Նորություններ
ԱՄՆ-ում վարժական թռիչքի ժամանակ կործանվել է ծովային հետևակի կորպուսին պատկանող AH-1W Cobra մարտական ուղղաթիռ: Ուղղաթիռում գտնվող երկու զինծառայող զոհվել է: Վթարի վայրում ուժեղ հրդեհ է սկսվել, որը տարածվել է 20 հեկտար տարածության վրա:
Հրդեհը սպառնում է հարակից Դե-Լուս բնակավայրին: Այն մարելու համար գործի են դրվել ծանր տրանսպորտային ինքնաթիռներ:
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ահմադ Վահիդին Մոսկվային վերստին կոչ է արել հարգել ստանձնած պարտավորությունները և Իրանին տրամադրել Ս-300 զենիթահրթիռային համակարգերը, որոնք լուրջ խոչընդոտ կդառնան ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ու Իսրայելի համար` պարտադրելով երկար ժամանակով հետաձգել Իրանի վրա նախատեսված հարձակումը:
Թեհրանի հերթական կոչը հնչեց Ռումինիայում ԵվրոՀՀՊ համակարգերի տեղակայման ու Անդրկասպյան գազամուղի կառուցման վերաբերյալ Թուրքմենստանի ու Ադրբեջանի հետ Եվրոպական Միության անջատ բանակցությունների պատճառով Մոսկվայի ու Արևմուտքի հարաբերությունների հերթական սրման ժամանակ:
ՌԴ պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի անդամ Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, որ նոր մարտական կանոնադրությունների մշակումը պայմանավորված է առանձին զորամասերին ու ստորաբաժանումներին գործողությունների առավել ինքնուրույնություն շնորհելու անհրաժեշտությամբ, ինչը թելադրված է ժամանակակից պատերազմների վարման բնույթի ու եղանակների փոփոխությամբ և մարտական ավիացիայի ու խոցման բարձր ճշգրտության միջոցների լայն կիրառմամբ:
Մամուլի հաղորդումների համաձայն` Ադրբեջանի ներքին գործերի և ՌԴ իրավապահ մարմինների «Սահման-Վահան» անվանմամբ համատեղ զորավարժություններն ընթանում են պետական սահմանին հարակից ադրբեջանական 6 շրջաններում:
Զաքաթալայի շրջանում, տեղի բնակիչների հաղորդմամբ, անգամ պահակակետեր են տեղակայվել, ուր ներքին գործերի և ոստիկանության զինված աշխատակիցները մանրամասն ստուգում են ավտոմեքենայով շրջան մտնող և դուրս եկող բոլոր անձանց:
Շրջանի ոստիկանությունում հաստատել են այդ փաստը, սակայն գործողության գաղտնիությունը վկայակոչելով, այլ տեղեկություններ չեն հաղորդել:
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է զբաղվել տորպեդային սպառազինության մշակման ու փորձարկման` դեռևս ԽՍՀՄ օրոք Իսիկ Կուլ լճի ափին կառուցված «Դաստան» կենտրոնի արդիականացմամբ: Խորհրդային տարիներին այստեղ իրականացվում էին ժամանակի համար եզակի ու գերարագ, ինչպես նաև միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ «Շկվալ» թևավոր ռեակտիվ տորպեդների ստորջրյա փորձարկումները:
ԽՍՀՄ փլուզումից հետո կենտրոնը մատնվել էր փաստական անգործության: Բայց թեև Կիրգիզիայում որևէ գաղտնիք գնելն առանձնապես դժվար չէր, օտարերկրյա հատուկ ծառայություններին տարիներ շարունակ չէր հաջողվում անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերել այս հրթիռների մասին:
Թեև ՌԴ նախագահի օգոստոսի 10-ի հրամանագրով սահմանված մեկամսյա ժամկետը լրացել է, սակայն Ռուսաստանի 19 ուժային գերատեսչությունների և ծառայությունների պաշտոնական ինտերնետ կայքերն այնպես էլ ձեռք չեն բերել ներկային ու նրա թելադրած իրական խնդիրներին առնչվող բովանդակություն և հետևողականորեն շարունակում են այցելուներին առաջարկել հիմնականում պատմական բովանդակության տեղեկանքներ:
Խոսքը վերաբերում է հատկապես Պահպանության դաշնային ծառայությանը, Արտաքին հետախուզական, ինչպես նաև Սուրհանդակային պետական ծառայություններին: Իսկ «Рособоронзаказ»-ն ընդհանրապես մոռացել էր պաշտոնական կայքէջում զետեղել անգամ… իր լրատվական ծառայության հեռախոսահամարը:
Քադաֆիի վարչակարգի ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը հայտարարել է, որ գնդապետին հավատարիմ ուժերը Բանի Վալիդ քաղաքի ուղղությունում գերել են 17 օտարերկրյա վարձկանների, որոնց մեծամասնությունը ֆրանսիացիներ են: Կան նաև երկու բրիտանացիներ և Կատարի մեկ քաղաքացի:
Այդ մարտերի ընթացքում ազգային անցումային կառավարության ուժերը փորձել էին մտնել քաղաք, սակայն ծանր կորուստներով հետ էին շպրտվել, իսկ Քադաֆիին հավատարիմ զորքերի հակահարձակումը կանգնեցվել էր միայն ՆԱՏՕ-ի օդային նոր հարվածների միջոցով: