Նորություններ
Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գվարդիայի մայոր Ռոման Ստորոժենկոն թռիչքային պատրաստության կանոնները խախտելու մեղադրանքով դատապարտվել է 2 տարի պայմանական ազատազրկման: Նրա գործողությունների հետևանքով ՄԻԳ-31 կործանիչ է վթարվել:
Քննության տվյալների համաձայն մայորը, հանդիսանալով թռիչքների պատասխանատու, ռազմական օդանավակայանը համարել է շահագործման պիտանի, թեև թռիչքավայրէջքային գոտու անվտանգության շերտը լիովին մաքրված չի եղել ձյունից:
Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը «Ֆորդու» ատոմային կենտրոնի օդային տարածքում ամերիկյան անօդաչու թռչող ապարատ են խփել:
Իրանական աղբյուրների համաձայն անօդաչու ապարատը տեղեկություններ է հավաքել ուրանի հարստացման կենտրոնի մասին:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը դիմել է Սենատի` զինված ուժերի հարցերով ենթահանձնաժողովին` առաջարկելով նվազեցնել սպառազինության կանգնած ռազմատրանսպորտային ինքնաթիռների թվաքանակի նվազագույն պարտադիր շեմը:
Գործող 316-ի փոխարեն զինվորականները առաջարկում են սահմանել մշտապես սպառազինության կանգնած ինքնաթիռների նոր քանակ` 301 միավոր:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ին առաջարկել է սպառազինության վերցնելուց հետո փոխանակել F-35 կործանիչները: Բրիտանացիները կհանձնեն թռիչքի ուղղահայաց մեկնարկով F-35B մոդիֆիկացիայի բոլոր կործանիչները` փոխարենը ստանալով տախտակամածային բազավորման նույնքան F-35C:
2010թ. Մեծ Բրիտանիայի կառավարությունը ազգային անվտանգության նոր ռազմավարություն է ընդունել, որի շրջանակներում ռազմական ծախսերի կրճատում պետք է կատարվի: Փաստաթղթի պահանջների համաձայն երկրի զինված ուժերը պետք է հրաժարվեն F-35B-ի գնումներից ի օգուտ F-35C-ի: Առաջիններն ավելի թանկ են, այդ պատճառով էլ ավիակիրների վրա կտեղադրվեն թռիչքի մեկնարկն ու ավարտը ապահովող կատապուլտներ և կտեղակայվեն ավելի էժան ինքնաթիռներ:
ՌԴ Սևծովյան նավատորմը առաջիկա 3 տարիներին 12 ՍՈՒ-30ՍՄ կործանիչ կստանա: Ինքնաթիռները կփոխարինեն արդեն հնացած ՍՈՒ-24 ռմբակոծիչներին:
ՍՈՒ-30ՍՄ կործանիչը ՍՈՒ-30ՄԿԻ-ի մոդիֆիկացիաներից է, տարեվերջին թռիչքային ամփոփիչ փորձարկումներ է անցնելու: «Իրկուտ» կորպորացիան նախատեսում է 2012թ. առնվազն 28 միավոր տեխնիկա մատակարարելու պայմանագիր կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ:
ՍՈՒ-30ՍՄ կործանիչը թռչում է 2,1 հազար կմ/ժ արագությամբ մինչև 3000 կմ հեռավորության վրա: Մարտական գործողության շառավիղը 1,5 հազար կմ է: Ինքնաթիռը կարող է մինչև 8 տոննա սպառազինություն կրել:
Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը հանդես են եկել Եվրամիության զինված ուժերի միացյալ հրամանատարական կետ ստեղծելու առաջարկով: Համապատասխան պաշտոնական հայտարարությունը ստորագրել են 3 երկրների արտաքին գործերի նախարարները:
Գերմանական ԱԳՆ-ում նշել են, որ հակամարտությունների ավելացման, առանձին երկրների հնարավորությունների սահմանափակության, ճգնաժամերի հաղթահարման գործում ԵՄ հանդեպ առկա վստահության պայմաններում միացյալ շտաբի ստեղծումը առավել քան անհրաժեշտ է:
ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը իր բրիտանական պաշտոնակցի` գեներալ Դեյվիդ Ռիչարդսի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է, որ երկու կողմերը համագործակցության լայն հեռանկարներ ունեն:
Նրա խոսքերով ռուս-բրիտանական ռազմական համագործակցությունը որակական նոր աստիճանի բարձրացնելը կնպաստի աշխարհում անվտանգության ապահովման հրատապ խնդիրների լուծմանը: