Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Օրերս գնդապետ Հ.Օհանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ղեկավարությունն այցելել է Գավառի պետական համալսարան (ԳՊՀ), հանդիպել համալսարանի ղեկավարության, ուսանողների և դասախոսական կազմի հետ: Հանդիպման նպատակն էր ամրապնդել բանակ-հասարակություն կապը, ուսանողներին ներկայացնել զորամիավորման ստեղծման պատմությունը և ծանոթացնել զինծառայությանը: Զինվորականները պատասխանել են ուսանողներին հուզող հարցերին:

Մարգարիտա Խաչատրյան

«Զինվոր» հասարակական կազմակերպության համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին հանրապետությունում բոլորն են ճանաչում։ Նրա անունը անխզելիորեն կապված է բանակաշինության հետ։ Մարգարիտա Խաչատրյանի օրն սկսվում ու ավարտվում է բանակի խնդիրներով ու հոգսերով, նվաճումներով ու բացթողումներով, ձեռքբերումներով ու վրիպումներով։ Նրան կարելի է տեսնել ամենահեռավոր զորամասերում՝ դիրքերում ու բլինդաժներում, բուժկետում ու շարահրապարակում։ Այնտեղ, որտեղ զինվորն է, որտեղ անհրաժեշտություն կա աջակցելու զինվորին, պաշտպանելու զինվորի շահերն ու իրավունքները, զորավիգ լինելու գեներալին ու սպային՝ լուծելու ազգային բանակի մարտունակությունը խոչընդոտող ամենատարբեր խնդիրները։

Mi-35

«Ռոսօբորոնէքսպորտ» գործակալությունը 2010թ. 8,6 միլիարդ դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա է վաճառել: Այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը` նշելով, որ վերջին տարիներին ռազմական արտահանման ծավալներն աճում են տարեկան շուրջ 700 միլիոն դոլարով: Ռուսական տեխնիկայի արտահանման շուկայի 60 տոկոսը բաժին է ընկել Հնդկաստանին, Ալժիրին և Չինաստանին: Ընդհանուր առմամբ, 2010 թ. այլ պետությունների հետ մոտ 1300 պայմանագիր է կնքվել, ինչի արդյունքում պատվերների գնային արժեքը հասել է 48 միլիարդ դոլարի, ռուսական բոլոր ընկերությունների համատեղ ռազմական արտահանման ծավալը կազմել է տասը միլիարդ դոլար:

ԱՄՆ Սենատը ուշացումով հաստատել է 2011 ֆինանսական տարվա ռազմական բյուջեն: Ֆինանսական տարին այս երկրում սկսվում է հոկտեմբերի մեկին և ավարտվում է մյուս տարվա սեպտեմբերի երեսունին: Ուշացումը կապված էր ռազմական ծախսերի կրճատման անհրաժեշտությամբ, օրինագծում մի շարք փոփոխություններ մտցվեցին: Մինչ այժմ զինված ուժերի ֆինանսավորումը կատարվում էր նախորդ տարվա ռազմական բյուջեի սխեմայի համաձայն: Նոր բյուջեն կազմել է 672 միլիարդ դոլար, որից 158 միլիարդը կուղղվի Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողությունների անցկացմանը:

RQ-4 Global Hawk

Հարավային Կորեայի կառավարությունը որոշել է արագացնել հետախուզական անօդաչու թռչող ապարատների և նոր սերնդի կործանիչների գնման գործընթացը: Պաշտպանության նախարարի խոսքով, դրա նպատակը ԿԺԴՀ կողմից աճող վտանգի պայմաններում երկրի ռազմական ներուժի ամրապնդումն է: Ավելի վաղ Հարավային Կորեան հայտարարել էր 2015 թ. ամերիկյան RQ-4 Global Hawk անօդաչու ապարատների գնման, ինչպես նաև անտեսանելիության տեխնոլոգիայով պատրաստված շուրջ վեց տասնյակ կործանիչների խմբաքանակ պատվիրելու ծրագրերի մասին:

ՀԱԿԱՀՐԹԻՌԻ ՀԱՋՈՂ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

Հնդկաստանում նոր հակաբալիստիկ հրթիռի հաջող փորձարկում է իրականացվել: Բալիստիկ հրթիռի մեկնարկից մի քանի րոպե հետո արձակվել է հակահրթիռը: Այն մինչև 5,2 հազար կմ/ժ արագություն է հավաքել և դիպուկ խոցել թիրախը 16 կմ բարձրության վրա: Հնդկաստանը նախատեսում է ստեղծել հակահրթիռային պաշտպանության համակարգ և պարբերաբար դրա բաղադրիչների փորձարկումներ է իրականացնում:

Japan stealth

Ճապոնիայում նախատեսում են 2014 թ. սկսել անտեսանելիության տեխնոլոգիայով պատրաստված սեփական արտադրության ինքնաթիռի փորձարկումները: 2009թ. Սկսած՝ ճապոնացիները ծրագրի վրա ծախսել են 473 միլիոն դոլար: Որոշումը պայմանավորված է ԱՄՆ կոնգրեսականների կողմից ընդունված՝ տվյալ ոլորտի նորագույն տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներով, թեև պետք է նշել, որ Ճապոնիայի պաշտպանական քաղաքականության իրականացումը մեծապես հենվում է ԱՄՆ հետ ռազմական համագործակցության վրա: