#18 (883) 11.05.2011 – 18.05.2011
Որքան էլ տարօրինակ թվա, մեզ համար մայիսի 9-ը ամենակարեւոր տոնն է, եւ կասեի նույնիսկ, որ Արցախում այն ավելի մեծ շուքով են նշում, քան Անկախության տոնը կամ Ամանորը: Այս տոնական օրերին մենք պատվում ենք Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, որոնք միշտ մեզ հետ առաջին շարքում են: Ոչ թե այն պատճառով, որ այսօր շատ քիչ վետերաններ են մնացել, այլ որովհետեւ ներկայիս հաղթանակների հիմքում մեր հայրերի ու պապերի հաղթանակն է: Ինքնին խոսուն փաստ է, որ 4 մարշալ եւ 105 ԽՍՀՄ հերոս ծնունդով Ղարաբաղից են:
Յոթանասուն տարի առաջ՝ 1941 թ.-ի ամռանը, հայ ժողովուրդը երկիր էր կառուցում, նորոգում էր իր քարուքանդ տունը, իր ավեր օջախը, դարմանում էր իր վիրավոր հողի վերքերը։ Ընդամենը քառորդ դար առաջ դարի մեծագույն ոճրագործության զոհն ու վկան՝ գաղթի ճամփաներով անցած, հայրենազրկված ու բռնադատված, փորձում էր բարձրանալ օրհասից, փորձում էր ապրել։ Երբեմնի պատմական հայրենիքից մի թզաչափ փրկել, բնավորվել ու երջանիկ ապագայի անմար հույսով՝ դիմանում էր ամեն զրկանքի ու փորձության, տքնաջան աշխատում, քարը քարին էր դնում, շենացնում էր իր բզկտված երկիրը։
Թուրքերն ու ադրբեջանցիները շարունակում են իրենց հայատյաց քաղաքականությունը, յուրացնում են մեր պատմությունը, մշակութային ժառանգությունը, պետականորեն մշակված ծրագրի համաձայն` նենգափոխում եւ աղավաղում: Քարոզչական ոլորտում հակաքայլերի մշակման անհրաժեշտությամբ էր պայմանավորված մայիսի 4-ին մեկնարկած «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» հանրապետական եռօրյա գիտաժողովը: Պաշտպանության նախարարությունում, ԳԱԱ-ում, ԵՊՀ-ում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում ներկայացվեցին երիտասարդ եւ ավագ սերնդի գիտնականների զեկույցները, որոնք մերկացնում են թուրք-ադրբեջանական պատմագրության կեղծարարությունը:
Մոսկվայի պաշտպանության 70-ամյակին էր նվիրված ապրիլի 28-ից մայիսի 2-ը Զելենոգրադ քաղաքում կայացած «Վիվատ, Պոբեդա» զինվորական երգի միջազգային մրցույթ-փառատոնը։ 24 համույթների, 36 մենակատարների եւ 18 հեղինակ կատարողների մեջ կրկին փայլեց ՀՀ պաշտպանության նախարարության «Սպայի տան» «Զորական» համույթը՝ այս անգամ Հայաստան բերելով փառատոնի գլխավոր՝ «Գրան պրի» մրցանակը։
Հակաօդային պաշտպանության համակարգի անընդհատ կատարելագործումը ազգային բանակի հրամանատարության, ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է։ Մշտապես զարգանալով, ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները դարձել են միմյանց լրացնող ու փոխապահովող մարտունակ կառույց, որը լիովին վերահսկում, պահպանում է, իսկ անհրաժեշտության դեպքում հաջողությամբ կարող է պաշտպանել մեր երկրի օդային տարածքը եւ ապահովել ցամաքային զորքերի գործողությունները։
Ծնվել է 1923թ. Ալեքսանդրապոլ (Գյումրի) քաղաքում, արհեստավորի ընտանիքում: 1942թ. մեկնել է ռազմաճակատ: Մասնակցել է Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը: Հաղթանակը դիմավորել է Բեռլինում: 1946-51թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: 1959-72թթ. ակտիվ հետախուզական գործունեություն է ծավալել Լիբանանում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում` դիվանագիտական տարբեր աստիճաններով եւ ծածկերի տակ:
1991-ի նոյեմբերից ի վեր Շուշիից արձակվող հրթիռները (մինչեւ 1992-ի մայիսի 8-ը շուրջ 15.000 արկ ու հրթիռ) ավերում էին Ստեփանակերտը, եւ պարզ էր դառնում, որ ադրբեջանաբնակ Շուշին ու հայկական Ստեփանակերտը կողք կողքի չեն կարող գոյատեւել:
Խոջալուի ազատագրումից մի քանի օր անց ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի հրամանատար գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի ղեկավարությամբ կայացած խորհրդակցությունում, նկատի առնելով Շուշիի մատույցները երիզող կրակակետերի շուրջ 35 կիլոմետր ձգվածությունը, ինչն ունեցած սակավաթիվ ուժերի ու միջոցների պատճառով անհնար էր դարձնում ողջ ճակատով հարձակողական մարտերի ծավալումը, որոշվեց ստեղծելով հարվածային խմբավորումներ` քաղաքը գրոհել չորս ուղղություններով: