Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Ապրիլի 12-ին Ինդոնեզիան ընտրել է հարավկորեական Korea Aerospace Industries (KAI) ընկերությանը` որպես գերձայնային ուսումնամարզական օդանավերի մատակարարողի: Նախնական պայմանավորվածությամբ, Ինդոնեզիան ձեռք կբերի 16 T-50 Golden Eagles օդանավեր:
-Բազմաթիվ հայտարարություններ են արվել, որ գործարքի արժեքը կկազմի մոտ 400 մլն ԱՄՆ դոլար, բայց իրականում այն կորոշվի բանակցություններից հետո,- ասել է KAI-ի նախագահ Կիմ Հոնգ Կյունգը:
Սեուլը մինչ այս փորձել է գերձայնային օդանավերի արտահանման գործարք կնքել Միացյալ Արաբական Էմիրությունների հետ, բայց` անհաջող:

Ապրիլի 19-ին Պակիստանի զինված ուժերը հայտարարել են, որ «Hatf 9» կարճ հեռահարության միջուկային մարտագլխիկով բալիստիկ հրթիռների փորձարկումը հաջողությամբ է ավարտվել:
Հրթիռը արտադրվել է Պակիստանի ռազմավարական կարճ հեռահարության զենքի զարգացման ծրագրի շրջանակներում: Այն ունի 60 կմ հեռահարություն և օժտված է բարձր ճշգրտությամբ: Պակիստանի միջուկային զինանոցը համալրված է կարճ, միջին եւ մեծ հեռահարության հրթիռներով:

Վետերանների պաշտպանության դեպարտամենտը (ՎՊԴ) սմարթֆոն հեռախոսների համար ստեղծել է «PTSD Coach» ծրագրային ապահովումը, որի օգնությամբ հետվնասվածքային սթրեսով տառապող վետերանները ցանկացած պահին կկարողանան վերացնել սթրեսը:
«PTSD Coach»–ը վետերաններին աջակցելու` ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության և ՎՊԴ համատեղ մշակած ծրագրերից մեկն է:
-Այս ծրագիրը հնարավորություն կտա ցանկացած պահի, ցանկացած վայրում օգնելու վետերաններին: Մենք հույս ունենք, որ նրանց ընտանիքները և ընկերները նույնպես այս անվճար ծրագիրը կբեռնեն իրենց հեռախոսների մեջ,- ասել է ՎՊԴ-ի քարտուղար Էրիկ Կ. Շինսեկին:

-Հնարավոր է, որ նոր միջուկային փորձարկումներ սկսվեն, քանի որ Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկումների համար նախատեսված բավականին շատ ենթակառուցվածքներ ունի, և նախաձեռնել է ևս մեկի ստեղծման աշխատանքներին,- հայտնել է Հարավային Կորեայի ազգային հետախուզության ծառայության պետ Վոն Սեյ Հունը:
Առաջին երկու միջուկային փորձարկումները Հյուսիսային Կորեան կատարել է 2006 թ-ի հոկտեմբերին և 2009 թ-ի մայիսին: Յոնգբիոն քաղաքը տասնամյակներ շարունակ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի արտադրման ծրագրի «սիրտն» է:

ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐ` ՀԵՏԱԳԱ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Արաբական Միացյալ Էմիրությունները 218 հատ «երկինք-երկինք» դասի ամերիկյան AIM-9X-2 Sidewinder հրթիռ է պատվիրել: Կոնգրեսի կողմից հավանության արժանանալու դեպքում պայմանագրի ամբողջական փաթեթը կարժենա 251 միլիոն դոլար: ԱՄԷ-ը պատվիրել է նաև մարտավարական համակարգեր, ուսումնական հրթիռներ և համակարգեր, ուղեկցող սարքավորումներ: ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական համագործակցության վարչության գնահատականի համաձայն` նոր սպառազինությունը թույլ կտա ԱՄԷ-ին մասնակցել միջազգային ռազմական օպերացիաների և օդային օժանդակություն ցուցաբերել ԱՄՆ-ին:

ՌԴ Պետդումայում կառավարության աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշել է, որ երկրի ռազմածովային ուժերի արդիականացման համար կծախսվի 5 տրիլիոն ռուբլի, ինչը 3 անգամ ավել է նախորդ հատկացումներից: Համապատասխան ծախսերը հաշվարկված են 2011-2020թթ. սպառազինման ծրագրում:

Իսրայելի ռազմաօդային ուժերը առաջիկա տարիներին կարող են կործանիչների պակաս զգալ: 2010թ. Իսրայելը ԱՄՆ հետ 2,75 միլիարդ դոլարի պայմանագիր է ստորագրել` F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ: Պայմանագրով հետագայում ևս 75 ինքնաթիռի գնում է նախատեսվում: Սկզբնապես ենթադրվում էր, որ առաջին կործանիչը Իսրայելը կստանա 2016թ., սակայն F-35-ի ստեղծման ծրագիրը երկարաձգվեց մինչև 2018թ.: Ժամկետների երկարաձգման պատճառով իսրայելական օդուժի հրամանատարությունը երկփուլ ծրագիր է մշակել, որը թույլ կտա պահպանել օդուժի մարտունակությունը մինչև F-35-ի մատակարարումը: