Նորություններ
«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը նախատեսում է մինչև 2020թ. պատվիրատուներին մատակարարել շուրջ 3600 ուղղաթիռ, որից 2180-ը` ռազմական: Նախնական հաշվարկներով ուղղաթիռների արտադրության համաշխարհային շուկայում ընկերության մասնաբաժինը այս տարվա 11%-ից կհասնի 17%-ի:
ՆԱՍԱ-ն նախատեսում է 50 տոկոսով նվազեցնել ավիավառելիքի օգտագործումը` «նոր սերնդի ավիացիա» ծրագրի շրջանակներում:
Օրինակ` 2008թ. միայն քաղաքացիական խոշոր փոխադրողները և ԱՄՆ պաշտպանության նախարարությունը միասին ավելի քան 70 միլիարդ դոլարի վառելիք են օգտագործել:
Խնայող տեխնոլոգիաները թույլ կտան կրկնակի ավելացնել բոլոր, հատկապես ռազմական օպերացիաների արդյունավետությունը:
Մեծ Բրիտանիայի ֆինանսատեսչական ազգային գործակալության հրապարակած զեկույցի համաձայն` երկրի պաշտպանության նախարարությունը կորցրել է 6,3 միլիարդ ֆունտ ստերլինգ (10,1 միլիարդ դոլար): Ստուգումների ընթացքում պաշտպանական գերատեսչությունը չի կարողացել հաշվետվություն ներկայացնել հենց այդքան գումարի չափով հատկացումների վերաբերյալ: Միջոցները «կորել են» 2009-2010թթ.:
Ֆինանսական գործակալությունում նշում են, որ հաշվետվության բացակայությունը անպայման միջոցների վատնում կամ գողություն չի ենթադրում, գուցեև գումարները իրոք ծախսվել են սպառազինություն գնելու և ռազմական այլ նպատակների համար: Սակայն նման տարբերակն էլ փաստում է պաշտպանության նախարարությունում ծախսերի նկատմամբ անհրաժեշտ վերահսկողության բացակայությունը:
Իրանում հականավային հրթիռների փորձարկումներ են իրականացվել, բոլորն էլ խոցել են նախատեսված թիրախները:
Khalij-e-Fars («Պարսից ծոց») հրթիռը կարող է խոցել հակառակորդի թիրախները մինչև 300 կմ հեռավորության վրա: Դրա ոչնչացումը զգալիորեն բարդացնում է մեծ` 3500 կմ/ժ արագությունը: Հրթիռի մարտական մասի զանգվածը 650 կգ է:
Գերմանիան համաձայնել է 200-ից ավել Leopard 2A7+ տանկեր վաճառել Սաուդյան Արաբիային` հրաժարվելով տասնամյակներ շարունակ իրականացվող այն քաղաքականությունից, ըստ որի` ծանր սպառազինություն չէր մատակարարում թագավորական ավտորիտար ռեժիմի կողմից կառավարվող այդ երկրին:
Գերմանական ընկերությունները, պահեստամասերի արտադրողները միլիարդավոր դոլարների արժողության պայմանագրերի ակնկալիք ունեն, քանի որ արաբական երկիրը բոլորովին նոր տանկեր է գնելու` հավանաբար հետագա շահագործման համար անհրաժեշտ աջակցման փաթեթի հետ միասին:
Բունդեսվերի 41-ամյա զինծառայողը գտել և ոստիկանությանն է փոխանցել երեք ճամպրուկ` 1 միլիոն եվրոյով: Նա հայտնել է, որ ճամպրուկները գտել է մայրուղու վրա, դա հաստատում են նաև ականատեսները:
Հուլիսի 4-ին հաղորդվել էր գերմանական Օբերտուլբ քաղաքից դեպի հարավ ձգվող մայրուղու վրա ինկասատորների մեքենայից 1 միլիոն եվրո գումարի անհետացման մասին:
Լատվիայի պաշտպանության նախարարությունը հավանական պատերազմի կամ հեղափոխության դեպքում ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու ծրագիր է նախապատրաստել:
Արտակարգ իրավիճակի դեպքում իշխանությունները հրապարակումների բովանդակությունը վերահսկելու, ռադիո և հեռուստատեսային ծրագրեր փակելու, թերթերի տպաքանակներ բռնագրավելու իրավունք պետք է ստանան: Պաշտպանական գերատեսչությունում դա բացատրում են հակառակորդի գրաված լրատվամիջոցը թշնամական քարոզչության մեխանիզմի վերածելու հնարավորությունը բացառելու ցանկությամբ, նաև այլ երկրներում գործող նմանատիպ դրույթներով: