Նորություններ
Ռուսաստանը դադարեցրել է զենքի արտահանումը Լիբիա` միանալով այդ երկրի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներին: Դրանով իսկ, փորձագետների գնահատմամբ, Ռուսաստանը զրկվում է շուրջ 4 մլրդ դոլար վաստակելու հնարավորությունից. Լիբիան մտադիր էր Ռուսաստանից գնել «Յակ-130», «Սու-35» ռազմական ինքնաթիռներ և ռազմական այլ տեխնիկա:
Օրերս Պակիստանի պաշտպանության նախարարությունը դիմել է կառավարությանը` խնդրելով հավանություն տալ Չինաստանից սովորական սուզանավեր գնելու գործարքին, որը հիմք կդառնա սուզանավերի համատեղ կատարելագործման համար: Ըստ Պակիստանի ՊՆ-ի` իրենց երկիրը «ծայրահեղորեն հետ է մնում» սուզանավերի և ռազմանավերի քանակի առումով:
Ամերիկացի ուսանող Տրիստան Լորին ստեղծել է մետաղյա հաստ պատերի միջով առանց մալուխի տվյալներ և սնուցում մատակարարելու համակարգ, որը կարող է կիրառվել, մասնավորապես, սուզանավերում: Նոր համակարգը հնարավորություն կընձեռի բարձրացնելու նավերի անվտանգության մակարդակը:
Այսօր ԱՄՆ ՌԾՈՒ սուզանավերում անվտանգության տվիչներ տեղադրելու համար նավի իրանի (կորպուսի) մեջ անցքեր են բացում, որոնց միջով անցնում են էլեկտրական սնուցման և տվյալների փոխանակման մալուխները:
Գիտնականների հաշվարկով, առաջիկա 90 տարիների ընթացքում երկրագնդի բևեռների սառույցի հալչելու պատճառով համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ 0.4-2 մետրով, առավել հավանական է` 0.8 մետրով: Սա նշանակում է, որ Արկտիկայի սահմանները փոխվում են, փոքրանում է սառույցի մակերեսը, մեծանում` ջրային մակերեսը: Ակնկալվում է, որ Արկտիկայում խոշոր միջազգային ծովային անցումները բաց կլինեն արդեն 2030թ., համենայն դեպս, ամռան ամիսներին: Սա, իր հերթին, կհանգեցնի տարբեր երկրների ավելի մեծ թվով նավերի հոսքին ջրային նոր տարածքներ, ինչը, բնականաբար, դառնում է վեճերի առարկա:
Մարտի 15-ին, ժամը 13:00-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա «Սողոմոն Թեհլերյան. Վերհիշումներ, Թալեաթի ահաբեկումը» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը: Հիշողությունները գրի է առել արևմտահայ գրող, հասարակական գործիչ Վահան Մինախորյանը:
Գրքում ներկայացված են Ս.Թեհլերյանի հուշերը 1915թ. իրադարձություններից մինչև Թալեաթի դեմ մահափորձը, ինչպես նաեւ 1921թ. Բեռլինում կայացած դատավարությունը, որտեղ դատարանն արդարացնում է Թեհլերյանին` եվրոպական հասարակությանը մեկ անգամ ևս հիշեցնելով դարասկզբի աննախադեպ ցեղասպանության մասին: Գրքի առաջաբանի հեղինակը Սիլվա Կապուտիկյանն է:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսել կատարած այցի շրջանակներում մարտի 10-ին հանդիպել է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար պատասխանատու ստորաբաժանման կառավարիչ-տնօրեն Միրոսլավ Լայչակի և տնօրեն Գունար Վիգանդի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր, երկուստեք կարևորվել է փոխվստահության ամրապնդման միջոցառումների լիարժեք կիրառման անհրաժեշտությունը:
Օրերս զորամիավորման հրամանատար Հ.Օհանյանը և Գեղարքունիքի մարզպետ Ն.Պողոսյանը պարգևատրել են Գեղարքունիքի մարզի 9-11-րդ դասարանների աշակերտների շրջանում կազմակերպված` “Հավատում եմ քեզ, զինվոր” թեմայով ստեղծագործական շարադրությունների մրցույթի հաղթողներին: Մրցույթի մասնակիցներից 10-ը արժանացել են պատվոգրի, 20-ը` շնորհակալագրի: Լավագույն շարադրություններն ուղարկվելու են զորամասեր, որտեղ դրանք կընթերցվեն զինվորների համար, իսկ հեղինակներին հրապարակավ կհանձնվի մրցանակը: