Նորություններ
Ամերիկյան մի կազմակերպություն հրաձգային զենքի և պայթուցիկ նյութերի վերահսկողության բյուրոյի վիճակագրական տվյալների վերլուծության հիման վրա զեկույց է հրապարակել, ուր նշվում է ռազմական գործարաններից 2009թ. հետո ավելի քան 16 000 միավոր զենք կորելու մասին:
Բերված տվյալների համաձայն` բյուրոյի աշխատակիցները ստուգումների ընթացքում 16487 զենքի վաճառքի մասին գրառումներ չեն գտել, դրանք բացակայել են նաև պահեստից: Ընդ որում, ստուգվել է ռազմական ձեռնարկությունների միայն 20 տոկոսը:
Lockheed Martin ընկերությունը ավարտել է ամերիկյան ռազմաօդային ուժերի համար նախատեսված F-22 Raptor վերջին` 187-րդ կործանիչի հիմնամասի հավաքումը: Ինքնաթիռը բանակին կտրամադրվի 2012թ.:
F-22-ի արտադրական հոսքագիծը կպահպանվի ևս մի քանի տարի ինքնաթիռների ընթացիկ նորոգումն ու արդիականացումն ապահովելու համար:
Այդպիսով, շուրջ 77,4 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը պատմության մեջ կմնա որպես ամենաթանկարժեք և անպիտան նախագիծ:
Գերմանիայի կառավարությունը ավելացրել է արտասահմանում ռազմական օպերացիաների ժամանակ վիրավորված զինծառայողներին տրամադրվող փոխհատուցման չափը: Այսուհետ մասնագիտական աշխատունակությունը վիրավորվածության արդյունքում 50 տոկոսով կորցնելու դեպքում բունդեսվերի զինծառայողները կստանան 150 հազար եվրո միանվագ վճարում նախկին 80 հազարի փոխարեն:
Ներկայումս արտասահմանյան ռազմական օպերացիաներում ներգրավված է գերմանացի 7140 զինծառայող:
ՌԴ և ՆԱՏՕ-ի մասնագետները մշակել են անգլերեն և ռուսերեն շուրջ 15 000 տերմին պարունակող զրուցարան համագործակցության շրջանակներում շփումները զարգացնելու համար: Այն կազմվել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովի և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ջամպաոլո դի Պաոլայի խմբագրությամբ:
Հեղինակների կարծիքով նոր ձեռնարկը կնպաստի երկու կողմերի փոխըմբռնմանը: Այն կոչված է լրացնելու խոսակցական մասնագիտական բազան:
Մինչ Արևմուտքը տոնում է Լիբիայում Քադաֆիի վարչակարգի տապալումն ու այս պետությունում ևս ժողովրդավարության հաղթանակը, վերլուծաբանները խոսում են բոլորովին այլ երևույթի՝ սպիտակամորթ լիբիացիների կողմից երկրի սևամորթ բնակչության նկատմամբ զանգվածային հաշվեհարդարների մասին, ինչը վկայում են նաև Լիբիայից ստացվող տեսանյութերը: Նման դեպքերի պատճառով Աֆրիկյան միությունը չի ճանաչում Լիբիայի անցումային ազգային կառավարության օրինականությունը:
Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ավիակիրը ամբողջությամբ կատարել է 4-օրյա փորձարկումների ողջ ծրագիրը, և այժմ կշարունակվեն միայն ռազմանավի տարբեր համակարգերի թեսթավորման աշխատանքները:
Սա նախկին խորհրդային «Վարյագ» ավիակիրն է, որը Չինաստանը 1998 թվականին գնել էր Ուկրաինայից և սկսել արդիականացնել: Այսպիսով, Չինաստանն առաջիկայում կդառնա հերթական պետությունը, որի զինված ուժերը կարող են իր ափերից հեռու, բաց ծովում վարել մարտական գործողություններ:
Աբխազիայի զինված ուժերի արևելյան խմբավորման և ՌԴ ՊՆ 7-րդ ռազմակայանի ծովային հետևակի մեկ գումարտակի մասնակցությամբ սկսված մարտավարական 4-օրյա զորավարժությունների ընթացքում կմշակվի երկու կողմերի համագործակցությունը և գործողությունների ներդաշնակումը, հատկապես մշտական տեղակայման վայրից կենտրոնացման շրջան մեկնելիս պաշտպանություն կազմակերպելու, հակառակորդի ծովային դեսանտի հարձակումը կասեցնելու և պաշտպանական մարտ մղելու ասպարեզներում:
Զորավարժությունները ղեկավարում է Աբխազիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վ. Վասիլչենկոն: