Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#29 (945) 26.07.2012 – 1.08.2012

ՀԵՐԹԱՓՈԽ

Առաջնագծում մարտական հերթապահություն են կատարում ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային գումարտակների զինծառայողները։ Վերջիններիս հերթափոխն իրականացվեց օրվա վերջին, երբ արդեն մութն ընկել էր, իսկ առավոտյան, նախաճաշից անմիջապես հետո սկսվեց ժամկետայինների հերթափոխի կազմակերպումը։ Շարային ստուգատեսի ժամանակ զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Ա. Կիրակոսյանը և անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ս. Խաչատրյանը, զինվորների առողջական, բարոյահոգեբանական վիճակն ստուգելուն զուգահեռ, ճշտեցին մեկնողների ցուցակները, մյուս պահանջվող փաստաթղթերը, այնուհետև ստորաբաժանումների հրամանատարների հետ՝ ուսապարկերի պարունակությունն ու զենք-զինամթերքը։

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. ՏԵՂԱՇԱՐԺ, ՏԵՂԱԿԱՅՈՒՄ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Գնդապետ Ա. Օհանյանի հրամանատարությամբ գործող զորամասը հաջողությամբ է սկսել նոր ուսումնական փուլը։ Մարտական հերթապահությունն իրականացվում է հավուր պատշաճի, ուսումնական գործընթացի մեկնարկային եռօրյա մարտավարաշարային պարապմունքների ժամանակ էլ մարտական տեխնիկան ամբողջությամբ և առանց որևէ խնդրի դուրս է բերվել կենտրոնացման շրջան։ Եվ ահա զորամասը հուլիսի 23-28-ը կիրականացնի մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի նպատակն է կատարելագործել հրամանատարական կազմի, շտաբի զինծառայողների, զորատեսակների և ծառայությունների պետերի, ստորաբաժանումների հրամանատարների ունակություները, ինչպես նաև ստուգել մարտական պատրաստականության ծրագրերի իրատեսությունը։

ԳԵՐԻՇԽՈՂԸ ՄԵՐ ԴԻՐՔԵՐՆ ԵՆ

Յուրաքանչյուր սերունդ իր կռիվն է ունենում։ Հորս սերունդը ֆաշիզմի դեմ էր կռվում։ Իմ սերնդի կռիվը հայոց Արցախ աշխարհի ազատագրության համար էր, ու մենք հաղթեցինք առանց կողմնակի օգնության, միմիայն մեր կամքի ու արյան գնով ու հիմա շարունակում ենք մեր հաղթական ձեռքբերումները պահպանել մեր որդիների օգնությամբ։ Ասում են՝ երբ եղբայրները կամ հայր ու որդի միասին են կռվում, նրանց հաղթելը անհնար է լինում։ Ես հավատում եմ մեր հաղթանակին, հավատում եմ, որովհետև, ինչ էլ լինի, ինչ էլ ասեն, մեր ժողովրդի արյամբ ստեղծված բանակը հենց եղբայրների, հայրերի և որդիների բանակն է, ու վստահ եմ, որ իմ թոռը ո՛չ իմ որդուց և ո՛չ էլ ինձնից հայրենիքի սահմանների մասին պատասխաններ չի պահանջի, որովհետև առանց հոգնելու մենք շարունակում ենք մեր կռիվը…

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ

Համեմատելով այս զորակոչին զորամասերը համալրած նորակոչիկների որակական հատկանիշները նախկինում նույն զորամասերի երիտասարդ համալրման տվյալների հետ՝ վստահորեն կարելի է ասել, որ ներկա զորակոչն էականորեն տարբերվում է բոլոր նախորդներից, այսինքն՝ որակական համամասնությունը բոլոր զորամասերի միջև պահպանվում է։ Հարցի վերաբերյալ իրենց գոհունակությունն են հայտնում նաև զորամասերի հրամանատարները, ուսումնական գումարտակների նորակոչիկների հետ աշխատող սպաները։ Զորամասում երիտասարդ զինվորների հետ տարվող աշխատանքները ղեկավարում է մայոր Կ. Սիմոնյանը։ Նա այս գործում բավական փորձառու է։ Նրան օգնում են մայոր Ա. Մելքոնյանը, ավագ լեյտենանտներ Ն. Հախվերդյանը, Ս. Ստեփանյանը և լեյտենանտ Վ. Փարվանյանը։

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

Հայոց բանակում հայազգի երիտասարդների կողքին բարեխղճորեն և նվիրված ծառայում են նաև այլազգի երիտասարդներ, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են Հայաստանում, դարձել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Եվ հայազգի իրենց հասակակիցների կողքին իրենց պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ։

ԼԻՆԵԼ ՕՐԻՆԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ

Ես կարծում եմ, հայրենիքին ծառայելու գաղափարն այնքան էլ ամուր չէ մեր հոգեբանության մեջ։ Հայրենիքին ծառայելը միայն զինվորական համազգեստ հագնելն ու հայրենիքի համար զոհվելը չէ։ Հայրենիքին ծառայելը նախ և առաջ օրինավոր քաղաքացի լինելն է։ …Երբ դու յուրաքանչյուր գործ կատարում ես բարեխղճորեն և ազնվաբար։ Ոչ ոք քարոզներով չի դաստիարակվում, այլ դաստիարակվում է իր շրջապատի օրինակով։ Ամեն մարդ պիտի հիշի, որ ինքը օրինակ է մեկ ուրիշի համար։ Ես ուզում եմ ապրել մի երկրում (իմ հայրենիքում), որտեղ օրենքի առաջ հավասար են բոլորը, որտեղ մարդը հարգված է՝ և՛ աղքատը, և՛ հարուստը, և՛ պաշտոնյան, և՛ սովորական աշխատողը։

ԻՄ ՈՐԴԻՆ՝ ԻՄ ՈՒԺԸ

Մենք՝ հայերս, զավակ դաստիարակելու լավ ավանդույթներ ունեք։ Մենք սիրում, խնամում, պաշտպանում ենք մեր զավակներին, պատասխանատու ենք մեր երեխաների վարքի, արարքների համար, որ տարիքում էլ նրանք լինեն։ Հայերիս պատկերացմամբ՝ լավ զավակը պետք է լինի ծնողասեր, մեծին հարգող, աշխատասեր, ազնիվ, խիզախ… Երևի մեր պատմությունից է եկել. մենք ցանկանում ենք արու զավակին հզոր տեսնել։ Մեր որդին մեր ուժն է։ Երևի մեր դարավոր անպաշտպանվածությունն է պատճառը, որ մենք երջանկանում ենք, երբ մեր զավակին հասցնում ենք բանակի տարիքի ու տեսնում ենք նրան զինվորական համազգեստով ու զենքով։ Մենք աչքալույս ենք տալիս ծնողին որդու զինվորանալու կապակցությամբ։