Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Ադրբեջանի մի շարք ակտիվիստներ Ստրասբուրգում հանդիպել են ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգին։
Նախիջեւանը ներկայացնող իրավապաշտպան Մալախաթ Նասիբովան իրազեկել է, որ ընդդիմության ակտիվիստներն ու ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները մշտապես գտնվում են իշխանությունների բռնաճնշումների ներքո, իսկ ժողովրդավարության ուսուցման եւ ընտրությունների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Անար Մամեդլին նշել է, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները քաղաքական եւ հասարակական դաշտում առկա իրական պատկերը չեն արտացոլում։

Թուրքիայի կառավարության մամուլի եւ տեղեկատվության գլխավոր վարչությունը (BYEGM) տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ արտմամուլի հրապարակումներում Թուրքիային առնչվող թեմաների առաջին տեղում քաղաքական իրադարձություններն են (18,62%)։ Երկրորդ տեղում (15,40%) Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն է, մասնավորապես՝ մերձավորարեւելյան երկրների հետ ունեցած հարաբերությունները։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիեւ այցը դարձել է Թուրքիայի վարչապետի եւ Ուկրաինայի նախագահի արարողակարգային ծառայությունների հակամարտության առարկա։
Թուրքերը կտրականապես հրաժարվել են այցելել Գոլոդոմորի զոհերի հուշարձան, ինչը պարտադիր է բոլոր պաշտոնական այցերի համար։
Անկարան անգամ պահանջել է այցի մակարդակը պետականից իջեցնել աշխատանքայինի, միայն թե թուրք վարչապետը չհայտնվի հուշարձանի մոտերքում։

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
«Հարեւան երկրների հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար Իրանը ոչ մի ջանք չի խնայի, եւ պետությունների արտաքին քաղաքականության հիմքում պետք է ընկած լինի խաղաղությունն ու բարիդրացիությունը»,- ասել է Իրանի Մեջլիսի նախագահության անդամ, Թավրիզի պատգամավոր Մոհամմադ Հոսեյն Ֆարհանգին։

ՖԻԴԵ-ի վարկանիշային սանդղակի երկրորդ հորիզոնականում է հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2814,4 միավորով։ Առաջին տեղում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը՝ 2816,9 միավորով։ Լավագույն եռյակը 2813,1 միավորով եզրափակում է նորվեգացի Մագնուս Կառլսենը։

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երկրի ղեկավարի նստավայրում զինծառայողներին և ազատամարտիկներին շնորհավորել և հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևները:
Նախագահը խորապես արդարացված է համարել հայկական բանակի նկատմամբ մեր ժողովրդի հավատն ու հարգանքը.  «Ուսադիր կրելն ու Հայրենիքին ծառայելն իսկական տղամարդու գործ է, իսկ ուսադիր կրելն ու Հայրենիքին լա՛վ ծառայելը` շատ պատվաբեր»,-ընդգծել է Հանրապետության ղեկավարը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Բանակի օրվա առթիվ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար զինված ուժերի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին: