Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ 4 ԱՆԳԱՄ ՄԵԾԱՑԵԼ Է ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ

Արդեն իսկ սկսված աշնանային զորակոչի ընթացքում զինվորական ծառայության կմեկնի 4891 զորակոչիկ, ինչը շուրջ 4 անգամ գերազանցում է նախորդ տարվա աշնանային զորակոչի ցուցանիշը: Նախորդ տարվա համեմատ 2.5 անգամ բարձր են նաև գարնանային զորակոչի արդյունքները:
Տեղեկացնելով այդ մասին` վրացական մամուլը, սակայն, չի մեկնաբանում նորակոչիկների այդչափ քիչ լինելու, ինչպես նաև անցած տարվա համեմատ քառակի աճի պատճառները: Որպես միակ հավանական փաստարկ նշվում են պայմանագրային զինծառայության ֆինանսավորման ասպարեզում ի հայտ եկած լուրջ դժվարությունները:

«ՄԱՔՍ-2011»-Ը ԱՎԱՐՏԵՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

«ՄԱՔՍ-2011» ավիացուցահանդեսն ավարտեց իր աշխատանքը: Վեց օրվա ընթացքում այցելուները դիտել են ավելի քան 240 միավոր տեխնիկա, որից 90-ը մասնակցել է ցուցադրական թռիչքների ծրագրին: Թռիչքները եզրափակվել են ՄԻԳ-29 կործանիչի ելույթով:
Ցուցահանդեսի ընթացքում կնքվել է ավելի քան 10 միլիարդ դոլարի պայմանագիր, ավելի շատ, քան նախորդ ավիացուցահանդեսներում: Հետագա ճշգրտումներից հետո հնարավոր է այդ թիվը մեծանա:

ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԽՈՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ

Մոտ ապագայում ռուսական զորքերը կստանան շարժական զենիթահրթիռային համալիրների կառավարման ավտոմատ համակարգեր:
Ներկայումս շարժական զենիթահրթիռային համալիրը կիրառվում է այսպես. օպերատորը երկնքում գտնում է հակառակորդի թիրախը, այդ ուղղությամբ պահում զենքը, «բռնում» նշանակետը և արձակում հրթիռը, որն էլ ջերմային ճառագայթներով ինքնաուղղորդվող գլխիկի շնորհիվ ոչնչացնում է թիրախը:
Սակայն իրական մարտի պայմաններում տարբեր խանգարող գործոնների պատճառով օպերատորը կարող է վրիպել:

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ԱՎԻԱՑԻՈՆ ՆՈՐ ՎԱՐԺԱՍԱՐՔ

«ՄԱՔՍ-2011» ավիացուցահանդեսի ժամանակ «Տրանզաս» ընկերությունը ցուցադրել է նմանը չունեցող ավիացիոն վարժասարք: Այն կարող է ամբողջությամբ կրկնօրինակել ամենատարբեր օդային իրավիճակներ:
Փորձարկումների ժամանակ ապացուցվել է, որ նոր վարժասարքով ուսուցման կուրս անցած օդաչուները իրական տեխնիկա կառավարելիս չեն զիջում, շատ դեպքերում նաև առավել են փորձառու օդաչուներից:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՊԱՅՔԱՐԻ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՈՉ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Ռուսաստանը կշարունակի հակազդել չինական ընկերությունների կողմից ռուսական սպառազինության ոչ արտոնագրային արտադրությանը: Այդ մասին հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը:
Նա նշել է, որ 2008թ. Ռուսաստանն ու Չինաստանը համաձայնագիր են ստորագրել մտավոր սեփականության պահպանման մասին, սակայն գործընթացի լիարժեք իրականացման համար երկար տարիներ կպահանջվեն: Կրկնօրինակման փաստն էլ շատ դժվար է ապացուցել, պահանջվում են ֆինանսական մեծ ծախսեր:

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՉՀԱՎԱՆԱԾ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ ԿԳՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի համար 126 կործանիչներ գնելու նպատակով հայտարարված մրցույթից դուրս մնացած ՄԻԳ-35 կործանիչները սպառազինության կվերցվեն Ռուսաստանի ռազմաօդային ուժերում:
Կործանիչը մրցույթում ներկայացրած «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ ինքնաթիռը դուրս է մնացել մրցույթից` «չափազանց նոր լինելու», ինչպես նաև կազմակերպիչների խիստ մոտեցումների պատճառով: Դրան դեռ պետք է սովորել և կարողանալ օգտագործել, մինչ այժմ էլ որոշ բաղադրամասեր պետական փորձարկումներ չեն անցել:

ԱՌԱՋԻԿԱ ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ ՌՈՒՍՆԵՐԸ ԻՆԸ ՆՈՐ ՈՒՂՂԱԹԻՌ ԿՍՏԵՂԾԵՆ

«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը առաջիկա տասնամյակում կիրականացնի հեռանկարային ուղղաթիռների ստեղծման 9 նախագիծ:
Գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների շրջանակներում այժմ մշակվում է ուղղաթիռների 6 մոդել, իրենց արդյունավետությունն ապացուցած տեխնոլոգիաների հիման վրա արդիականացվում և ընդլայնվում է ՄԻ-171Մ, ՄԻ-26Տ2, ԿԱ-226 մոդելների շարքը: Նախագծվում է ՄԻ-34Ս1 թեթև բազմանպատակ ուղղաթիռը:
Նախատեսվում է ստեղծել նաև հեռանկարային արագընթաց ուղղաթիռ, ինչպես նաև բազմանպատակ այլ մոդելներ: