Նորություններ
«Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիան հետազոտական աշխատանքներ է իրականացնում վերձայնային հրթիռի ստեղծման ուղղությամբ: Կորպորացիայի գլխավոր կոնստրուկտոր Բորիս Օբնոսովի խոսքով, նոր հրթիռը ձայնի արագությունը 12-13 անգամ գերազանցող արագություն կկարողանա հավաքել:
Ներկայումս վերձայնային հրթիռ է մշակվում նաև «ԲրաՄոս» ռուս-հնդկական համատեղ ձեռնարկությունում: Նոր նախագծի հիմքում ընկած են Ռուսաստանի և Հնդկաստանի զինված ուժերի սպառազինության մեջ ընդգրկված «ԲրաՄոս» գերձայնային հրթիռներում կիրառված տեխնոլոգիաները:
Ռուսական 3 ընկերություններ ավիացիոն հարվածային նոր համալիր ստեղծելու պայմանագիր են ստորագրել: Նոր համալիրը «Կլաբ-Կ» համալիրի հրթիռներ կարձակի:
«Կլաբ-Կ»-ն կոնտեյներանման հրթիռային համակարգ է: Այն ունիվերսալ է, կարող է տեղադրվել ինքնաթիռների, տարբեր տեսակի նավերի, գնացքների, բեռնատար ավտոմեքենաների վրա, նաև բեռների ծովային տեղափոխման ստանդարտ կոնտեյներում: Նախատեսված է վերջրյա և ցամաքային թիրախների խոցման համար:
Ռուսաստանը չի վախենում սպառազինության համաշխարհային շուկայում Չինաստանի ռազմաարդյունաբերական համակարգի հետ մրցակցությունից: «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը հայտարարել է, որ շուկայում Ռուսաստանը իր կայուն մասնաբաժինն ունի:
Նրա խոսքով, վերջին 10 տարիներին անշեղորեն աճում է ռուսական տեխնիկայի և սպառազինության մատակարարումը Լատինական Ամերիկայի, հարավարևելյան Ասիայի երկրներ, մասնավորապես, Վիետնամ, Ինդոնեզիա, Մալայզիա և այլն:
Ռուսական «Ռոստեխնոլոգիաներ» պետական կորպորացիան և «Միացյալ ավիաշինական կորպորացիան» ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել: Նպատակը բարձրտեխնոլոգիական արտադրանքի մշակմանն ու արտահանմանը աջակցելն է:
Միայն «Ռոստեխնոլոգիաներ» կորպորացիայի կազմում ընդգրկված են ռազմական և քաղաքացիական ոլորտի 28 հոլդինգ և շուրջ 600 ձեռնարկություն: «ՄԱԿ»-ն զբաղվում է ավիացիոն տեխնիկայի արտադրությամբ, վաճառքով, ընթացիկ շահագործմամբ ու սպասարկմամբ, նորոգմամբ և արդիականացմամբ:
Աբխազիայում օգոստոսի 26-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների նախօրեին բուռն արձագանք է առաջացրել 1992-1993թթ. վրաց-աբխազական պատերազմի ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարար Թենգիզ Կիտովանիի սենսացիոն հարցազրույցը, ուր նա հայտարարում է, թե այժմ նախագահի թեկնածու, իսկ պատերազմի ընթացքում Աբխազիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Անկվաբը համագործագցել է Թբիլիսիի հետ և պարբերաբար տեղեկություններ հաղորդել աբխազական զինված ուժերի տեղաշարժի և առաջիկա գործողությունների մասին: Համանման մեղադրանքներով հանդես են եկել նաև վրաց-աբխազական պատերազմի մի խումբ աբխազ վետերաններ, և հանրահավաքի ժամանակ ցուցադրել Կիտովանիի հարցազրույցի տեսագրությունը:
Լատվիական «Բալթյան մեղուներ» թռիչքային խմբի L-39 ուսումնամարզական ինքնաթիռն աջ անիվի անսարքության և կողային քամու պատճառով վայրէջք է կատարել թռիչքուղուց դուրս: Սակայն հերքելով որոշ լրատվամիջոցների հաղորդած լուրերը, MAKC-2011-ի լրատվական ծառայությունը հաղորդել է, որ ինքնաթիռը գտնվում է սարքին վիճակում և կշարունակի մասնակցել ծրագրով նախատեսված ելույթներին:
Իսկ նախօրեին տեխնիկական խնդիրների պատճառով ցուցադրական թռիչքն ընդհատել էր ռազմածովային ուժերի համար նախատեսված ռուսական МиГ-29 կործանիչը, որը սակայն, բարեհաջող վայրէջք էր կատարել, և օդաչուն ու ինքնաթիռը չէին տուժել:
Միջազգային ավիատիեզերաշինական ցուցահանդեսի առաջին երեք օրերի ընթացքում Ռուսաստանյան «Միացյալ ավիաշինական կորպորացիան» կնքել է քաղաքացիական 124 ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ ընդհանուր առմամբ 7,5 միլիարդ ԱՄՆ դոլար արժողության պայմանագրեր: Խոսքը վերաբերում է հեռանկարային համարվող 78 հատ МС-21 և 46 հատ Superjet 100 ինքնաթիռների արտադրությանը: