Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՄՆ կառավարությունը որոշել է վերանայել Մերձավոր Արևելքի երկրների հետ նախկինում կնքված ռազմական պայմանագրերը՝ տարածաշրջանում ռազմական և քաղաքական անկայուն իրավիճակի պատճառով: Որոշ պայմանագրերի կատարումը արգելափակվել է: Առայժմ հայտնի է կառավարության հավանությանն արժանացած` ռազմական տեխնիկայի մատակարարման երկու խոշոր պայմանագրերի՝ Սաուդյան Արաբիային 84 միավոր F-15 Eagle կործանիչների և Արաբական Միացյալ Էմիրություններին THAAD հակահրթիռային համակարգերի մատակարարման մասին է: Գործարքները կարժենան համապատասխանաբար 29,4 և 7 միլիարդ դոլար:

NATO-Ն ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է  ԳԵՐՃՇԳՐԻՏ ԶԻՆՏԵԽՆԻԿԱՅԻ ՔԱՆԱԿԸ

Միացյալ Թագավորությունը, բացի Tornado GR4 օդանավերից, NATO-ին ապահովելու է նաև նոր Typhoon օդանավերով: NATO-ն դրանք կօգտագործի Լիբիայում իրականացվող ռազմական գործողություններում: Typhoon օդանավերը օժտված են վերգետնյա հարձակումներ կատարելու հնարավորությամբ և զինված են ուժեղացված ազդեցության Enhanced Paveway II ռումբերով:
Typhoon և Tornado GR4 օդանավերի համատեղ կիրառումը ապահովում է գերարդյունավետ պայքար: Մեծ Բրիտանիան 12-ով ավելացրել է մատակարարվող Tornado GR4-երի քանակը, ինչպես նաև 4 Typhoon օդանավերը այնպես զինել, որ նրանք օգտագործվեն ոչ միայն վերգետնյա, այլև օդային մարտերում:

ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏԸ ԿՂԵԿԱՎԱՐՎԻ ՄԿՆԻԿՈՎ

Ամերիկյան հեռանկարային X-47B ծովային անօդաչու թռչող ապարատը մյուս անօդաչուներից կտարբերվի կառավարման համակարգով: Այն թռիչք կիրականացնի ավտոնոմ ռեժիմով, իսկ օպերատորը հրամաններ կտա համակարգչային մկնիկի միջոցով: Անօդաչու ապարատը պատրաստվում Northrop Grumman ընկերությունում, որի ներկայացրած տվյալներով սարքի ծրագրային ապահովման բազայում կներառվեն թռիչքի, վայրէջքի տարբեր սցենարներ: Օպերատորը միայն մկնիկը սեղմելով պետք է հրամաններ տա սարքին, ասենք, անցում թռիչքուղով, շարժիչի միացում և անջատում, խուսանավում և այլն:

ԱՄՆ-ում ձերբակալվել է չինացի, որը գումար է կորզել իր համերկրացիներից` խոստանալով ծառայության տեղավորել ամերիկյան բանակում: Նա վստահեցրել է բոլորին, որ ծառայությունը կօգնի ամերիկյան քաղաքացիություն ստանալ: 51-ամյա չինացին երիտասարդներին «տեղավորել է» ամերիկյան բանակի գոյություն չունեցող, իր հորինած ստորաբաժանումում, զինվորական հանդերձանք է բաժանել, պարբերաբար տարել է Սան-Դիեգոյի թանգարանում գտնվող դուրս գրված ավիակրի մոտ, նույնիսկ «նորակոչիկների» հետ զինվորական շքերթ է անցկացրել:

Ռ. ԳԵՅԹՍԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՌՄԲԱԿՈԾԻՉՆԵՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ

Aviation week-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսը հաստատել է նոր սերնդի հեռանկարային ռմբակոծիչների (NGB)` բանակին անհրաժեշտ քանակն ու օպտիմալ գինը: ԱՄՆ ռազմաօդային ուժերը սպառազինության կվերցնեն 80-100 ինքնաթիռ, ընդ որում յուրաքանչյուրի համար կվճարեն ոչ ավելի, քան 500 միլիոն դոլար: Ինքնաթիռի նախագծման ֆինանսավորումը կսկսվի 2012թ. և մինչև 2016թ. կկազմի տարեկան մեկ միլիարդ դոլարից ոչ ավելի: Ամերիկյան զինվորականների հիմնական խնդիրը ինքնաթիռի արժեքի բարձրացում թույլ չտալն է, ինչպես դա եղավ B-2 Spirit-i հետ:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՌԱՅԺՄ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԻ

Բրազիլիան անորոշ ժամանակով հետաձգել է ռուսական ՄԻ-35Մ ուղղաթիռների (ՄԻ-24-ի արտահանման տարբերակը) երկրորդ խմբաքանակի գնումը: Այդ որոշման հիմնական պատճառը պաշտպանական բյուջեի կրճատումն է: Բացի այդ, երկրի ռազմաօդային ուժերը դժվարություններ են ունեցել՝ կապված ուղղաթիռների տեխնիկական շահագործման հետ, դրանցում առկա համակարգերը անհամատեղելի են ամերիկյան` ՆԱՏՕ-ի չափանիշներով պատրաստված և բրազիլական բանակում օգտագործվող համակարգերի հետ:
Բրազիլիային 12 միավոր ՄԻ-35Մ ուղղաթիռների մատակարարման պայմանագիր` 150 միլիոն դոլար արժողությամբ, կնքվել է 2008թ:

ԱՄՆ զինված ուժերը հաջողությամբ ավարտեցին AAI կազմակերպության ստեղծած նոր Small Sense And Avoid (SSAAS) օդային համակարգի փորձարկումը: Այն մոտ ապագայում կարող է վերացնել ԱՄՆ-ի ռազմական անօդաչու տրանսպորտային միջոցների (UAV) ազգային օդային տարածքում թռիչքներ կատարելու սահմանափակումը:
Հունվարի 28-ին գաղտնիության պայմաններում իրականացվել է AAI Shadow օդանավի վրա տեղադրված SSAAS համակարգի փորձարկումը: Թռիչքի ընթացքում օդանավը 2 ժամից ավելի գտնվել է օդում, միջինը` 2750 մետր բարձրության վրա: