Նորություններ
Այսօր Ռուսաստանում բացվում է սպառազինության և ռազմական տեխնիկայի «Նիժնի Տագիլ-2011» միջազգային ցուցահանդեսը:
Այս ցուցահանդեսի առանձնահատկությունն այն է, որ անցկացվում է ռազմափորձադաշտի տարածքում և հնարավորություն է տալիս այցելուների առջև անվտանգ մարտական հրաձգություն կատարելու` ներկայացնելով կոնկրետ զինատեսակի հնարավորությունները:
Հնդկաստանի զինված ուժերը ձգտում են դառնալ ավելի մոբիլ և հակառակորդի դեմ արագընթաց ռազմական օպերացիաներ իրականացնելու ընդունակ: Սակայն այդ ռազմավարության իրականացմանը խանգարում է… հնդիկ զինծառայողների անշարժունակությունը:
Լիովին առողջ համարվող 767 զինծառայողների շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրանց 1/3-ը ավելորդ քաշի խնդիր ունի, յուրաքանչյուր չորրորդի արյան բարձր ճնշման նախանշաններ կան և այլն: Այդ ամենը բացատրվում է շարժումների պակասով և ֆիզիկական վարժություններ չկատարելով:
Թուրքիան մտադիր է ռազմական համագործակցության պայմանագիր կնքել Եգիպտոսի հետ: Իսրայելական «Հաարեց» թերթի տվյալներով, համապատասխան փատաթուղթը կստորագրվի սեպտեմբերի 12-ին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Եգիպտոս կատարելիք այցի ընթացքում:
Թուրքական կառավարության ղեկավարը վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ կայցելի Եգիպտոս:
Ամերիկյան բանակը 4,9 միլիոն դոլարի պայմանագիր է ստորագրել AeroVironment ընկերության հետ` Switchblade գերկոմպակտ անօդաչու թռչող ապարատների մատակարարման վերաբերյալ:
Ապարատը կրում է մարտական լիցք, որը ինքնապայթեցվում է` խոցելով նշանակետը: Նոր ապարատը զինծառայողներին հնարավորություն կտա ոչնչացնելու հակառակորդի օբյեկտները հրետանային աջակցության բացակայության պայմաններում:
Վրաստանի լեռնային շրջաններից մեկում վթարային վայրէջք է կատարել երկրի զինված ուժերին պատկանող ՄԻ-8 ուղղաթիռ: Ուղղաթիռում գտնվել են անձնակազմի երեք անդամներ, ինչպես նաև վրացի և արտասահմանցի լրագրողներ և օպերատորներ: Նրանցից ոչ մեկը լրջորեն չի տուժել:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` մեքենան կորցրել է ղեկավարումը քամու ուղղության կտրուկ փոփոխության հետևանքով, որից հետո օդաչուները ստիպված վթարային վայրէջք են կատարել:
Վիկտոր Յանուկովիչն առաջարկել է 2012 թվականին բանակի թվակազմը կրճատելով հասցնել 184.000 մարդու, որոնցից զինծառայողներ կլինեն 139.000-ը: Դա պայմանավորված է այս տարի ընդունվող մի շարք հիմնարար փաստաթղթերի` Ազգային անվտանգության ռազմավարության և ռազմական դոկտրինի նոր խմբագրության, զինված ուժերում իրականացվելիք բարեփոխումների և դրա իրականացման ծրագրի պահանջներով:
2010-ին Ուկրաինայի բանակի թվակազմը 200.000 էր, որոնցից զինծառայողներ էին 160.000-ը: Այս տարի նախատեսվում է բանակը կրճատել 8.000 մարդով:
Կիևի տնտեսական դատարանը հրաժարվեց բավարարել 2001 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի երկնքում ՀՕՊ զորախաղերի ժամանակ ենթադրաբար հրթիռով խոցված ռուսաստանյան ՏՈՒ-154 ինքնաթիռի առնչությամբ 2004 թվականին «Սիբիր» ավիաընկերության ներկայացրած 15,32 միլիոն ԱՄՆ դոլարի դատական հայցը: Ավիաընկերությունը հայտարարել է, որ կգանգատարկի դատարանի որոշումը:
Թել-Ավիվ-Նովոսիբիրսկ չվերթի բոլոր 66 ուղևորները և անձնակազմի 12 անդամները զոհվել էին: