Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԻՐԱՆԸ ՌՈՒՍՆԵՐԻՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՓՎԱԾ ԱՆՕԴԱՉՈՒ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիացիոն և տիեզերական զորքերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանի օդային տարածքում խփված ամերիկյան անօդաչու ապարատները ցուցադրվել են ռուս մասնագետներին:
Վերջիններս ծանոթացել են նաև խփված ապարատների կրկնօրինակման միջոցով արտադրված իրանական անօդաչու սարքերին:

ՄԱՐՏԱԿԱՆ ԼԱԶԵՐԸ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԲԵՌՆԱՏԱՐԻ ՎՐԱ

Ամերիկյան Boeing ընկերությունը HEMTT զինվորական բեռնատարի վրա բարձր էներգետիկ լազերի մասեր է տեղադրել և մինչև տարեվերջ կսկսի լազերային զենքի փորձարկումները: Տեղադրվել են գեներատորը, հայելիներ, թիրախների հայտնաբերման և ուղեկցման համակարգեր, օպտիկական սենսորներ: Աշտարակը պտտվում է 360 աստիճանով` ապահովելով ամբողջական համայնապատկեր և թիրախների լիարժեք խոցում: HEL TD լազերը նախատեսված է անօդաչու ապարատների և փոքր հեռահարության զինամթերքի ոչնչացման համար:

SIKORSKY-Ն ՈՒՂՂԱԹԻՌԻ ԱՆՕԴԱՉՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ ԿՍՏԵՂԾԻ

Ամերիկյան Sikorsky ընկերությունը մտադիր է ստեղծել UH-60M Black Hawk ուղղաթիռի տարբերակ, որը կկարողանա թռչել և´ անօդաչու ռեժիմով, և´ օդաչուի ղեկավարմամբ:
Անօդաչու ռեժիմով ուղղաթիռը վարելու համար կօգտագործվի 0,3 մետր լայնությամբ, նույնքան բարձրությամբ և 0,6 մետր երկարությամբ կոնտեյների մեջ տեղադրված էլեկտրոնային համակարգ, որի առաջին փորձարկումներն արդեն իրականացվել են:

ՄԻԳ-29-Ի ԿՈՐԾԱՆՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հունիսի 23-ին Ռուսաստանում ՄԻԳ-29 ինքնաթիռի կործանումից հետո Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է դադարեցնել ՄԻԳ-29 կործանիչների նավային տարբերակի գնման գործընթացը: Գնումները կվերսկսվեն միայն քննության ավարտից հետո:
Հնդկաստանը ռուսական ինքնաթիռները գնում է` «Վիկրամադիտյա» (նախկին ծովակալ Գորշկով) ավիակրի վրա տեղակայելու համար: Կործանված ինքնաթիռը փորձնական թռիչք էր կատարում` նշված խմբաքանակի կազմում Հնդկաստան մատակարարվելու նպատակով:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆՈՐ ԱՎԻԱԿԻՐ ԿԿԱՌՈՒՑԻ

Նավաշինական միացյալ կորպորացիան 2016թ. կսկսի Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար նոր ավիակիր նավի նախագծումն ու կառուցումը: Այդ մասին հայտարարել է կորպորացիայի նախագահ Ռոման Տրոցենկոն:
Այժմ Ռուսաստանն ունի մեկ ավիակիր` «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Կուզնեցով»` կառուցված 1985թ.: Այն մտնում է Հյուսիսային նավատորմի կազմի մեջ, կրում է 12 ԿԱ-27 ուղղաթիռ և 33 ՍՈՒ-33 կործանիչ:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ «ՇՓՈԹԵԼ» ԵՆ ԲԱԶԱՄԱԹԻՎ ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԻ

Հետաքննությունների դաշնային բյուրոն ռազմական քննիչների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում ԱՄՆ զինվորական ամենահայտնի` Արլինգտոնյան ազգային գերեզմանատանը թույլ տրված հավանական խախտումների վերաբերյալ: Քննության համար հիմք է դարձել ԱՄՆ ցամաքային զորքերի գլխավոր տեսուչի զեկույցը, որում նշվել է շուրջ 6000 անձի «սխալ թաղելու», նաև գերեզմանատան ղեկավարության կողմից վնասաբեր պայմանագրերի կնքման մասին:

ԻՍԿԱՊԵ՞Ս ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԸ

Գլխավոր վարչության նախկին պետ, պահեստի գեներալ-գնդապետ Նիկոլայ Սվերտիլովի պնդմամբ, ՌԴ պաշտպանական գերատեսչությունում ընթացող բարեփոխումների անվան ներքո, պատճառաբանելով ազատ տարածքների բացակայությունը, ոչնչացվել է 500-ամյա արխիվը, որը ստեղծվել էր դեռ Իվան Ահեղի ժամանակներում` 1575 թվականին, և պարունակում էր տեղեկություններ ռուսական հրթիռահրետանային բոլոր զինատեսակների ստեղծման ու արտադրության, ինչպես նաև զինապահեստների մասին: Գեներալ-գնդապետը հիշեցրել է, որ արխիվը 1917 թվականին պահպանել էին անգամ բոլշևիկները: