Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԻՐԱՆԻ ՌԱԶՄԱՆԱՎԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՐԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ ԵՎ ԱՄՆ-ԻՆ

Իրանը նախատեսում է մեկ սուզանավ և մեկ ռազմանավ ուղարկել Կարմիր ծով և Ադենի ծոց: Իրանի ռազմական նավատորմի ծովակալ Հաբիբուլլի Սայարին նշել է, որ բաց ծովում նավերի պարեկությունը կցուցադրի Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային հզորությունը:
Այս տարվա փետրվարին Իրանը Սուեզի ջրանցքով ռազմանավեր էր ուղարկել Միջերկրական ծով` Սիրիայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու համար: Դա վրդովմունքի ալիք էր բարձրացրել Իսրայելում, որտեղ նման տեղաշարժերը ընկալվել են որպես սադրիչ գործողություններ:

ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ 10-15 ԹՌՉՈՂ ՍԱՐՔ

Վերջին 6 տարիների ընթացքում Հնդկաստանի ռազմաօդային ուժերը կորցրել են 46 կործանիչ: Ամենամեծ կորուստները եղել են 2009թ., երբ վթարի է ենթարկվել 10 ինքնաթիռ: Ամենից հաճախ կործանվել են ՄԻԳ-21 ինքնաթիռներ:
Ընդհանրապես, Հնդկաստանի ռազմաօդային ուժերին հատուկ է վթարայնության բարձր աստիճանը: 1970-2000թթ. երկիրը տարեկան կորցրել է միջինը 22-23 ինքնաթիռ և ուղղաթիռ, այնուհետև` տարեկան 10-15-ը: Դեպքերի 45 տոկոսի պատճառ է եղել օդաչուի սխալը, 42 տոկոսինը` տեխնիկական խնդիրները, իսկ մնացած 13 տոկոսինը` պատահականությունը, օրինակ` թռչունների հետ բախումը:

ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԵԼ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Միջոցների խնայողությունը վտանգի առաջ է կանգնեցրել Գերմանիայի զինված ուժերի մարտունակությունը և սպառնում է զիծառայողների անվտանգությանը: Այդ մասին հայտարարել է երկրի խորհրդարանի` զինված ուժերի հարցերով լիազոր ներկայացուցիչ Հելմուտ Կենիգսհաուսը:
Նրա կարծիքով, առավել մտահոգիչ է ուսումնական և մարտական զինամթերքի պակասը, ինչպես նաև Աֆղանստանում գերմանական ստորաբաժանումների թույլ սպառազինումը խոշոր տրամաչափի զինատեսակներով: Զինամթերքի պակասի պատճառով զինվորները պատշաճ կերպով չեն տիրապետում հրաձգային զենքին:

ԳԵՐՄԱՆԱՑԻ ԶԻՆԱԳՈՐԾՆԵՐԻՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ՔԱԴԱՖԻԻՆ ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԵՋ

Լրագրողները Լիբիայում հայտնաբերել են գերմանական Heckler & Koch ընկերության արտադրած զենքեր, որոնք, հնարավոր է, այդ երկիր են մատակարարվել` շրջանցելով Գերմանիայի կառավարության սահմանած արգելքները:
Ապստամբների կողմից մայրաքաղաք Տրիպոլին գրավելուց հետո նրանց ձեռքում են հայտնվել HK G-36 ինքնաձիգներ: Որոշ տվյալներով նրանց բաժին է հասել ինքնաձիգի HK G-36 KV (հատուկ նշանակության ստորաբաժանումների համար նախատեսված, կարճեցված փողով տարբերակ) մոդիֆիկացիայի մի ամբողջ պահեստ: Բոլոր միավորների վրա առկա են գործարանային դրոշմներ:

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԶՈՐԱԽՄԲԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Աֆղանստանի Գելմենդ գավառում միջազգային կոալիցիոն ուժերի պարեկային խմբի վրա թալիբների հարձակման հետևանքով վրացի զինծառայող է զոհվել: Այդպիսով, Աֆղանստանում վրացական զորախմբի ընդհանուր կորուստները կազմեցին 10 մարդ:
Կրտսեր սերժանտ Ռևազ Բերիձեն վրացական բանակում ծառայել է 2002թ., մինչև Աֆղանստան մեկնելը ծառայել է Իրաքում:

ՆԱԽԱՐԱՐՆ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ ՎԱՐԵՑ ՀՈՏՆԿԱՅՍ

Արդեն ձեւավորված ավանդույթ են սեպտեմբերի 1-ին պետական գերատեսչությունների ղեկավարների այցելությունները կրթօջախներ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին այս սեպտեմբերի 1-ին հյուրընկալեցին Երեւանի պետական ֆինանսատնտեսական քոլեջում: Նախարարը շնորհավորեց բոլորին Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա կապակցությամբ ու իր ելույթում նշեց` գիտելիքը այն հզոր ուժն է, որը, համաձուլվելով հայրենասիրական ոգուն եւ արիությանը, կերտում է պետություն. «Գիտելիքներով օժտված մարդը անպարտելի է, եւ ժամանակակից քաղաքակրթությունը փաստում է` որքան շատ գիտես, այնքան շատ կարող ես»:

ՀՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԱՂԱՍԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով այսօր ձերբակավել է երկու զինծառայող, որոնցից մեկը սպա է: Դեպքի վայրում աշխատում է ՊՆ քննչական վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Արցախում է գտնվում նաև ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը: Իրականացվում են օպերատիվ մեծածավալ աշխատանքներ` դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար: Գործը գտնվում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խիստ վերահսկողության ներքո: Վաղը դեպքի վայր է մեկնելու նաև պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը: Նախաքննության շահերից և ձերբակալվածների ընտանիքների անդամների անվտանգությունից ելնելով առայժմ ձերբակալվածների անունները չեն հրապարակվում: Նախաքննությունը շարունակվում է, առաջիկա օրերին հնարավոր են նաև այլ ձերբակալություններ»: