Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ ՆՈՐԱՑՎՈՒՄ Է

«Սուխոյ» ընկերությունը Ռուսաստանի ռազմաօդային ուժերին է փոխանցել ՍՈւ-27ՍՄ չորս նոր կործանիչ: Ինքնաթիռները հավաքման կայանից թռիչք են կատարել մինչև Կրասնոդարի շրջանում գտնվող ավիաբազա: Երկու տարի առաջ կնքված պայմանագրի համաձայն` գործարանը օդուժին կմատակարարի այս մոդելի տասներկու ինքնաթիռ: Համալրումը կատարվում է Ռուսաստանի զինված ուժերի սպառազինության աստիճանական թարմացման ծրագրի շրջանակներում

Defense news-ը տեղեկացնում է, որ Թայվանի իշխանություններն անհանգստացած են Չինաստանի աճող ռազմական հզորությամբ: Թայվանը վերսկսել է ԱՄՆ հետ բանակցությունները F-16 կործանիչների վաճառքի վերաբերյալ: Նշենք, որ ամերիկյան կողմը ռազմական տեխնիկայի` միլիարդավոր դոլարների հասնող մատակարարումներ է կատարում Թայվան, սակայն որոշ զինատեսակների դեպքում գործարքները բազմիցս մերժվել են: Այժմ անվտանգության լրացուցիչ ապահովման նպատակով տեղի իշխանությունները փորձում են թարմացնել հին ծրագրերը և ռազմական տեխնիկայի ավելի մեծ ու ժամանակակից խմբաքանակ պատվիրել, ինչը, նրանց կարծիքով, կօգնի պաշտպանվել չինական հնարավոր հարձակումից:

ՋՐԱՐԿՎԵԼ Է ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՌԱԶՄԱՆԱՎԸ

Իսպանական Navantia նավաշինական ընկերությունը ջրարկել է “Կանբեռռա” ուղղաթիռակիր դեսանտային նավը` նախատեսված Ավստրալիայի զինված ուժերի համար: Ծրագրի համաձայն` նավի հետագա հավաքումը կանցկացվի Ավստրալիայի տարածքում, բոլոր անհրաժեշտ աշխատանքներն ու փորձարկումներն ավարտելուց հետո այն սպառազինության կվերցվի 2014թ.: Ռազմանավը կդառնա Ավստրալիայի ռազմածովային ուժերի ամենախոշոր միավորը: 2015թ. նախատեսվում է շարք մտցնել արդեն կառուցվող նույն դասի «Ադելաիդա» ուղղաթիռակիրը:

Փետրվարի 20-ին ադրբեջանական բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի արդյունքում սպանվել են յոթ զինծառայողներ: Մահացածները 1991-92թթ. ծնված երիտասարդներ էին, զորակոչվել էին 2010թ.: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանություն» հոդվածով: Զորամասում քննչական գործողություններ են կատարում Ադրբեջանի պաշտպանության նախարարության և զինվորական դատախազության ներկայացուցիչները:

«ԿԱՄԱՎՈՐԸ»

Փետրվարի 22-ին, ժամը 14:00-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում կցուցադրվի Աննա Թովմասյանի «Կամավորը» ֆիլմը:
Ֆիլմը պատմում է երեք ընկերների` Դմիտրի Մոտրիչի, Իլյա Կուլիկի և Մյասնիկ Գասպարյանի մասին, որոնք մասնակցել են Արցախյան պատերազմին:
«Փաստ է, որ Արցախյան պատերազմում երկու կողմերից էլ կռվել են այլազգիներ: Այլ հարց է, թե ինչ կերպ և ինչ աղավաղումներով է այդ փաստը միջազգային հանրությանը ներկայացնում Ադրբեջանը` հայկական կողմից կռվողներին որակելով որպես «վարձու մարդասպաններ»,- ասում է սցենարի հեղինակ Աննա Թովմասյանը:

ՀՀ կառավարության փետրվարի 17-ի որոշմամբ ստեղծվել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ)։
Այս որոշմամբ փոխվում է դեռեւս 2002 թվականին հիմնադրված Հումանիտար ականազերծման կենտրոնի իրավական կարգավիճակը: Ստանալով ՊՈԱԿ-ի կարգավիճակ` ականազերծման կենտրոնը կարող է ավելի ճկուն գործունեություն ծավալել եւ ընդգրկվել միջազգային տարբեր ծրագրերում:

«ԱՎԻԱԿԻՐ ՍՊԱՆՈՂ» ՉԻՆԱԿԱՆ ՀՐԹԻՌ

Չինական Global Times թերթի տվյալներով, երկրի պաշտպանական գերատեսչությունում նախագծվում է նոր մարտական հրթիռ՝ մինչև 4000 կմ գործողության շառավղով: Նոր հրթիռն ի վիճակի կլինի թիրախներ խոցելու ցամաքում, օդում, ջրի վրա և նույնիսկ տիեզերքում: Որոշ տվյալներով այն կպաշտպանի Չինաստանը նաև կիբեռգրոհներից, սակայն մանրամասներ չեն հայտնվում:
Դեռ նախորդ տարվա սկզբին ամերիկացի փորձագետները կասկած հայտնեցին, որ չինացիները ուղեծրում գտնվող արբանյակները հակահրթիռային պաշտպանության միջոցներով ոչնչացնելու տեխնոլոգիա են մշակում: