Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#42 (958) 25.10.2012 – 31.10.2012

ԲԵՐՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին Արցախի մայրաքաղաքը տոնեց իր անվանակոչության 89-րդ տարին և քաղաքի օրը: Տոնախմբությանը, բացի երկրի ղեկավարությունից, բնակիչներից, ներկա էին նաեւ հյուրեր տարբեր երկրներից և մայր հայրենիքից: Ստեփան Շահումյանի արձանի հարակից տարածքում արդեն երրորդ տարին է, ինչ տոնական հանդիսություններ են անցկացվում: Այս անգամ էլ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և այլ պետական այրեր ու հյուրեր ծաղիկներ դրեցին Ստեփան Շահումյանի արձանի պատվանդանին, դիտեցին տարեց և երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, ներկա եղան քաղաքի տարբեր վայրերում կայացած տոնական միջոցառումներին: Մայրաքաղաքի օրվան հաջորդեց բերքի տոնը:

ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉՈՎ

Լինել այնտեղ, որտեղ եղել էր ամուսինս՝ Ավետիս Օհանյանը, քայլել այն հողի վրայով, որի համար կյանքն անգամ չի խնայել, ինձ համար գերագույն նպատակ էր, որն իրականացնելու համար սպասել էի 20 երկար ու ձիգ տարիներ, ապրել մութ ու լուսավոր օրեր, հոգնած ու արցունքոտ պահեր։ Բախտի քմահաճույքին թողած ընտանիքս փշրվեց բյուրեղյա ծաղկամանի նման։ Մեծացան 3 արու զավակներս, դարձան հայոց բանակի զինվորներ, ծառայեցին իրենց հոր նման՝ հերոսի ոգին մինչ օրս սրտներում։ Նրանք էլ երազանք ունեն. կարոտ՝ հայրական կարոտ…

ՄԻ ԷՋ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ամրապնդման ու զարգացման համար հանրապետության սահմանների ընդարձակման խնդիրը ի սկզբանե ունեցել է ռազմավարական նշանակություն: Սակայն հարևան պետությունների և հատկապես Ադրբեջանի հետ շարունակվող մշտական բախումներն ու հանրապետության տարածքում բնակվող թուրք բնակչության պարբերաբար կրկնվող ելույթները դժվարին խոչընդոտների առաջ էին կանգնեցնում հանրապետության կառավարությանը: Դժվարագույնն ու անլուծելին Արցախն ու Զանգեզուրն էին, որոնց նկատմամբ Ադրբեջանի իշխանություններն ավելի ուժգնությամբ էին շարունակում դրսեւորել իրենց զավթողական ձգտումները:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՍԱԿԸ

Զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնը կազմավորվել է զորամասի կազմավորմանը զուգընթաց և վերջնականապես ձևավորվել 1993թ. փետրվարի 23-ին: Մինչև 1994թ. մայիսյան հրադադարն ընկած ժամանակահատվածում դիվիզիոնը ակտիվորեն մասնակցել է Գորիսի սահմանամերձ Շուռնուխ, Կոռնիձոր, Տեղ, Խնձորեսկ, Խնածախ, Խոզնավար, Հարթաշեն գյուղերի ինքնապաշտպանությանը, հայկական բնակավայրերի ազատագրական մարտերին:

ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ԹԱԳՆ ՈՒ ՈՐՈՏԱՆԻ ՀԱՌԱՉԸ

-Աղվանին պետք է կարդալ, հասկանալ։ Փիլիսոփայություն է, գրված է փոխաբերական իմաստով… Առաջին քննադատը ես էի։ Գրածը առաջինն ինձ էր տալիս, որ կարդամ։ Կարդում էի, քննադատում, մեկ-մեկ ծիծաղում, հոգու հետ խաղում։ Բարկանում, վերցնում էր գործերը.
-Չես հասկանում, որ հասկանաս, կտեսնես՝ ինչ ուժեղ գործեր են,- ասում էր ու բարկացած հեռանում։
Հետո իմացա, որ 16 տարեկանում բանաստեղծությունները տարել էր Երևան, ու երբ խմբագրությունում փորձել էին տողերը, բառերը «շտկել-փոխել»՝ չէր համաձայնել, վերցրել, հետ էր եկել։

Ի՞նչն է սրանից ավելի աղետալի. մինչ հայրը մեծ տառապանքով փող ու հարստություն է հավաքում, որպեսզի զավակը երջանիկ ապրի, զավակը վատնում է դրանք, որպեսզի թշվառ ապրի։ Եվ ի՞նչն է այս թշվառությունների պատճառը, եթե ոչ ծնողական անկարգ խնամքը. որովհետև հայրը ջանում է իր զավակին հարստացնել բազում գանձերով, բայց ոչ՝ մի փոքր գիտությամբ. կամենում է ժառանգորդ դարձնել ստացվածքների, բայց ոչ՝ առաքինությունների։

ԿԱՏՈՍԱՎԱՆՔ

Գնում ենք աշնանային անտառով. երկնաձիգ կաղնիների բացվածքներից մերթ-մերթ փայլում է արևը, դարձյալ ծածկվում: Քաշաթաղի մայր գետ Հակարիի միջին վտակ Հոչանցի աջակողմյան թեք լանջով ցած ենք իջնում՝ գտնելու մեր պապերի թողած ևս մեկ պատմաճարտարապետական կոթող Կատոսավանքը: Տարիներ առաջ նույն վանքին մոտեցել եմ գետի վերին մասից՝ Շրվական գյուղից դեպի ձորն իջնող ճանապարհով: Այս անգամ Արցախի հանրային հեռուստատեսության «Մեր երկիրը» հաղորդաշարի հեղինակ Լեռնիկ Հովհաննիսյանի և օպերատոր Բենիամին Ղարախանյանի հետ իջնում ենք պատմական Կատոս գյուղից հարավ ընկած անտառամիջյան ծառահատումների համար բացված ճանապարհով: