Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#37 (902) 22.09.2011 – 28.09.2011

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՀԱՆԴԵՍ

«Հայաստանը դո՛ւ ես». Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի այս կարգախոսով տոգորված` սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան Հանրապետության հրապարակում հպարտ շարասյուներով կանգնել էին զորախմբեր եւ զինված ուժերի ստորաբաժանումներ, այստեղ էին շտապում նաեւ ձեռքերն ու այտերը եռագույն ներկած քաղաքացիներ` տոնելու ՀՀ անկախության 20-ամյակը եւ մասնակիցը լինելու բացառիկ ու նշանակալի իրադարձության` տոնական զորահանդեսին:
Զորահանդեսի հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն իրականացրեց անձնակազմի զորատեսը: Տրիբունա բարձրացավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, հնչեցին կառավարության շենքի ժամացույցի զարկերը` ազդարարելով ժամը 11-ը:

ԱՅՍՊԵՍ ԱՍԱՑ ՀԱՅԸ...

Հանրաքվեն մեծ իրադարձություն էր ժողովրդի կյանքում, եւ ժողովուրդն արձագանքեց դրան իր կատարած քայլի խոր գիտակցությամբ, բուռն խանդավառությամբ եւ միաժամանակ՝ սթափ, կշռադատ ողջամտությամբ։
Ստորեւ՝ մի խումբ անվանի մարդկանց խոսքեր, որ ասվել են քսան տարի առաջ, սեպտեմբերյան այս օրերին, բայց այսօր էլ հնչում են թարմ, հրատապ եւ արդիական։

ԲԱՆԱԿՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է

Մեր զինված ուժերում լավագույնները շատ-շատ են, հենց մեր գումարտակում ու մեր վաշտում բազմաթիվ օրինակելի զինվորներ կան, որոնք ծառայում են անմնացորդ նվիրումով, բարեխղճորեն, ուժերի գերլարումով։ Նրանք քաջ են, տիրապետում են իրենց զինվորական մասնագիտությանը, պարտաճանաչ են ու լիովին պատրաստ` կատարելու յուրաքանչյուր մարտական առաջադրանք։ Ես վստահ եմ, որ բազմաթիվ, հարյուրավոր լավագույններից ինձ են ընտրել՝ որպես հայ զինվորի հավաքական կերպար, որ ստանամ «Մարտական ծառայության» մեդալը եւ այն «կիսեմ» ընկերներիս եւ ազգային բանակի այն զինվորների հետ, որոնք մինչ օրս պահպանել են Արցախյան պատերազմի նվաճումներն ու մեր երկրի սահմանները։

ՀԵՌԱՎՈՐ ՏՈՒԼԱՅՈՒՄ ԱՊՐՈՂ ՄԻ ՀԱՅՈՒՀԻ...

Ազատագրական պայքարի առաջին օրերին, երբ զինված թուրքերը ինքնավստահ ու լկտի գործողությունների էին դիմում սահմանամերձ բնակավայրերում, այլ հնար չկար՝ մեզ նույնպես հարկավոր էր զինվել։ Եվ ուզում եմ հատկապես նշել հայուհիների, հայ մայրերի ցանկությունը, մտահոգությունը` ամեն կերպ մեզ օգնելու, սատարելու, զենք ձեռք բերելու, զինվելու համար։ Օգնելու, սատարելու նրանց ցանկությունը շատ մեծ էր, երբեմն լինում էին հետաքրքրաշարժ դեպքեր, սակայն ամենակարեւորն այն է, որ ուզում եմ չմոռացվեն այդ անունները…
Երեւանում մորաքրոջս 80-ն անց Աշխեն սկեսուրը մի օր կանչեց, թե. «Սեյրա՛ն, բալա՛, գնում ես, Շուղի պապին վերցնում ես, գնում ես էս ինչ տեղը, շենքի արեւելյան պատի տակը փորում եք, զենք կա ու պատրոն…»:

ՄԵՐՕՐՅԱ ՀՐԱՇՔՆԵՐ

Այս վկայությունը Հայաստան տեղափոխված մի հայ երիտասարդ պատմեց, որը մի ժամանակ Իրանում ապրելով՝ ստիպված մասնակից է եղել Իրանա-Իրաքյան պատերազմին. «Ինձ որպես զինվոր տարան պատերազմ։ Շուրջ բոլորս մահմեդականներ էին, ու ինձ որպես քրիստոնյա դժվար էր նրանց հետ ծառայել, բայց ամեն օր առանձնանալով՝ թաքուն խաչակնքվելով աղոթք էի անում ու մեր Տեր Հիսուսին խնդրում, որ ինձ անփորձանք տուն վերադարձնի։ Մի անգամ, երբ գիշերային պահակազոր ծառայության ուղարկեցին, պոստում կանգնած ժամանակ, անկախ ինձանից սկսեցին չար եւ անհանգստացնող մտքեր այցելել։ Սկզբում բանի տեղ չդրեցի ու շարունակում էի տարածքը հսկել, բայց հետզհետե այդ մտքերը սկսեցին իշխել վրաս, ինքնասպանության մղելով։

ԳԱՂԹԱԿԱՆԻ ՍՆԴՈՒԿԸ

Չեմ հիշում, թե քանի տարեկան էի այն ժամանակ։ Միայն հիշում եմ, որ մարդկանց մեջ շատ բարություն կար և շատ մեծ սեր։ Մեր փոքրիկ բանավանի բնակիչներն էլ, ինչպես բոլոր գյուղերում ու ավաններում, ամեն երեկո հավաքվում էին մեկն ու մեկի տանը՝ լոտո խաղալու կամ հենց այնպես զրուցելու։ Եվ երբեք ոչ ոք չէր գանգատվում ժամանակի սղությունից ու ոչ մի տեղ չէին շտապում։ Ազգակցական կապ չունեցող մարդիկ հավաքվում էին ում տանը պատահեր ու կիսում էին այնքա՜ն դժվարությամբ ճարվող մի կտոր հացը կամ եգիպտացորենի շիլան։
Ահա այդ ժամանակ էր, որ Գևորգ հայրիկն ու Արշալույս մայրիկը հայտնվեցին մեր բանավանում։ Փոքրիկ բանավանի համար յուրաքանչյուր փոփոխություն մեծ նորություն էր, և յուրաքանչյուր գաղտնիք մեկ շաբաթից ավելի չէր մնում չբացահայտված։

ՓԱՌՔ ՔԵԶ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՈՐ ԳԻՏԵՍ ՀԵՐՈՍՆԵՐ ԾՆԵԼ

Պատերազմից առաջ ես նույնիսկ Արցախի տեղը չգիտեի։ Բայց ինձ ասացին, որ քո հայրենիքը, քո հայրենակիցները վտանգի մեջ են։ Որ ադրբեջանցիները խորհրդային իշխանության հետ դաշնակցած` հարձակվել են քո հողի ու քո հայրենակիցների վրա, փորձում են հայրենազրկել նրանց ու խլել Արցախը։ Ես զգացի իմ արյան թրթիռը։ Ինչ-որ քնած զգացում խլրտաց հոգուս մեջ. կուզես հայրենասիրություն ասա, ազգային արժանապատվություն, գենի կանչ… Երբ Վազգեն Սարգսյանը հեռուստացույցով ասաց, որ ամենավտանգավոր տարածքներում կռվելու համար մահապարտներ են հարկավոր, ես առանց տատանվելու գնացի ճակատ՝ կյանքի գնով փակելու թշնամու ճանապարհը։