Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#02 (867) 19.01.2011 – 26.01.2011

«Ընթացիկ տարում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում էական փոփոխություններ չեն լինի: Տարին կլինի նախագահական ընտրություններին պատրաստվելու տարի»,- հունվարի 25-ին ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաևը (novosti.az):

«Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտելով մարտական ոչ մի խնդիր չի լուծում և դրանով հետապնդում է միայն հայ հասարակությանը հոգեբանորեն ճնշելու նպատակ: Ադրբեջանը չունի ուժերի այնպիսի գերազանցություն, որը թույլ տա նրան հաղթել հնարավոր պատերազմում», – կարծում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը(panorama.am):

Ռուսաստանի ադրբեջանցիների դաշնային ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Սոյուն Սադիկովի կարծիքով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում «առաջիկա 5 տարիների ընթացքում պատերազմ չի լինի»: Ըստ նրա` պատճառն այն է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Եվրոպան մեծ ներդրումներ են արել տարածաշրջանում և դրանք չկորցնելու համար զսպում են հակամարտող կողմերին:

Թուրքիայի կառավարության մամուլի եւ տեղեկատվության գլխավոր վարչությունը (BYEGM) տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ արտմամուլի հրապարակումներում Թուրքիային առնչվող թեմաների առաջին տեղում քաղաքական իրադարձություններն են (18,62%)։ Երկրորդ տեղում (15,40%) Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն է, մասնավորապես՝ մերձավորարեւելյան երկրների հետ ունեցած հարաբերությունները։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիեւ այցը դարձել է Թուրքիայի վարչապետի եւ Ուկրաինայի նախագահի արարողակարգային ծառայությունների հակամարտության առարկա։
Թուրքերը կտրականապես հրաժարվել են այցելել Գոլոդոմորի զոհերի հուշարձան, ինչը պարտադիր է բոլոր պաշտոնական այցերի համար։
Անկարան անգամ պահանջել է այցի մակարդակը պետականից իջեցնել աշխատանքայինի, միայն թե թուրք վարչապետը չհայտնվի հուշարձանի մոտերքում։

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
«Հարեւան երկրների հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար Իրանը ոչ մի ջանք չի խնայի, եւ պետությունների արտաքին քաղաքականության հիմքում պետք է ընկած լինի խաղաղությունն ու բարիդրացիությունը»,- ասել է Իրանի Մեջլիսի նախագահության անդամ, Թավրիզի պատգամավոր Մոհամմադ Հոսեյն Ֆարհանգին։

ՖԻԴԵ-ի վարկանիշային սանդղակի երկրորդ հորիզոնականում է հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2814,4 միավորով։ Առաջին տեղում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը՝ 2816,9 միավորով։ Լավագույն եռյակը 2813,1 միավորով եզրափակում է նորվեգացի Մագնուս Կառլսենը։