#03 (970) 24.01.2013 – 30.01.2013
ՀՀ զինված ուժերում նախորդ տարի արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում: Հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նա նշեց, որ 2012թ. արձանագրվել է զինվորական ծառայությունն անցնելու հետ կապված մահվան ելքով 29 հանցագործություն, որից 9-ը` հակառակորդի արձակած գնդակից: «Զինված ուժերում հանցագործությունների նվազումը ոչ միայն դրանց կանխարգելման, այլև ռիսկերի նվազեցմանն ուղղված մեր գործողությունների արդյունք է»,- նշեց Կոստանյանը:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2012 թվականի աշնանային զորակոչի ընթացքում տարածել էր հաղորդագրություն, որով ՀՀ քաղաքացիներին կոչ էր անում զերծ մնալ զինծառայությունից խուսափելու կամ իրենց բնակավայրին մոտ զորամասերում ծառայելու գայթակղիչ, բայց հանցավոր գործարքներից, քանզի դրանք միանշանակորեն դատապարտված են ձախողման: Այդուհանդերձ, եղել են որոշ քաղաքացիներ ու քրեածին տարրեր, որոնք լուրջ չեն ընդունել հաղորդագրությունը և դիմել են խարդախության ու կաշառակերության:
Գիշերային ութժամյա ճամփորդության նպատակակետը գնդապետ Կ.Իշխանյանի հրամանատարությամբ գործող զորամասն էր, որտեղ հունվարի 19-ին երդման հանդիսավոր արարողություն էր: Նորակոչիկների ծնողների, հարազատների ու բարեկամների ստվար բազմությունը վկայում էր, որ հայ մարդը պատրաստ է հարյուրավոր կիլոմետրեր կտրելու, որպեսզի ներկա լինի իր որդու՝ զինվոր դառնալու հանդիսավոր ուխտին:
Սահմանամերձ զորամասերից մեկում հունվարի 12-ը հանդիսավոր օր էր: Այդ օրը հայրենիքին անմնացորդ նվիրվելու երդում տվեցին հարյուրից ավելի նորակոչիկներ: Նրանց երդման արարողության վկաներն էին ինչպես զորամասի սպայական և զինվորական ողջ կազմը, այնպես էլ նորակոչիկների հարազատները: Երդման հանդիսավոր կարգը ղեկավարում էր անձամբ զորամասի հրամանատար, գնդապետ Առստամյանը: Թեեւ նորակոչիկներից շատերը հազիվ մեկ ամիս է, ինչ զինվորական համազգեստ էին կրում, բայցեւ ակնհայտ էր, որ հասցրել էին վարժվել զինվորական կարգուկանոնին: Այդ մասին էին վկայում նրանց բոլոր գործողությունները արարողության ողջ ընթացքում:
Որդիս՝ Մամիկոն Վարդանյանը, 2012թ. նոյեմբերին մեկնեց զինվորական ծառայության։ Դեկտեմբերի 22-ին առիթ ունեցա ներկա գտնվելու որդուս զինվորական երդման արարողությանը։ Չեմ կարող նկարագրել հուզմունքս ու հիացմունքս՝ տեսնելով մեր զինվոր որդիների հպարտ ու արժանապատիվ կեցվածքը։ Ավելորդ է նշել մայրական անհանգստությանս, մտահոգությանս մասին։ Բայց ամեն ինչ սեփական աչքերով տեսնելուց հետո հասկացա, որ մեր որդիները շատ հուսալի և հոգատար ձեռքերում են։
Գրեթե երկու ամիս է, ինչ ընկերս՝ Արման Ավանեսյանը, ծառայում է հայոց բանակում։ Մեր ընկերությունը սկսվել է շատ վաղուց՝ փոքր տարիքից։ Առաջին դասարանից սովորում էինք միասին և ընկերություն անում։ Եվ դարձանք գրեթե եղբայրներ։ Հիմա ընկերս զինվոր է և սրբորեն է կատարում հայրենիքի հանդեպ իր պարտքը։ Հունվարի 12-ին երդման արարողություն էր։ Այցելեցի ընկերոջս զորամաս։ Շատ էի ուզում նրան տեսնել զինվորական համազգեստով։ Ճանապարհին մտորում էի մեր այս ընկերության մասին։ Հիշեցի, թե ինչպես Արմանը ամիսներ առաջ առաջարկեց եկեղեցում մկրտել ինձ և դառնալ իմ կնքահայրը։ Հաճույքով ընդունեցի այդ առաջարկը։ Այդ սուրբ արարողությունն է՛լ ավելի մտերմացրեց մեզ և բարեկամացրեց մեր ընտանիքները։
Երբ ուսումնական հրետանային գնդի հրամանատարությունը կրտսեր սերժանտ Վաղինակ Ոսկանյանին ներկայացրեց որպես լավագույն կրտսեր հրամանատարի և իմիջիայլոց ավելացրեց. «Բանակում» սերիալում էլ խաղացել է», ես անմիջապես հիշեցի գրող ընկերոջս խոսքերը. «Տասը հատ գիրք գրես, նույնիսկ մրցանակի արժանանաս, ոչ ոք տեղդ չի իմանա, բայց հենց հեռուստացույցի մի անկյունում քիթդ երևա, անմիջապես դառնում ես հեռուստատեսային աստղ, և ով տեսնում է, հարցնում է՝ էդ ի՞նչ բանի էիր…»։ Եվ քանի որ ես էլ եմ ընկերոջս նման մտածում, մանավանդ վաղուց ձևավորված կարծիք ունեմ հայրենական հեռուստատեսային սերիալների, մանավանդ նրանց բերած «մշակույթի», ասելիքի, դերասանական կազմի մասին, անկեղծ ասած, կանխակալության որոշակի զգացումով ծանոթացա կրտսեր սերժանտ՝ սերիալի դերասանի հետ…