Նորություններ
Ամերիկյան զինված ուժերում նախատեսվում է մոտ 5 միլիարդ դոլար ծախսել՝ բանակի, ռազմածովային ուժերի, ծովային հետևակի համար 33 000 հատ «երկինք-երկիր» դասի JAGM միանման հրթիռներ գնելու նպատակով: Հրթիռների արտադրության մրցույթին մասնակցում են Lockheed Martin ընկերությունը և Raytheon/Boeing կոնսորցիումը: Նոր JAGM-ները կփոխարինեն ամերիկյան սպառազինության մեջ առկա միանգամից երեք տեսակի հրթիռների` BGM-71 TOW, AGM-114 Hellfire և AGM-65 Maverick:
JAGM հրթիռի երկարությունը 1,8 մետր է, տրամագիծը` 17,8 սմ, քաշը` 48,9 կգ: Այն պետք է խոցի հակառակորդի թիրախները առնվազն 28 կիլոմետր հեռավորությունից:
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուոցիչը հայտնել է, որ Չինաստանի կողմից Վենեսուելային վաճառվող զինամթերքի քանակը կրճատվել է, քանի որ Չինաստանը կոմերցիոն նպատակներով ավելացրել է Լատինական Ամերիկայի այլ երկրներին վաճառվող զենքի ծավալը: Չինաստանի ակտիվությունը Լատինական Ամերիկայում աճել է, ինչը մտահոգում է ԱՄՆ-ին:
Schilling Robotics ընկերությունը, որը հիմնադրվել է 1985թ.-ին, առաջատար դիրքեր է զբաղեցնում ստորջրյա նավերի համար ռոբոտ-համակարգերի արտադրման ոլորտում: Ընկերությունը Կորեայի հանրապետության նավատորմին կմատակարարի նոր HD ROV համակարգեր: Յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ HD ROV համակարգը ապահովում է ստորջրյա նավերի մեջ մտնող բոլոր կարևոր ենթահամակարգերի հուսալիությունը և հասանելիությունը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռնում զգալիորեն կրճատելու ենթահամակարգերը կազմող բաղադրիչների քանակը և հեշտացնելու դրանց փոխարինման աշխատանքները` կատարման համար պահանջվող ժամանակը մի քանի տասնյակ ժամից նվազեցնելով մինչև մի քանի ժամի: HD ROV-ը օժտված է նաև հեռահար կառավարման կատարելագործված համակարգով:
Ապրիլի 13-ին ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե տարեվերջին ԱՄՆ-ի զորքերը դուրս բերվեն Իրաքից, ապա Իրաքի ղեկավարները չպետք է ակնկալեն, որ երկրում սպասվող ճգնաժամի ժամանակ օգնություն կստանան: Այս հայտարարությունը հնչեց ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի՝ Իրաք կատարած այցից մի քանի օր անց:
Ըստ երկկողմանի անվտանգության պայմանագրի` այս տարվա վերջում ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս կբերվեն Իրաքից:
Lockheed Martin-ը անվտանգության համակարգերով զբաղվող միջազգային ընկերություն է, որի` աշխարհով մեկ սփռված գրասենյակներում աշխատում է մոտ 126000 մարդ: Ընկերությունն ակտիվորեն զբաղվում է առաջադեմ տեխնոլոգիական համակարգերի ուսումնասիրությամբ , նախագծմամբ, մշակմամբ և արտադրմամբ: Ընկերության եկամուտը 2010թ.-ի ընթացքում կազմել է մոտ 45.8 միլիարդ ԱՄՆ դոլար:
Բրազիլիան գերձայնային թռչող ապարատի սեփական տարբերակի ստեղծման ճանապարհին է: Նախագծումն իրականացվում 2006թ., առաջին թռիչքը նախատեսված է 2013թ.: Նոր ապարատն ստեղծվում է առավելապես տեխնոլոգիաների ցուցադրման համար, և եթե փորձարկումները հաջող անցնեն, դրա հիման վրա կստեղծվեն գերձայնային նոր հրթիռներ, մասնավորապես, արբանյակներ ուղեծիր հասցնելու համար: Նշված ոլորտում գերձայնային հրթիռները կօգտագործեն իրենց առավելությունները` արագությունն ու բեռնատարողությունը:
Հնդկաստանը մտադիր է մեծ քանակությամբ միջին հեռահարության զենիթահրթիռային կայաններ ձեռք բերել՝ երկրի հակաօդային պաշտպանության համակարգում առկա բացերը լրացնելու նպատակով: Պաշտպանության նախարարությունը ներքին և միջազգային մի քանի ընկերությունների հարցում է ուղարկել նման կայաններ մատակարարելու հնարավորության վերաբերյալ: Ներկայացվող հիմնական պահանջներից մեկը նոր կայանների արագացված առաքումն է: Նախնական տեղեկատվություն ստանալուց հետո կհայտարարվի նաև մատակարարման մրցույթ, որի ընթացքում զինվորականները ներկայացնելու են ժամանակակից զենիթահրթիռային համակարգերին անհրաժեշտ պահանջներ` բարձր շարժունակություն և անցանելիություն, համաեղանակային գործելու կարողություն, միաժամանակ մի քանի թիրախներ ուղեկցելու ունակություն, կրակի կառավարման կետի հետ ներգրավվածություն և այլն: