Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿ Է ՑՈՒՑԱԴՐԵԼ

Վաշինգտոնում գտնվող ավիացիայի և տիեզերանավորդության ազգային թանգարանը այցելուներին ցուցադրել է ամերիկյան KH-9 Hexagon (վեցանկյուն) լրտես-արբանյակը: Ցուցադրությունը որևէ կերպ չի գովազդվել և տևել է մեկ օր:
Ներկայացված արբանյակի վրայից հանված են եղել արևային մարտկոցները, օպտիկական և որոշ այլ սարքավորումներ, որոնք գաղտնիության տարրեր են պարունակում:

MITSUBISHI-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ ԿԻԲԵՐՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ

Ճապոնական «Յոմիուրի» թերթը հայտնում է, որ հաքերները կոտրել են Mitsubishi Heavy Industries ընկերության ռազմական արտադրանք թողարկող ձեռնարկությունների համակարգչային ցանցը: Սա Ճապոնիայի ռազմական արդյունաբերության վրա կիբերհարձակման առաջին արձանագրված դեպքն է:
Ինչպես գրում է թերթը, հաքերները «կոտրել» են Տոկիոյում ընկերության կենտրոնական գրասենյակի շուրջ 80 համակարգիչ, ինչպես նաև Կոբեի նավաշինական գործարանի (արտադրում է սուզանավեր և ատոմակայաններում կիրառվող բաղադրամասեր), Նագասակիի գործարանի (կառուցում է պահականավեր), Նագոեի գործարանի (պատրաստում է հրթիռներ և հրթիռային շարժիչներ) համակարգչային ցանցերը:

Су-34 ՌՄԲԱԿՈԾԻՉԻ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ավարտել են Су-34 ռազմաճակատային ռմնբակոծիչների պետական փորձարկումները: Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Զելինը եզրափակիչ ակտում առաջարկել է ինքնաթիռները վերցնել սպառազինության:
Նախատեսվում է, որ այդ մասին կառավարությունը համապատասխան որոշում կընդունի 2012թ., այժմ մասնագետները անհրաժեշտ փաստաթղթերն են կազմում:

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութողլուն Today’s Zaman թերթի լրագրողին պատմել է, որ այս տարվա գարնանը Թուրքիան խանգարել է Իսրայելին լիարժեք ներկայացուցչություն բացել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում` սպառնալով կիրառել իր վետոյի իրավունքը:
Իսրայելը 1994թ. համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ դաշինքի մեջ չմտնող մերձավորարևելյան 6 պետությունների միավորող նախաձեռնության շրջանակներում:

ԱՄՆ-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՒՂԻՂ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ԻՐԱՆԻ ՀԵՏ

Ամերիկյան լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ԱՄՆ-ը կարող է Իրանին առաջարկել կապի ուղիղ գիծ ստեղծել, որը կարող է կիրառվել երկու երկրների միջև կոնֆլիկտային իրավիճակների առաջացման դեպքում:
Սկզբում նախատեսվում է կապ հաստատել երկու պետությունների նավատորմերի միջև, այնուհետև, եթե փորձը հաջողվի, «թեժ գծի» գաղափարը կօգտագործվի այլ ոլորտներում ևս տարբեր բնույթի հարցեր լուծելու համար:

ՀՆԴԿԱԿԱՆ СУ-30 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ ԿՎԱՃԱՌԵՆ ԲԵԼԱՌՈՒՍԻՆ

Հնդկաստանն սկսել է Ռուսաստանին վերադարձնել նախկինում մատակարարված Су-30К 18 կործանիչները: Ինքնաթիռները կարդիականացվեն մինչև Су-30КН տարբերակը, այնուհետև հավանաբար կփոխանցվեն Բելառուսի ռազմաօդային ուժերին:
1996թ. կնքված պայմանագրի համաձայն` Հնդկաստանը պետք է ստանար Су-30МКИ կործանիչներ, սակայն չկարողանալով ժամանակին կատարել ստանձնած պարտավորությունները` Ռուսաստանը պատվիրատուին հանձնել է ինքնաթիռի պարզեցված տարբերակի 18 նմուշ` պարտավորվելով հետագայում դրանք փոխարինել Су-30МКИ տարբերակով:

С-300-ՆԵՐԻ ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿԾԱՌԱՅԵՆ ՈՐՊԵՍ ԹԻՐԱԽՆԵՐ

ՌԴ զինված ուժերի ՀՕՊ զորքերը մարտական հրաձգության ընթացքում կկրակեն С-300 համալիրի հրթիռների վրա: Ծառայության երաշխիքային ժամկետն ավարտած հրթիռները ՆԱՏՕ-ի նորագույն ինքնաթիռների և հրթիռների դեր կկատարեն:
Այդպիսով զինվորականները միանգամից երկու խնդիր կկատարեն` կոչնչացնեն հին հրթիռները և զենիթայիններին կսովորեցնեն խփել արտասահմանյան սպառազինության և տեխնիկայի նոր նմուշները: