Նորություններ
Մեծ Բրիտանիայի պաշտպանական գիտության և տեխնիկայի լաբորատորիան մի քանի այլ ձեռնարկությունների հետ համատեղ տեսադիտման և նույնականացման նոր համակարգի ստեղծման աշխատանքներ է սկսել, ինչը թույլ կտա ուղղաթիռների օդաչուներին խնդիրներ կատարել վատ տեսանելիության պայմաններում: Նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա շրջակա տարածքի մասին ինֆորմացիան եռաչափ ֆորմատով արտաբերել օդաչուի սաղավարտի ցուցիչի վրա: Համակարգն իրենից ներկայացնելու է հաշվարկային մեխանիզմի և սենսորների միացություն, վերջիններս որոշելու են օդաչուի գլխի ուղղվածությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2011թ. գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Հրամանագրի համաձայն, 2011թ. ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:
Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը հաստատել է 2011-2012թթ. ռազմական բյուջեի 4,9 միլիարդ դոլար չափը: Նախորդ տարվա հետ համեմատած աճը կազմել է ավելի քան 10%: Ընդհանուր գումարի կեսից քիչ պակաս չափով կֆինանսավորվեն զինծառայողների դրամական բավարարումն ու նրանց հետ կապված այլ ծրագրերը: Մնացածը կուղղվի սպառազինության ձեռքբերմանը կամ արդիականացմանը:
ԱՄՆ օդուժը Lockheed Martin F-22 Raptor կործանիչի փորձարկում է իրականացրել, որի ընթացքում ինքնաթիռի վառելիքի բաքերը լիցքավորվել են բիովառելիքով: Ինքնաթիռը կարողացել է հաղթահարել ձայնի արագությունը: Փորձարկումների ծրագիրը ներառում է տարբեր գործողություններ` շարժիչի անջատում- միացում, ինքնաթիռի կառավարում տարբեր ռեժիմների, արագության, բարձրության պայմաններում:
Այժմ ԱՄՆ օդուժը սովորական վառելիքի օգտագործման ծավալները երկու անգամ կրճատելու ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում փորձարկումներն ավարտելուց հետո բոլոր ինքնաթիռները բիովառելիք օգտագործելու հավաստագիր կստանան:
Հնդկաստանի ռազմածովային ուժերը մրցույթ են հայտարարել ծանր գնդացիրների մատակարարման համար, որոնք նախատեսվում է օգտագործել բոլոր տեսակի նավերի վրա, նաև՝ ցամաքային զորքերում: Զինվորականների պահանջների համաձայն՝ գնդացիրները պետք է ունենան կրակի` 1800 մետր արդյունավետ հեռավորություն, լինեն դժվար նկատելի, պատված հատուկ քողարկող ներկով և ունենան կրակմարիչ: Բոլոր նմուշների վրա պետք է տեղադրված լինի ջերմափնտրիչ էկրան: Փողի ծառայության ժամկետը սահմանվել է առնվազն 10000 կրակոց՝ րոպեում առնվազն 450 կրակոց կրակային տեմպի դեպքում:
Ամերիկյան TeaLinx ընկերությունը ԱՄՆ բանակի ֆինանսավորմամբ ստեղծել է Phoenix40-A փոքր անօդաչու թռչող ապարատը, որի վրա տեղադրված սենսորային համակարգը թույլ է տալիս զգալ շնչառությունը և հայտնաբերել նույնիսկ անշարժ մարդկանց՝ բետոնե կոնստրուկցիաների հետևում: Թռչող սարքը համալրված է ռադիոհաղորդիչով և տեսախցիկներով: Այն կարող է թռիչքի ուղղահայաց մեկնարկ և վայրէջք կատարել, թռչել նախապես սահմանված երթուղով: Ընկերությունը թողարկում է նաև գետնի վրա գործող ռոբոտներ նույն սենսորային հնարավորություններով:
Փոխգնդապետ Գագիկ Մովսեսյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում նախապատրաստվում էին հաջորդ օրվա կրակային պատրաստության գործնական պարապմունքին։ Աշխատանքները ղեկավարում էր անձամբ փոխգնդապետ Գ. Մովսեսյանը։ Զգացվում էր, որ արվում է ամեն ինչ, որ վերակարգում եւ բուժկետում գտնվողներից բացի, բոլոր զինծառայողները մասնակցեն եւ կատարեն զորատեսակների համար նախատեսված հրաձգությունը։ Զորամասի անելիքները փոխգնդապետ Գ. Մովսեսյանի հանձնարարությամբ ներկայացրեց մայոր Հովսեփ Խաչատրյանը։