#47 (963) 2911.2012 – 5.12.2012
Ազգային բանակում սկսվեց տարեվերջյան ամփոփիչ քննաշրջանը։ Զորամասի մարտական պատրաստության աստիճանը ճշտում են պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի, զորամիավորումների ու զորամասերի հանձնաժողովները։ Հետադարձ հայացք նետելով 2012թ. ուսումնական գործընթացի, անցկացված զորավարժությունների և մարզումների վրա, կարելի է վստահաբար ասել, որ անցնող տարին զորքերի մարտունակության ամրապնդման առումով բավական արդյունավետ է։ Դեռ վաղ գարնանից բոլոր զորամասերն անցկացրին ծրագրով նախատեսված դաշտային պարապմունքներն ու զորավարժությունները։ Այդուհետև սկսվեց ՀԱՊԿ անդամ երկրների արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժության նախապատրաստությունն ու անցկացումը պաշտպանության նախարարության համազորային զորավարժարանում։
Նոյեմբերի 21-ին Ստեփանավանի տարածքային զինկոմիսարիատում մեկ անգամ ևս բժշկական զննում անցան այն զինակոչիկները, որոնք զինվորական ծառայության էին մեկնելու: Զորակոչային հանձնաժողովի բժիշկ-մասնագետները, մանրազնին հետազոտելով ամեն մի զինակոչիկի, հավաստիացրին, որ բոլոր զինակոչիկները ֆիզիկապես առողջ են և պատրաստ են մեկնելու ՀՀ զինված ուժեր` ծառայության:
Կոտայքի տարածքային զինկոմիսարիատում հերթական զորակոչն էր։ Առավոտյան ժամը ինն էլ չկար, բայց արդեն ներկայացել էին բոլոր զինակոչիկները։ Աշխատանքները ղեկավարում էր զորակոչային բաժանմունքի պետի պաշտոնակատար կապիտան Սերյոժա Մաթևոսյանը։ Կապիտանին օգնում էր զինկոմի նախկին տեղակալ, փոխգնդապետ Պողոս Մեղրյանը։
Նոյեմբերի 27-ին Գրողների միության մեծ դահլիճում տեղի ունեցավ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված Ասպրամ Ծառուկյանի «Միայն թե դու ապրես…» երկհատորյակի շնորհանդեսը, որին մասնակցում էին Արցախյան ազատամարտի մասնակիցներ, զոհված ազատամարտիկների մայրեր, գրողներ, լրագրողներ, զինվորականներ, հասարակական գործիչներ:
Բարձրանում է մի սերունդ, որը թոթափում է ստրուկի հոգեբանությունը և փորձում է իր երկիրն իրենը համարել։ Բարձրանում է մի սերունդ, որի ավագները (սերնդեսերունդ) պետություն ու պետականություն չեն ունեցել ու չեն սիրել պետությունը, որովհետև այն իրենցը չի եղել։ Բարձրանում է մի սերունդ ավագների խեղված մտածողության և երկրին տեր լինելու սեփական գիտակցության արանքում։ Մենք պիտի կարողանանք օգնել այս սերնդին…
Ադրբեջանական նավթի մասին առասպելը աստիճանաբար հօդս է ցնդում: «Նավթային երկիր» հորջորջվող Ադրբեջանում շուտով ընդհանրապես նավթ չի լինելու: Նավթային թափոնները որպես նավթ ներկայացնելը այս երկրի «քաղաքականության» հիմնաքարն է: Հենց այդ խաբեության վրա կառուցվեց Բաքու-Ջեյհան նավթամուղը ու, դա վերջն էր` Արևմուտքը, մի անգամ խաբվելով, այլևս չի խաբվի:
Ադրբեջանական ներկայիս քաղաքականության (Արևմուտքի աչքին թոզ փչելու) նոր խաբկանքը Ղազախստանից նավթ, իսկ Թուրքմենստանից եղբայրաբար էժան գազ գնելն ու իր «կայացած նավթագազամուղով» Արևմուտքին թանկ գնով վաճառելն է` խոշոր շահույթի ակնկալիքով: Այնինչ Ադրբեջանը իր ջայլամային քաղաքականությամբ չի ուզում տեսնել, որ Ռուսաստանը արդեն իսկ Թուրքմենստանի գազը իր տարածք է տեղափոխում Կասպից ծովի մյուս ափով:
Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի հետ: Հանդիպումից հետո ռուսական լրատվամիջոցները, մասնավորապես` «Ռոսբալտ» գործակալությունը, հաղորդեցին, որ Չեչնիայի հանրապետության նախագահի` Բաքու կատարած այցի հիմնական նպատակը Աբխազիայի երկաթգծի վերագործարկման արդյունքում Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման առնչությամբ Ռուսաստանի դիրքորոշումը Ադրբեջանին ներկայացնելն էր: Տեղեկության աղբյուրը քաղաքագետ Ռիզվան Հուսեյնովն է: Ադրբեջանցի քաղաքագետի խոսքով, Կադիրովը Կրեմլից «մեսիջներ» է տարել, որոնք վերաբերում են վրաց-ռուսական հարաբերություններում ի հայտ եկած որոշ տեղաշարժերի: