Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#26 (942) 5.07.2012 – 11.07. 2012

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ԱՄՆ իշխանությունները տուգանել են ամերիկյան United Technologies Corp. (UTC) ընկերությանը 75 միլիոն դոլարով` Չինաստան ավիացիոն շարժիչների անօրինական մատակարարումների համար: Մասնավորապես, Չինաստանը շարժիչներ է ստացել Z-10 հարվածային ուղղաթիռների համար: Ներկայումս Չինաստանի նկատմամբ գործող պատժամիջոցները, որ մտցվել են 1989թ. Պեկինում բողոքի ցույց անցկացնող ուսանողների գնդակահարությունից հետո, արգելում են այդ երկրին մատակարարել ռազմական նշանակության ցանկացած արտադրանք: Ռազմական կամ երկակի նշանակության արտադրանք մատակարարելու անհրաժեշտության դեպքում ամերիկյան ընկերությունները պարտավոր են համապատասխան արտոնագիր ստանալ:

ԶԻՆԱՄԹԵՐՔԸ ԿՊԱՀՎԻ ԱՌԱՎԵԼ ԱՆՎՏԱՆԳ

Մոսկովյան մեքենաշինական փորձարարական գործարանը մշակել է տարբեր տիպի զինամթերքի պահպանման և տեղափոխման համար նախատեսված գերամուր չվառվող արկղեր: Դրանք պատրաստվում են պոլիմերային և կոմպոզիցիոն նյութերից: Արկղերի պատերը դիմանում են մինչև 15 րոպե տևողությամբ կրակի ուժգին ներգործությանը, անկախ արտաքին ջերմաստիճանի բարձրացումից տվյալ ժամանակահատվածում ջերմաստիճանը ներսում կայուն է մնում: Դրանք կարող են ընկնել 2 մետր բարձրությունից բետոնե ծածկույթի վրա` չվնասելով պարունակությունը:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՆՈՐ ՎԱՐԺԱՍԱՐՔԵՐ ԿՍՏԱՆԱ

Ռուսական զինված ուժերի մոտոհրաձգային ստորաբաժանումները կստանան մարտական գործողությունների մոդելավորման «Комбат» վիրտուալ վարժասարքեր: Առաջինը նման վարժասարք կստանա Մոսկվայի մերձակայքում տեղակայված 5-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը: Նոր վարժասարքը մի քանի սենյակի տարածք է զբաղեցնում, ունի ավտոմատացված աշխատանքային տեղեր և մոնիտորներ: Այն կարող է կրկնել ռազմական տեխնիկայի շարժման դինամիկան: