Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#43 (959) 1.11.2012 – 7.11.2012

ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐՈՎ

«Ձեր որդին՝ Գևորգ Գևորգյանը, հաղթահարելով բոլոր դժվարությունները, դարձավ «Փոքր Մհեր» կրթահամալիրի սան` ՀԱՅԿԱԶՈՒՆ: Հպարտացե՛ք նրանով: Հայտնե՛ք բոլորին, որ նրանք ևս հպարտանան Ձեր որդով, քանի որ նա այն սակավաթիվ անձանցից է, ով դպրոցական հասակից իրեն նվիրաբերել է հայրենիքին ծառայելու սուրբ գործին»:
Այսպես էր սկսվում նամակը, որ Գևորգի մայրը` Լուսինե Աղեկյանը, ստացավ կրթահամալիրից: Նամակն ընթերցելիս նա բազմիցս հուզվել էր, գուցե նաև թաքուն արտասվել, բայց և հպարտության ու հրճվանքի անթաքույց զգացում էր ապրել: Ուրեմն՝ ճիշտ է վարվել, երբ երկար քննարկումներից, ապագայի տարբեր ծրագրեր ծանրութեթև անելուց հետո ընդունել է որդու որոշումը` ընտրել ապագա զինվորականի ուղին:

ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 24-25-ը երկու տասնյակից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և անմիջական օժանդակությամբ, այցելեցին հանրապետության` արևելյան սահմանի մի հատվածի պահպանությունն իրականացնող զորամասերից մեկը։ Դեռևս ճանապարհին, իսկ ես առաջին անգամ էի լրագրողներից կազմված նման «ջոկատի» հետ այցելում սահմանային զորամաս, ինձ հաճելիորեն զարմացրեց հատկապես կին լրագրողների (որոնցից շատերը բանակային կյանքի մասին գրելու փորձառություն արդեն իսկ ունեին)` ժամ առաջ զորամաս հասնելու անթաքույց ձգտումը և զինվորների ու հրամանատարական կազմի հետ հանդիպելու սրտաբուխ ցանկությունը։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ը ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐՆ Է

Ձևավորված կարծիքի համաձայն՝ բանակի ամենամարտունակ ուժը հետախուզական զորամասերն ու ստորաբաժանումներն են։ Մեծ է վստահությունը նրանց նկատմամբ, և դժվար է պատկերացնել բանակն առանց հետախույզների և հետախուզական ստորաբաժանումների։ Հենց այդ պատճառով էլ մեր ազգային բանակում Հետախույզի օրը տոնական է ինչպես ԶՈՒ ԳՇ համանուն վարչության և ենթակա զորամասերի, այնպես էլ մյուս զորատեսակների՝ հատկապես հրաձգային ու մոտոհրաձգային զորամասերի, հետախուզական ստորաբաժանումների համար։ Անտարակույս, զորատեսակի առաջատարը գնդապետ Վ. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասն է, որը, կազմավորվելով Արցախյան ազատամարտի օրերին, իր ծանրակշիռ ներդրումն ունեցավ հայոց նոր պետականության ռազմարվեստի պատմության մեջ։

ՄԵԶ ՎՐԱ ԵՆՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՎԱԾԸ

Հոդվածը շատ հետաքրքիր ու կարևոր էր իր անկեղծությամբ, իրերն իրենց անուններով կոչելու՝ նախարարի պատրաստակամությամբ, պինդ, ոգևորիչ, հավասարակշիռ, հիմնավորված ինքնավստահությամբ ու լավատեսությամբ։ Ինքս հասարակական կազմակերպության նախագահ եմ և շատ բարձր եմ գնահատում պաշտպանության նախարարության ու բանակի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների կապն ու համագործակցությունը։ Լրագրողի հարցին, թե՝ արդարացվա՞ծ էր արդյոք զինադադարի մեջ գտնվող երկրի բանակը հասարակության առջև բացելու՝ նախարարի նախաձեռնությունը, վերջինս պատասխանեց, որ հասարակական կազմակերպությունների, լրագրողների միջոցով իրականացվող հասարակական վերահսկողությունը զգոնության լրացուցիչ խթան է և՛ սպայակազմի, և՛ զինվորների համար։

ԵՐԲ «ՍԱՀՄԱՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՄՏՆԻ ՄԵՐ ՏՆԵՐԸ

«Մեր ժամանակի հերոսը զինվորն է» հարցազրույցը կարդալիս շատ տպավորվեցի անձնական բնույթի հարցերին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պատասխաններից։ Բանակի մասին նախարարը շատ է խոսել և դեռ կխոսի։ Ինձ համար հայտնություն է Սեյրան Օհանյան մարդու, հայի կերպարը, մտածելակերպը։ Նրա յուրաքանչյուր միտքը խորհելու տեղիք էր տալիս։

ԷՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՄ

Մանկության տարիներին երկու մարդ էական ազդեցություն են ունեցել իմ հակումների ու կողմնորոշումների վրա՝ մեր ռազմագիտության ուսուցիչը՝ Ֆելիքս Գրիգորյանը, և հայրս (մեր ֆիզկուլտուրայի ուսուցիչը)։ Ռազմագիտությունն իմ ամենասիրած առարկան էր՝ շնորհիվ ուսուցչիս. նա կարողանում էր սեր արթնացնել զենքի, ակնածանք՝ զինվորականների հանդեպ։ Նա կարողանում էր իր աշակերտներին տոգորել հայրենասիրությամբ ու մարդկային առաքինություններով։ Եվ ես երազում էի ռազմագիտության ուսուցիչ դառնալ։ Պակաս հետաքրքիր չէին ֆիզկուլտուրայի դասերը։ Առողջ, ուժեղ, ամուր տղայի կերպարը ձգում էր ինձ, քանի որ մեր ուսուցիչը (հայրս) կարողանում էր իմաստավորել այն՝ իր ուժը հանուն բարության, արդարության, ազնվության օգտագործելու գաղափարով։

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿՐԱԿԱՅԻՆ ՎԱՀԱՆԸ

ՀՀ զինված ուժերը նշեցին մեր բանակի ամենահզոր կրակային ուժի և զորատեսակի՝ հրթիռահրետանային զորքերի տոնը՝ հոկտեմբերի 19-ը, և այսօր մենք արդեն նշում ենք նրա 20-ամյակը։
Հայոց բանակի հրետանին ստեղծվեց և ձևավորվեց ծանր և դժվարին պայմաններում։ Արցախյան պատերազմը արդեն սկսվել էր, և անհրաժեշտ էր շտապ ձևավորել ու մարտի դաշտ դուրս բերել առաջին հրետանային մարտկոցները։
Հայ հրետանավորները մարտի դաշտում ցուցաբերեցին արիություն, խիզախություն և տոկունություն, նրանց դիպուկ կրակից թշնամին կրեց մարդկային ուժի և զրահատեխնիկայի զգալի կորուստներ։