուրվական» անվանումը ստացած «Մերսեդես» մակնիշի հատուկ ավտոմեքենայի շնորհիվ: Լրագրողներին հաջողվել է ճշտել, որ 5,5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ արտաճանապարհային և զրահապատ այս մեքենան 2008 թվականին Քադաֆիին է նվիրել Ֆրանսիայի ներկայիս նախագահը, ով այն ժամանակ պետության ներքին գործերի նախարարն էր: