Նորություններ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը «Լիբիայի բարեկամների համաժողովի» ավարտից անմիջապես հետո հայտարարել է, որ ելնելով «բարոյական պարտավորություններից», ամիսներ առաջ ինքն է պնդել աջակցել ապստամբներին, իսկ այժմ իր երկիրը պատրաստ է «հաջորդ ռազմական գործողությանը»:
Փորձագետների միահամուռ կարծիքով, խոսքը վերաբերում է Սիրային: Առավել ևս, որ վարչապետը հայտարարել է, թե Մեծ Բրիտանիան Դամասկոսի նկատմամբ ավելի խիստ միջոցների կիրառման կողմնակից է, սակայն դրա համար անհրաժեշտ է միջազգային լայն աջակցություն:
Եթե մինչ այժմ զինվորները ՌԴ զինված ուժերի անձնակազմին սննդով ապահովող «Օբորոնսերվիս» քաղաքացիական կազմակերպությանն իրենց դժգոհությունները կարող էին հայտնել հեռախոսազանգի ու ինտերներտի միջոցով, ապա շատ շուտով, երբ կգործի «Օբորոնսերվիսի» միասնական դիսպետչերական ծառայությունը, զինվորների գործն ավելի կհեշտանա:
75-ամյա Խուլիո Կասասը սեպտեմբերի 3-ին մահացել է սրտի կաթվածից: Գեներալը 1959թ. Կուբայի հեղափոխության մասնակից էր, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2008 թվականից` Ռաուլ Կաստրոյի հրամանով:
Գեներալի մահվան կապակցությամբ Կուբայում հայտարարվել է եռօրյա սուգ:
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու մասին «Facebook» սոցիալական ցանցում Դմիտրի Ռոգոզինի (Հյուսիսատլանտյան դաշինքում ՌԴ մշտական ներկայացուցչի) այս գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում ու դիվանագիտական շրջանակներում:
Սիկորսկին, ով 80-ականներին գործուղվել էր աֆղան մոջահեդների մոտ՝ բրիտանական «Spectator» և «Observer» պարբերականների համար լուսաբանելու մարտական գործողությունների ընթացքը, և միշտ հպարտանում է իր «աֆղանական» անցյալով, սոցիալական ցանցում տեղադրել էր «Կալաշնիկովի» ավտոմատը ձեռքին իր լուսանկարները և պատմել, թե ինչպես էր խորհրդային ստորաբաժանման զորանոցի վրա գիշերային հարձակման նախօրեին մեծ դժվարությամբ ձեռք բերել այն:
ԱՄՆ-ը և Թուրքիան պայմանավորվել են վերջինիս տարածքում ռադիոտեղորոշման համալիր տեղադրելու մասին: Նոր համալիրը կընդգրկվի ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգում և կօգտագործվի Իրանի տարածքից հեռահար հրթիռների արձակման մասին վաղ ազդարարման նպատակով:
Նոր ռադարը տվյալներ կփոխանցի հակահրթիռային պաշտպանության Aegis համակարգով համալրված ամերիկյան հածանավերին, որոնց խնդիրն է բալիստիկ հրթիռների ոչնչացումը:
Ամերիկյան Standard Missile-3 Block IB նոր որսացող հրթիռի առաջին փորձնական արձակումը անհաջող է անցել: Հրթիռը չի կարողացել որսալ թիրախը` մոտ տարածության գործողության շառավղով բալիստիկ հրթիռը:
Նոր հրթիռը ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության Aegis համակարգի ծովային բաղկացուցիչ մաս է կազմում: Համակարգի նախորդ 27 փորձարկումներից 22-ը հաջող է անցել:
«Նիժնի Տագիլ-2011» սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսում «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը կներկայացնի Т-90АМ արդիականացված տանկը:
Որպես Т-90-ի բազային տարբերակի նկատմամբ հիմնական առավելություն` արտադրողները նշում են տանկի աշտարակում կատարված փոփոխությունները. այսուհետ զինամթերքը կտեղավորվի ոչ թե տանկի հիմնամասում, այլ աշտարակի հետևի մասի հատուկ խցում, որը անջատված է անձնակազմից հատուկ զրահապատ միջնորմով: Զինամթերքի պայթեցման դեպքում նման կառուցվածքը զգալիորեն կբարձրացնի անձնակազմի կենսունակությունը: