Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ ՉԻ ՍՊԱՌՆԱ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Պատրաստ է Սևծովյան նավատորմի վերաբերյալ ռուս-ուկրաինական 2 պայմանագիր: Ռուսաստանում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Ելչենկոն հայտնել է, որ դրանք կոստորագրվեն ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի առաջիկա նիստում: Դրանցից մեկը կկարգավորի տեղակայման վայրերից դուրս Սևծովյան նավատորմի զինծառայողների գտնվելու հարցերը, իսկ երկրորդը` տարերային աղետների դեպքում համատեղ գործողությունների իրականացման հետ կապված խնդիրները:

ՆՌՆԱԿՆԵՐՆ ԱՐԴԵՆ «ԽԵԼԱՑԻ ԵՆ»

Հարավկորեական Hanwha ընկերությունն արտադրում է ռոբոտ-նռնակներ:
«Խելացի» նռնակը կշռում է շուրջ 700 գրամ: Պաշտպանիչ ծածկի ներսում պայթուցիչից բացի տեղադրված է նաև տեսախցիկ ու ռադիոազդանշանային փոխանցիչ: Նռնակը նետվում է թիրախի ուղղությամբ, ապա այն տեղաշարժվում է հաստ ու դիմացկուն ռետինից պատրաստված թրթուրավոր անիվների օգնությամբ:
Պայմանական վայրում ընկնելուց հետո օպերատորի կառավարմամբ նռնակը հասցվում է անմիջապես թիրախի մոտ և պայթեցվում: Այն կարող է նույնիսկ աստիճաններով մագլցել:

F-35-ԵՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԵՆ ԹՌՉԵԼ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը թույլատրել է բոլոր F-35 Lightning II կործանիչների թռիչքը: Որոշումը կայացվել է ինքնաթիռների տեխնիկական տվյալների, հատկապես էներգամատակարարման համակարգի ստուգումներից հետո:
Թռիչքները դադարեցվել էին փորձարկումների ժամանակ ինքնաթիռներից մեկի էներգամատակարարման համակարգի խափանումից հետո: Ներկայումս բոլոր թերությունները վերացվել են:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԵՏԱՁԳԵԼ Է ՌԱԶՄԱՆԱՎԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՆ

Հնդիկ գործընկերներին ուղարկված ծանուցագրում «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության ներկայացուցիչները հետաձգումը պատճառաբանել են բարձր որակավորման մասնագետների անհրաժեշտ քանակի բացակայությամբ և նավաշինական ձեռնարկություններին համապատասխան սարքավորումների մատակարարման ուշացմամբ:
Հնդկաստանին «Տալվար» դասի «Տեգ», «Տարկաշ» և «Տրիկանդ» ֆրեգատներ մատակարարելու մասին պայմանագիրը ստորագրվել է 2007թ.: 1,5 միլիարդ դոլար արժողությամբ նավերը պետք է պատվիրատուին հանձնվեին 2011-2012թթ.: Նոր հաշվարկներով, մատակարարումները կավարտվեն 2013թ.:

ՌԴ-ՈՒՄ ՄԻ-24 ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌ Է ԿՈՐԾԱՆՎԵԼ

ՌԴ Չերնիգովկա բնակավայրի մոտ պլանային ուսումնական թռիչքի ժամանակ վայր է ընկել ՄԻ-24 մարտական ուղղաթիռ: Վթարի հետևանքով զոհվել է 1 մարդ, անձնակազմի 2 անդամներին հաջողվել է դուրս թռչել ուղղաթիռից և ողջ մնալ:
Վթարի պատճառները պարզելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով, տվյալ տեսակի ուղղաթիռների թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են:

ԻՍՐԱՅԵԼԻ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԸ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՆՈՐ ՑՈՒՑԻՉՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ

Իսրայելի բանակի դիպուկահարները կստանան հրաձգության ճշգրտությունը մեծացնող սարքավորումներ: Elbit Systems ընկերության արտադրած նշանակետերի լազերային ցուցիչները նույնիսկ վատ տեսանելիության պայմաններում թիրախից մինչև 1 կմ հեռավորության վրա գործելու հնարավորություն են տալիս:
Դիպուկահարները կարող են ճշգրիտ կրակ վարել` նշան բռնելով օպերատորի կողմից լազերային ցուցիչի միջոցով առանձնացված նշանակետին:

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԹԲԻԼԻՍԻ

Օգոստոսի 25-ին երկօրյա այցով Վրաստան է ժամանել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատար ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը: Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի հետ հանդիպման ընթացքում նա քննարկել Աֆղանստանում ռազմական գործողություններին Վրաստանի մասնակցության հետ կապված հարցեր:
Այսօր Աֆղանստանում ԱՄՆ և Ֆրանսիայի պատասխանատվության գոտում են վրացի 900 զինծառայողներ: Այս տարվա սկզբից նրանց քանակն ավելացել է` հասնելով 1500 մարդու: Աֆղանստանում ռազմական գործողությունների մասնակցելու ամբողջ ընթացքում Վրաստանը տվել է 8 զոհ և շուրջ 20 վիրավոր: